Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց կռվողներն են պարտադրում, որ խաղանք․ թիկունքն իրավունք չունի կոտրվելու»․ Վարդան Պետրոսյան

Հոկտեմբեր 24,2020 18:30

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 7 ամսվա երկարատև ընդմիջումից հետո երեկ բացեց դռները։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ հայ ազգը հարատև է, երբեք չի դադարելու ապրել. ստեղծագործում, արարում է անգամ ծանր օրերին։

Հանդիսատեսին ներկայացվեց Վարդան Պետրոսյանի «Վերելքը», որը պատերազմի օրերին որոշակի սյուժետային փոփոխության էր ենթարկվել և որի գլխավոր ուղերձն այն է, որ թշնամին մեկ դար անց էլ չի փոխվել, միշտ պատրաստ է ցեղասպանություն իրագործելու, աշխարհն էլ նույն անտարբերն, իսկ հայ ազգը հարատև է, նրա գլխին են խփում՝ նա պարում է, երգում է, արարում է, հաղթում է․․․

«Չեն կարող մեզ ոչնչացել, չե՛ն կարող ու չե՛նք թողնելու»,-այս խոսքով ավարտվեց ներկայացումը։

Վարդան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Շատ-շատ դժվար է այս պահին ներկայացում բեմադրելը և խաղալը, շատ, երևի ֆիլմերից տեսած կլինեք, հիշում եք՝ թիկունքում աշխատող մարդիկ ասում են՝ ուզում ենք ճակատ գնալ, ուզում ենք ճակատ գնալ և նրանց ասում են՝ մնացեք, որովհետև դուք թիկունքում եք պետք։ Հենց իրենք՝ կռվողներն են ասում՝ մենք ուզում ենք, որ դուք խաղաք, որովհետև մենք հանգիստ ենք, որ թիկունքում մեր կանայք, մեր մայրերը, մեր երեխաները կանոնակարգված, լավ կյանքով են ապրում, թատրոն են գալիս։ Խաղացե՛ք, մանավանդ «Վերելքը»։

Տաղանդավոր դերասանն ասում է, որ ինքը մտադրված էր այլ ներկայացում պատրաստել, սակայն ժամանակները փոխվեցին, պատերազմ սկսվեց ու «Վերելքն» էլ փոփոխության ենթարկվեց։

«Թիկունքը և ռազմաճակատը՝ առաջնագիծը, պետք է համագործակցեն և ապրեն կանոնակարգված, մեր հաղթանակը դա է պահանջում, չտրվել էմոցիաներին՝ զգացումներին, ուղղակի կատարել հրահանգներ։ Տեսեք մի պահ կար, նախարարությունից հրահանգեցին դադարեցնել փորձերը, որովհետև սկիզբն էր, դժվար էր պատկերացնել, որ կարելի է ներկայացումը խաղալ։

Ես հիշում եմ 90-ական թվականներին, կարծեմ 91-ն էր, շատ ծանր ժամանակահատված էր հայերիս համար, ամեն օր ճակատից ֆիդայիններ էին բերում և բերում էին Օպերայի հրապարակ, հուղարկավորում էին այնտեղից, տանում էին Եռաբլուր։ Այդ ժամանակ մենք «Ոզնիներով» դադարեցրեցինք ելույթները, որովհետև ի վիճակի չէինք։ Մեր ներկայացումները երգիծական էին և երգիծանքն ուղղված էր իշխանություններին։ Այդպես էր, քաղաքական երգիծանք։ Այն պահին, երբ իշխանության և ժողովրդի միասնության մեջ է հաղթանակի գրավականը, ինչպե՞ս դու ծաղրես քո իշխանությանը, դա բացառված էր, օրինակ՝ դրամատիկական թատրոնների համար հեշտ էր, նրանք ունեին դրամատիկական ներկայացումներ, մենք չունեինք։

