Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության ճանաչումն անկախ պետությունների միջազգային հանրության կողմից կարող է դառնալ լուծում․ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին

Հոկտեմբեր 24,2020 17:50

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին.

– Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում հրադադարի ռեժիմի պահպանման երկու որոշում է հաստատվել և երկուսն էլ խախտվել են: Երկուսն էլ ընդունվել են մարդասիրական նկատառումներով: Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին առաջին հրադադարի ռեժիմի խախտման համար, երկրորդի դեպքում` նույնպես: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակ Աբդուլլաևը հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմի խոստումը՝ նշելով, որ իր երկրի նպատակն է ազատագրել ամբողջ Ղարաբաղի շրջանը հայերից: Խնդրում եմ մեկնաբանեք:

– Ինչպես գիտեք, հոկտեմբերի 10-ին իրենց ռուս գործընկեր պարոն Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին համատեղ հայտարարությունով` հումանիտար հրադադարի հաստատման հանձնառությամբ: Սակայն այն ուժի մեջ մտավ ադրբեջանական կողմից սանձազերծված ծանր մարտերի և խաղաղ բնակիչների, հայկական գյուղերի և քաղաքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հրետակոծման խորապատկերին: Հումանիտար հրադադար հաստատելու նպատակն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրել տեղահանել և փոխանակել ռազմաճակատում ընկած հարյուրավոր դիակներ: Սակայն Ադրբեջանը հայտարարությունից տառացիորեն րոպեներ անց կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը և ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը:

Սա ցավալի փաստ է, քանի որ այդ խախտումները ոչ միայն ուղեկցվում են ռմբակոծություններով, հրետակոծություններով, սպանություններով, և ավելի շատ մարդկային կյանքեր են խլում Արցախի և Ադրբեջանի միջև ձևավորված առաջնագծում, այլև ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են կորցնում իրենց կյանքն այս հակամարտությունում:

Նույն պատկերն էր նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ իրականացված երկրորդ հումանիտար զինադադարի ժամանակ: Ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը հաստատվելուց հետո հայկական կողմը լիովին պատրաստ էր քննարկել անհրաժեշտ գործողությունները, սակայն Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը: Սա կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձում եք հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է ձեռք բերվում պայմանավորվածություն, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմն սկսեց այս պատերազմը, և նրանք դեռևս չեն ավարտել իրենց այսպես ասած «առաքելությունը», ըստ որի, ինչպես Դուք նշեցիք, նրանք ցանկանում են «ազատել» կամ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկական զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս անմարդկային ագրեսիայի վերջնան նպատակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: Սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել անմեղ ժողովրդի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը և ցանկանում է շարունակել այն:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում: Նախագահ Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Բայց այս դեպքում ի՞նչ տեղ է գրավում Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի քաղաքական հաշվարկներում: Պարոն նախագահ, էլ ո՞վ է սատարում Հայաստանին:

– Այո, նախագահ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած իր ցանկացած պայմանագիր, և դա միանգամայն հստակ ուղերձ է: Կարծում եմ, որ դա կարևոր է Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքականության համար՝ ընդհանուր առմամբ Կովկասում և, մասնավորապես, Հարավային Կովկասում, որը դարպաս է դեպի Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա: Մեր երկու ժողովուրդների միջև կան քաղաքական և ռազմական պայմանագրեր և համաձայնագրեր, և Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ է: Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին՝ որպես ռազմավարական դաշնակից, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա:

Մեր դաշնակցային հարաբերություններին չենք կարող գնահատականներ տալ` հենվելով միայն այսօրվա քաղաքականության մակարդակից, տեղի ունեցող զարգացումներից, խմբերի և որոշ կողմերի հայտարարություններից, մոտեցումներից կամ որոշումներից և հնչած կարծիքների հաճախականությունից: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները եղել են, կան և, վստահ եմ, շատ ավելի խորը կլինեն՝ անկախ մակերեսին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Մենք մեր բարեկամությունն ու գործընկերությունը կառուցում ենք մեր ժողովուրդների միջև առկա ուժեղ փոխվստահության վրա, որն ունի դարերի պատմություն:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ռուսաստանը հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ է: Ռուսաստանի դերակատարությունն այստեղ շատ կարևոր է, և հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում նա ցույց տվեց իր հանձնառությունը՝ հոկտեմբերի 10-ին կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու համար հանդես գալով որպես միջնորդ: Պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած՝ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ իր ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Պետք է նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ևս՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, շարունակում են հակամարտության կողմերին ուղղորդել դեպի խաղաղ լուծում: Այս պահին ամերիկյան վարչակազմը զբաղված է նախագահական ընտրություններով, մինչդեռ Եվրոպան ներկայացնող նախագահ Մակրոնը շատ ակտիվ ներգրավված է: Եվ միայն մեկ բան կարող եմ ասել և դա շնորհակալությունն է նախագահ Մակրոնին նաև հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադար հաստատելու գործում իր ակտիվ դերակատարության համար, որը խախտվեց ադրբեջանական կողմից:

