Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ դուր չեկավ հատկապես այն, որ շեշտվում է Արցախ-ՌԴ հարաբերությունների մասին, որովհետեւ դրանք երբեք չեն եղել». Արա Պապյան

Հոկտեմբեր 24,2020 17:37

Քաղաքագետ Արա Պապյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակն անտեղի կոչ է համարում, որովհետեւ նման կոչով չէ, որ Ռուսաստանն իր դերակատարումը պետք է հստակեցնի Հարավային Կովկասում: «Ռուսաստանն իր շահերով է առաջնորդվում, որոնք շատ հստակ են: Նա ուզում է չկորցնել Հայաստանը, բայց, միաժամանակ, լավ հարաբերություններ պահպանել ու ավելի մերձենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արա Պապյանը հավելեց. «Հետեւաբար, բաց նամակում նշված շարադրանքը, թե Արցախն ինչեր է արել Ռուսաստանի համար, կարծում եմ, որեւէ փոփոխություն չի մտցնելու: Ինձ դուր չեկավ հատկապես այն, որ շեշտվում է Արցախ-ՌԴ հարաբերությունների մասին, որովհետեւ նման հարաբերություններ երբեք չեն եղել: Եղել են հայ ժողովուրդ-Ռուսաստան հարաբերություններ: Եթե դրանք տեղայնացնենք, շատ վատ հետեւանքներ կլինեն՝ չենք ստանա ՌԴ-ից ակնկալելիք աջակցությունը, բայց փոխարենը ներքին պառակտում կմտցնենք»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե այնքան անհուսալի վիճակում ենք, որ Արայիկ Հարությունյանը դիմում է ՌԴ նախագահին, Արա Պապյանը հակադարձեց. «Ոչ, չեմ կարծում, թե անհուսալի վիճակում ենք: Այո, վիճակը բավականին ծանր է. թշնամին, տարբեր հաշվարկներով, մոտ 12 անգամ գերակայող ուժերով է հարձակվել, այո, մենք զոհեր ենք տալիս, իրենք էլ, բայց ամենակարեւորն այն է, որ թշնամին չի կարողացել իրականացնել իր ռազմավարական խնդիրները: Գնալով հայկական զինված ուժերը եւ կամավորներն ավելի են հմտանում իրենց պայքարում, հատկապես՝ ԱԹՍ-ների դեմ:

Վստահ եմ, որ նրանք հաղթական ավարտի են հասցնելու այս պատերազմը: Ես հասկանում եմ, որ մարդկային կյանքը շատ կարեւոր է, բայց թշնամին արել է այն, ինչ կարող է՝ ավերել է մեր բնակավայրերը: Այսինքն, եթե հիմա պատերազմն այսպես կոչված խաղաղապահներով դադարեցվի (նման ակնարկ կար, հստակ գրված չէր, բայց գաղափարը թեւածում է օդի մեջ), ապա կստացվի մի վիճակ, որ ամբողջ զոհերը, տառապանքը եւ ավերված քաղաքները, գյուղերը զուր կլինեն՝ կունենանք յոթ շրջաններում տեղակայված ռուսական զորք (ըստ Լավրովի պլանի, որը նախատեսում է տարածքների հանձնում Ադրբեջանին: Սա ենթադրություն չէ, այլ այդպես է նախատեսված): Ուստի իմաստ չեմ տեսնում, որովհետեւ դա կապիտուլյացիոն ծրագիր կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031