Այդ տիպի ներկայացումներ այսօր շատ դժվար է խաղալ, մեր ներկայացումը երգիծական չէ, մենք տեսնում ենք կոմիտասյան պատկերները, տեսնում ենք Արևմտյան Հայաստանի գյուղերը, սիրուն զգեստները։ Մարդկանց մեջ սեր ու գորովանք է արթնանում, սրտի թրթիռ դեպի մեր պատմական անցյալը, Արևմտյան Հայաստանի զգեստը, ընտանիքը, օջախը։ Նկատեցիք ինչքան գորովանք ու սեր կա, Կոմիտասի հանճարը ինչպիսին է, ինչ ուժեղ է, նրա հոգու ուժը և մեր ժողովրդի ուժը և մեր այսօրվա բեմադրությունը։

Մեր փորքիկ բազեները, արծիվները, որ այսօր դիմադրում են հերոսի պես։ Ախր չէ՞ որ այս մասին մեկը պետք է խոսվի և ոչ միայն խոսվի սոցցանցերում։ Սոցցանցերն այսօր մի քիչ բարդ բաներ են, սոցցանցը շատ անձնական է, այդ ցանցի, խճճվածության մեջ մարդիկ կարող է չկողմնորոշվեն, երբեմն ընդհառակը սխալ են կողմնորոշվում, բայց ներկայացումը, հակառակը, մարդուն տալիս է մեծ, կարևոր զգացումներ ծիծաղի, տառապանքի, բայց ամենակարևորը հերոսականության, ոտքի վրա միշտ ամուր մնալու։ Սա շատ կարևոր է, դրա համար մենք որոշեցինք անպայման խաղալ»։

Դերասանը պատմեց, թե ինչքան դժվար էին անցնում փորձերը․ դերասաններից շատերը ռազմաճակատում կռվող հարազատներ ունեն․ զոհված անձինք ունեն։

«Շատ դժվար էին փորձերը, դերասանները և թատերախումբն ունեին զոհվածներ ու պատկերացրեք այդքանից հետո իրենք փորձերին մասնակցել են, իրենք փորձում էին ամբողջ թափով։ Պատկերացրեք ներկայացման ժամանակ, փորձի ժամանակ, ինչ ասեմ այս անտեր հեռախոսներն էս ինչ փորձանք են, առաջ՝ հին պատերազմների ժամանակ այդպես չէր, հիմա հեռախոսը ձեռքիդ դու ամեն վայրկյան սպասում ես լուրերի։

Պատկերացրու ներկայացման, փորձերի ժամանակ լուր է գալիս, որ քո սիրելին, քո ամուսինը այդ զորամասում է, հենց նոր ռմբակոծեցին, ինչ է կատարվում․․․ Եվ այդքանից հետո ուժ պիտի գտնես, շարունակես փորձ անելու, որ հասցնես հաղթական ավարտին, որ հանդիսատեսը գա, նրան ընդունես և ասես, ինչ որ ունես ասելու՝ հանուն փոքրիկ Կոմիտասի, որ մեր փոքրիկ Կոմիտասը ապրի, արարի ու իր հանճարը տա մարդկանց։ Մենք ոչ թե իրավունք չունենք պարտվելու, թիկունքն իրավունք չունի խոնարհվելու, կոտրվելու, որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է։ Նա գիտի, նա զգում է, նկատե՞լ եք՝ ինչքան են ասում պինդ մնացեք, մի պառակտվեք, մի վիճեք, մենք այստեղ պինդ ենք ու ձեզնով ենք պինդ, և մենք էլ նրանցով ենք պինդ»։

Վարդան Պետրոսյանն ասաց, որ չգիտի ինչքան «կապրի» ներկայացումը, քանի որ անհրաժեշտության դեպքում կդադարեցնեն ներկայացումները և կգնան ռազմաճակատ, բայց առայժմ պիտի ոգի տան հայ մարդուն, օգնեն ողնաշարն ամրացնելու, ապրելու, կանգնած մնալու ուժ տան, հայրենասիրական զգացումներ ու հավատ ներշնչեն, որ անպայման հաղթելու ենք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031