Ինչ վերաբերում է, թե ով է աջակցում Հայաստանին, նրանք շատ են: Եվ խոսքն այստեղ մաթեմատիկայի կամ թվերի մասին չէ: Տարբեր կերպ և տարբեր մակարդակներով մի շարք երկրներ աջակցում են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին` միջազգային իսլամիստական ահաբեկչության, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի և կործանարար գործելաոճի դեմ մեր դժվարին պայքարում, որոնք «չարիքի տանդեմ» են կազմել մեր դեմ: Սա պատմության մութ կողմում չլինելու մասին է: Հիմա և այստեղ՝ Արցախում և Հայաստանում, մեր քաջարի զինվորները, կին և տղամարդ կամավորները, մեր բարեկամների բազմամիլիոն բանակն ամբողջ աշխարհում նոր պատմություն են կերտում՝ կասեցնելով Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիան և Թուրքիայի ամոթալի գործողությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին՝ անմեղ խաղաղ բնակիչներին սպանելու և ջիհադիստ վարձկաններին այս տարածաշրջան բերելու հարցում:

Աշխարհում մեծ դերակատարում ունեցողները և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մյուս բոլոր բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն և հանդես գան այս տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու օգտին՝ Թուրքիայի չարամիտ հավակնությունները և Ադրբեջանի չարորակ գործելաոճը սանձելու համար:

– Հրադադարի մասին որոշումը կայացվել է հիմնականում հումանիտար նկատառումներով՝ երկու կողմերի զոհերի մարմինների և ռազմագերիների փոխանակման նպատակով: Որքանո՞վ այդ գործընթացը հնարավոր եղավ իրականացնել:

– Ինչպես արդեն նշեցի, և Դուք իրավացի եք, հրադադարի հիմնական դրդապատճառը մարդկային և հումանիտար կողմն էր, այն է՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև խնդրի խաղաղ կարգավորման համար որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսելը: Փոխարենը մենք ականատես եղանք ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների այն պատճառաբանությամբ, որոնց մասին արդեն նշել եմ: Ադրբեջանը, Թուրքիայի կողմից ռազմական և քաղաքական աջակցություն ստանալով, դարձել է հանցավոր վարձկաններ և արմատական ահաբեկիչներ ներմուծող երկիր, որոնք ժամանել են անմեղ մարդկանց սպանելու նպատակով:

Այդ երկիրն իր զինվորներին և նույնիսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես թիրախ և «թնդանոթի միս»: Ջիհադիստների ու ադրբեջանական զինված ուժերի այս վտանգավոր միաձուլումը, որը կարծես քիչ է հետաքրքրում նախագահ Ալիևին, ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում հետ ստանալ իր զինվորների և սիրիացի զինյալների դիակները: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հեշտությամբ խախտում է. Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և, միևնույն ժամանակ, իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ: Այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ:

– Ինչո՞վ է այս պատերազմը տարբերվում 2016-ի ապրիլյան քառօրյա և նաև 1990-ականների պատերազմից, որը խլեց 30,000 մարդու կյանք:

– Պատերազմը պատերազմ է: Պատերազմը, հատկապես, երբ հարձակվող ադրբեջանական կողմը քաղաքացիական բնակչության դեմ սկսում է օգտագործել բոլոր տեսակի, այդ թվում և` արգելված զինատեսակներ, տառապանքների, կորուստների և մարդկային ողբերգությունների մասին է` լինի դա 90-ականներին, 2000-ականներին, 2016-ին, թե 2020-ին: Պատերազմը կամ բիրտ ուժի կիրառումը երբեք լուծում չէ: Հակառակը՝ այն ավելի շատ բռնություններ և փակուղային իրավիճակ է ստեղծում, և փաստորեն, ադրբեջանական կողմը ի վիճակի չեղավ հասկանալ և ընդունել այդ իրողությունը 80-ականների վերջին և հիմա էլ փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել` օգտագործելով հայերի էթնիկական զտման և բնաջնջման քաղաքականությունը:

