Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 24,2020 22:31
adrbejan

«Առավոտից նորից սկսվել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի Հարավ եւ Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների եւ բնակավայրերի հարակից տարածքներում այսօր եւս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռեւս շարունակվում են»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում:

Նրա խոսքով. «Հարավային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ: Մի քանի անգամ նման փորձերը կանխվել են, հետ են շպրտվել, որոշ տեղերում հակառակորդն ունեցել է նահանջ, խոցվել է մի քանի միավոր զրահատեխնիկա: Տեսել եք այն հայտնի տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանական զինված ուժերի մի ստորաբաժանում մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել եւ փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը: Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»:

Արծրուն Հովհաննիսյանն ինտերակտիվ ձեւով ներկայացրեց խոստացած քարտեզը եւ նշեց այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու-երեք օրերի ընթացքում ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Ցույց տվեց նաեւ այն բնակավայրերը, որտեղից Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր եւ հետ էին մղվել: Պն ներկայացուցիչը քարտեզի վրա ցույց տվեց նաեւ այն ուղղությունները, որտեղ շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները, հարավում եւ հյուսիսում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածներն էլ ցուցադրվեցին:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քարտեզը փոփոխական է, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ՝ դրանք արագ են փոփոխվում. «Շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզադիվերսիոն խումբ կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ՝ թեթեւ տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ: Դա անմիջապես Ադրբեջանի զինված ուժերի կողմից կարող է ներկայացվել որպես հաղթանակ, հաջողություն, եւ հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ շպրտվի: Եվ հակառակը՝ կարող են այդ ուղղությամբ նահանջել, եւ մի քանի ժամ հետո կրկին փորձել հակահարձակում իրականացնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031