Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:
Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»:
Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից կերպով ներկայացրեց սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարարը Ջոն Հերբսթի և առցանց ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են և նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը:
ԱԳ նախարարը բարձր գնահատեց համանախագահ երկրների միասնականությունը՝ նշելով. «Թերևս միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ շատ կարևոր միասնականությունը հրադադարի հաստատամանը հասնելու համանախագահ երկրների ձգտումն է, որ կարող է վերջ դնել այն աղետին, որը սպառնում է Արցախի մեր հայրենակիցների գոյության և ապրելու իրավունքին»:
Պատասխանելով հաղորդավարի՝ Թուրքիայի դերակատարությանն առնչվող հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արտահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում»:
Ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝
ՀՀ ԱԳՆ