Նրանք պատերազմ էին ուզում, ստացան պատերազմ: Նրանք ցանկանում էին և այսօր էլ շարունակում են սպանել հայ ժողովրդին, այն ժամանակ ստացան և այսօր էլ կստանան իրենց պատիժը: Առաջին իսկ օրվանից, երբ տեղական և միջազգային բոլոր կանոնների և օրենքների համաձայն` Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեցին, Ադրբեջանը չդադարեց սպառնալ հայ ժողովրդին` նոր պատերազմ և տառապանքներ հրահրելով:

Ադրբեջանական կողմը երբեք չի ընդունել որևէ այլ լուծում, բացի ուժի կիրառումից և անմեղ մարդկանց սպանությունից: Եվ հիմա էլ, ավելի հեռու է գնացել և սկսել է ներգրավել վարձկան մարդասպաններ և ջիհադիստներ՝ ավելի շատ հայ սպանելու, ինչպես նաև սեփական ժողովրդին ավելի շատ տառապանքներ պատճառելու համար: Սա է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության դեմքը: Մինչդեռ Թուրքիան, որը տարիներ առաջ հայտարարում էր իր հավատարմությունը մարդկային արժեքներին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին, և անգամ ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը, և, ի դեպ, Հայաստանի որոշ շրջանակներ լավատես էին այդ հնարավոր անդամակցության վերաբերյալ, այսօր յուղ է լցնում հակամարտության կրակի վրա՝ Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը մեղմացնելու փոխարեն: Սա անընդունելի է:

Հակամարտության տարբեր փուլերի հետ համեմատած՝ այսօրվա հիմնական տարբերությունն այն է, որ 2020-ին, համաճարակի հետ կապված այս բարդ պայմաններում, Թուրքիայի ռազմական և քաղաքական ուղղակի ներգրավվածությունն ապացուցված փաստ է, և մեկ այլ ապացուցված փաստ է` իսլամիստ արմատականների ակտիվ ռազմական մասնակցությունը, որոնց ներկայությունը կարող է հրդեհել ամբողջ տարածաշրջանը և անդին:

– Թուրքիան, որը Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է Ձեր երկրի դեմ պատերազմում, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կրոնական է: Պարոն նախագահ, որքանո՞վ է իրատեսական այս պնդումը:

– Թուրքիան կարող է նույնիսկ պնդել, որ իրենք ժողովրդավար են, և որ Թուրքիան հազարավոր քաղբանտարկյալների երկիր չէ: Նրանք կարող են նաև պնդել, որ խառնակչություններ չեն առաջացրել Սիրիայում, Լիբիայում, Իրաքում կամ այլուր, և որ քաղաքակիրթ աշխարհի մաս են կազմում: Նրանք կարող են պնդել ինչ ուզում են. ո՞ւմ է հետաքրքիր: Միայն պնդելը բավարար չէ հիմնավոր դատողություններ անելու համար: Թուրքիայի գործողությունները խոսում են իրենց փոխարեն, և ինչ-որ բան պնդելը պետք է հիմնված լինի ապացույցների վրա, և ասել, որ այս հակամարտության մեջ կա կրոնական տարր նույնն է, ինչ ոչինչ չասել: Հայերը երբեք որևէ տհաճություն կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել այլ կրոնների նկատմամբ:

Կրոնական գործոնն այս հակամարտության հենց ամենասկզբից էլ բացառված է եղել: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք են տածում բոլոր կրոնների և դավանանքների նկատմամբ, և մենք հստակորեն ցույց ենք տվել մեր նվիրվածությունը մարդկային արժեքներին, որոնց թվում են հանդուրժողականությունն ու մյուս կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ հարգանքը: Ես չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն ունենա այլ կրոնի ներկայացուցիչների հանդեպ: Եվ ինչո՞ւ պետք է ունենանք: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների և անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կույր կրոնական այնպիսի մոլեռանդ, ինչպիսին որ տեսնում ենք ադրբեջանական կողմից մեր դեմ պատերազմողներից շատերի շարքերում: Սակայն դուք միշտ կգտնեք այնպիսիններին, ովքեր կցանկանան բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ, և նաև կասեն, որ այստեղ առկա է կրոնական գործոնը, ինչը կատարյալ անհեթեթություն է:

– Մարտերի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանին այն բանի համար, որ այն օտարերկրյա լրագրողների համար «կազմակերպում է» այցեր ռազմական գործողությունների վայրեր՝ վտանգի ենթարկելով նրանց կյանքն ու խախտելով միջազգային հումանիտար օրենքները: Խնդրում եմ մեկնաբանեք սա:

– Միջազգային մամուլն ու լրագրողները հանձնառու են տարածել ճշմարտությունը ցանկացած հնարավոր վայրում և ցանկացած ժամանակ, և մենք պատասխանատու ենք ապահովելու լրագրության ազատությունը՝ իրականացնելու իրենց աշխատանքը: Միջազգային մեդիայի պարտականությունն է իր լսարանին պատմել այն, ինչ տեսնում և զգում է, հատկապես այնպիսի ժամանակներում, երբ սարսափելի պատերազմի հետևանքով տուժում են անմեղ քաղաքացիներ, ինչպես մեր դեպքում՝ Թուրքիայի հովանավորչությունն ստացած Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:

Հատկապես անբարոյական քայլ է միջազգային մեդիայի ներկայացուցիչների համար խոչընդոտներ առաջացնելը՝ խանգարելով վերջիններիս այցելել ու լուսաբանել իրադարձությունները, կյանքի ու մահվան պատմությունները հակամարտության գոտում: Նախապես ծրագրած ագրեսիայի առաջին իսկ վայրկյանից Ալիևի վարչակարգը կարողացավ տեղեկատվական շրջափակում իրականացնել ոչ միայն սեփական հանրության համար՝ սահմանափակելով համացանցը, այլև, որ ամենակարևորն է, այն կտրուկ սահմանափակեց միջազգային այն լրագրողների հավատարմագրումները, ովքեր դիմել էին իրենց՝ թույլ տալով միայն հավատարիմ թուրքական մեդիայի ներկայացուցիչներին հեռարձակումներ իրականացնել առաջնագծից:

Լրագրողների նկատմամբ նման ոչ թափանցիկ և անհանդուրժող վերաբերմունքը նպատակ ուներ թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ենթադրվում է, որ այս ամենի միակ պատճառը պատերազմական հանցագործություն համարվող այն կոտորածները թաքցնելն է, որոնք հասցրել է իրականանել ադրբեջանական կողմը՝ հրետակոծելով բնակավայրերը, գյուղերն ու քաղաքները, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը, և օգտագործելով արգելված կլաստերային ռումբեր, ինչպես նաև տեսագրելով անզեն քաղաքացիների ու ռազմագերիների սպանությունները՝ իբրև էթնիկական զտման քաղաքականության մաս: Տեսնելով, որ հայկական կողմը ողջունում է լրագրողների հավատարմագրումը, ադրբեջանական կողմը նման հայտարարություն է արել՝ ցանկանալով նաև լեգիտիմացնել իրենց կողմից լրագրողների թիրախավորումը:

– Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և նրանք պետք է այն ազատագրեն հայկական ուժերից: Ձեր մեկնաբանությունը:

– Այս պնդումը բացարձակ անհեթեթություն է և փորձ՝ արդարացնելու իրենց ցեղասպանական մտադրություններն ընդդեմ հայերի, և ահա թե ինչու: Լեռնային Ղարաբաղը կամ պատմական Արցախը, մշտապես բնակեցված լինելով մեծամասամբ հայերով, երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Անգամ 1920 թվականին Ազգերի լիգան մերժեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անդամակցումը, քանի որ վերջինս Լեռնային Ղարաբաղի հարցը վիճարկում էր Հայաստանի հետ: 1920-1921 թվականներին Կովկասի խորհրդայնացման ընթացքում բոլշևիկներ գրավեցին Լեռնային Ղարաբաղը, իսկ 1921 թվականին մտցվեց Խորհրդային Ադրբեջանի տարածքային-ադմինիստրատիվ սահմանների մեջ, ընդ որում, Խորհրդային Ադրբեջանն անկախ պետություն չէր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության:

Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը 1987-88 թվականներին սկսեցին իրենց արդար ձայնը բարձրացնել խաղաղ ցույցերի և նամակներով դիմումների տեսքով՝ վերամիավորվելու Հայաստանի հետ: Սա համընկավ Խորհրդային Ադրբեջանում էթնիկական հողի վրա իրականացվող հետապնդումների աճի հետ, որի գագաթնակետը դարձան հայերի ջարդերն ադրբեջանական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը (Գյանջա)՝ ուղեկցվող զանգվածային սպանություններով, հետապնդումներով և էթնիկական զտմամբ: Այս ամենի պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը նախաձեռնեցին հանրաքվե և 1991 թվականի դեկտեմբերին հռչակեցին իրենց անկախությունը Խորհրդային Ադրբեջանից՝ համաձայն Խորհրդային Միության սահմանադրության:

Կարևոր է գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնորոշվել և անջատվել են Խորհրդային Միությունից ավելի վաղ, քան՝ Ադրբեջանը, և այն նույն իրավական հենքի վրա, ինչ՝ Ադրբեջանը, որը, փաստացիորեն, անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի: Այդուհանդերձ, չնայած այս ու մյուս փաստերի, որոնք Ադրբեջանի պնդումները դարձնում են անհիմն, Բաքվում Իլհամ Ալիևի ռեժիմը փորձում է ռազմական ճանապարհով ճնշել Արցախի հայերի՝ սեփական հայրենիքում իրենց ուզած ձևով ապրելու իրավունքը՝ ցանկանալով բիրտ ուժով գրավել երկիրը, մաքրել այն ավանդաբար այստեղ գտնվող բնիկներից և նրանց ժառանգությունից, գործելով որպես 17-րդ դարի արյունարբու գաղութարարներ, որոնք մերժում են հիմնարար իրավունքները:

Պաշտոնական Բաքուն այս մեթոդը կարողացել էր օգտագործել 1991-1994 թվականներին, երբ բացեիբաց հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի շրջանների վրա՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի արդյունքում հռչակեց իր անկախությունը, և Ադրբեջանը նույնն անում է նաև այսօր: Այդ իսկ պատճառով, ես հավատացած եմ, որ Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունք՝ այն պահից ի վեր, ինչ կիրառեց ագրեսիվ ռազմական «տարբերակը»՝ ուղեկցված հայերի նկատմամբ բացահայտ ռասիզմով և թշնամանքով:

Միևնույն ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հարցը հանդիսանում է Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքական օրակարգի մեկ այլ գործիք: Թեպետ ադրբեջանական կողմը հաճախ պարծենում է՝ ասելով, որ ունի ճշգրիտ խոցման զենքեր, այն մտադրված կերպով հրետակոծում է Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտն ու քաղաքացիական բնակչության այլ վայրեր: Ճշգրիտ կրկնակի հարվածը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա այն ժամանակ, երբ ներսում մարդիկ էին աղոթում, դրա ապացույցներից է: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դասեր են քաղել Ադրբեջանի հետ առաջին պատերազմից և իրենց ռազմական օբյեկտները ու ռազմաբազաները ոչ միայն տեղակայել են բնակելի վայրերից հեռու, այլև ստեղծել են ստորգետնյա ապաստարանների արդյունավետ համակարգ, որը թույլ է տալիս բնակչությանը դիմակայելու ադրբեջանական պարբերական դարձած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը: Սա է պատճառը, որ թեպետ Ստեփանակերտը ենթարկվում է ծանր ու գրեթե ամենօրյա ռմբակոծությունների, և քաղաքում ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հարաբերականորեն քիչ է:

Հակառակ սրա, բազմիցս հաստատվել ու արձանագրվել է, որ ադրբեջանական զինուժը մտադրված կերպով իր ռազմաբազաները, հրետանային կայանքներն ու այլ ռազմական օբյեկտներ տեղակայում է քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ հեռավորության վրա, ինչպես օրինակ Տերտերում, Բարդայում կամ Հորադիզում, կամ էլ քողարկում է դրանք ավելի մեծ քաղաքներում, ինչպիսին Գյանջան է: Այս համատեքստում հայկական կողմը, չունենալով կամ ունենալով խիստ սահմանափակ թվով ճշգրիտ խոցման զենքեր, բախվում է դժվար երկընտրանքի, քանի որ օրինական ռազմական թիրախների ոչնչացումը կարող է չկանխամտածված կերպով վնասել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է սա որպես հավելյալ լծակ արտերկրում իր մեծ տեղեկատվական քարոզչության շրջանակում հայկական կողմից «հրեշավոր կերպար» ստեղծելու նպատակով՝ փաստացիորեն «Հայկական ագրեսորները» անունով ադրբեջանական շոուի մեջ ներքաշելով նաև սեփական բնակչությանը:

– Ձեր կարծիքով, բռնությունից բացի՝ ո՞րն է Կովկասում պատերազմը դադարեցնելուն ուղղված անհապաղ լուծումը:

– Պատերազմը դադարեցնելուն ուղղված անհապաղ լուծումը հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալն է, հրադադար, որը ջանասիրաբար ձեռք էր բերվել միջնորդների շնորհիվ և որը կարճ ժամանակ անց խախտվել էր ադրբեջանական կողմից:

Եվ քանի որ ադրբեջանական կողմը չի հարգում միջազգային միջնորդների ջանքերն ու բազմիցս խախտում է նախկինում համաձայնեցված հրադադարները, Արցախի Հանրապետության ճանաչումն անկախ պետությունների միջազգային հանրության կողմից կարող է դառնալ լուծում, ինչը կարող է զսպել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորյալների ագրեսիվ ու այլատյաց մտադրությունները:

– Ըստ Ձեզ, ո՞րն է միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում:

– ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար ժամանակ է, որ շոշափելի ջանքեր է գործադրում հակամարտող կողմերի միջև հնարավոր փոխզիջումային տարբերակների ուսումնասիրման համար՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական և խաղաղ կարգավորման՝ պնդելով նաև, որ խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ցավոք, այժմ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի տասնամյակների մանրակրկիտ աշխատանքի արդյունք հանդիսացող բանակցությունները մաքիավելյան ձևով օգտագործել է որպես քողածածկույթ՝ իրական ծածուկ մտադրությունների իրականացման համար. այն է՝ հարձակվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա: Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական նախաձեռնությունները կարող էին լինել արդյունավետ, եթե հակամարտող կողմերից մեկը մնար քաղաքակիրթ քաղաքականության և խնդիրների լուծման շրջանակում, և կարևորեր խաղաղ գործընթացը:

Սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական հարձակում և սիստեմատիկ կերպով հրետակոծելով քաղաքացիական բնակավայրերը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի ռազմական կարգավորում, և որ լուծումը ռումբերի, հազարավոր մարդկանց մահվան և ջիհադիստ վարձկանների ներգրավվման մեջ է: Բացի այդ, Ալիևը հավատացած է, որ բիրտ կամ ռազմական ուժի սպառնալիքի կամ պարտադրանքի միջոցով կամ ինչպես ինքն է բազմիցս ասել՝ «ռազմական կարգավորման միջոցով», կարող է ստիպել հայկական կողմին անել կամ ստորագրել այն ամենն, ինչ ինքն ուզում է: Սա անօրինական է և քրեորեն պատժելի, քանի որ այն հակասում է մի շարք կոնվենցիաների, որտեղ ասվում է, որ ոչ մի համաձայնություն չի կարող համարվել օրինական, եթե այն ձեռք է բերվել ռազմական ուժի ուղիղ սպառնալիքի, պարտադրանքի կամ կողմերից մեկի՝ պատերազմ հրահրելու հետևանքով:

– Այս հակամարտության մեջ ո՞րն է հայկական Սփյուռքի դերը: Կա՞ որևէ աջակցություն:

– Թուրքիայի հովանավորությամբ ադրբեջանական ագրեսիայի ամենաառաջին իսկ օրից հայկական Սփյուռքն առաքելություն ստանձնեց՝ ահազանգելու և իրենց երկրներում կառավարությունների ուշադրությունը հրավիրելու ստեղծված իրավիճակին: Մյուս կողմից, ողջ աշխարհասփյուռ հայությունը համախմբվեց՝ Հայաստանին և Արցախին ամեն տեսակի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ հումանիտար օգնություն և նվիրատվություններ կազմակերպելու համար:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031