Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմ էին դուրս եկել՝ հարազատի մասին ռազմաճակատից լուրի սպասելով․ Գյումրու թատրոնի պատերազմը

Հոկտեմբեր 24,2020 16:40

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը երկարատև դադարից հետո երեկ բացեց դռները՝ ազդարարելով հոբելյանական 155-րդ թատերաշրջանը․ հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ ներկայացվեց Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։ Հայոց Ցեղասպանության պատմական դրվագների, Կոմիտասի դաժան կյանքի հիշեցմամբ մեկ անգամ ևս շեշտադրվեց թշմանու վերափոխված լինելու մասին ուտոպիական պատկերացում չստեղծելն ու նորից չխաբվելը։

 

 

Ներկայացումը սկսվեց հայերի կոտորածի դաժան տեսարանով՝ մանուկներին գրկած, փախուստի փորձ անող մայրերի աղիողորմ ճիչերով, սակայն այն միանգամից ընդհատվեց Վարդան Պետրոսյանի խրոխտ ձայնով․ «Սա ընդամենը ներկայացում է, էլ չի՛ լինի ու չի՛ լինելու»։ Հուզված հանդիսատեսը միանգամից հանգստացավ՝ դերասանի խոսքերն ընդունելով ի գիտություն։

Նշենք, որ ներկայացումը խաղալու են չորս օր՝ երկու օր Գյումրիում, երկու օր մայրաքաղաքում, ու ողջ հասույթը փոխանցվելու է Հայոց բանակին։ Հուզիչն այն է, որ ներկայացման մեջ խաղացող մի քանի դերասաններ այսօրվանից կլքեն բեմը, նրանք շտապում են ռազմաճակատ՝ հաղթանակը րոպե առաջ բերելու տրամադրվածությամբ։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, որի մոտ միախառնված էր սուգն ու հպարտությունը․ զոհվել էր մորաքրոջ 20-ամյա որդին, ասաց․ «Վերջին ներկայացումը եղել է մարտի 12-ին և պատրաստվում էինք թեկուզ սահմանափակումներով թատերաշրջան բացել՝ 155-րդ թատերաշրջանը՝ երեք նոր ներկայացումներով, որոնցից մեկը հենց «Վերելք»-ն էր։ Փորձերը շատ լավ ընթանում էին, տոմսերն ամբողջությամբ վաճառված էին, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմը ոչ միայն այնտեղ է, նաև այստեղ է։

Մի կարճ ժամանակահատված բոլորիս համար շոկ էր ու որոշեցինք դադարեցնել փորձերը, բայց հետո հասկացանք, որ ոչ միայն չպիտի դադարեցնենք, այն առաջնախաղը պիտի լինի, սյուժետային փոքր փոփոխություն պետք է կատարենք։ Սցենարի վրա աշխատեց ռեժիսորը, նաև գլխավոր դերակատարը՝ Վարդան Պետրոսյանը և որոշվեց այս ներկայացումը պարտադիր կյանքի կոչել, այն պիտի մի քանի նպատակ ունենա։

Բացի նրանից, որ պիտի ցույց տանք ՝ Հայոց ազգը շարունակում է ապրել ու պիտի հավերժ ապրի, այլ ավելի հզոր պիտի լինենք։ Մյուս նպատակն այն է, որ թեկուզ ամենափոքր հասույթը պիտի ուղարկենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մեր բանակին, մեր բանակի կողքին պետք է լինենք։

Այս ընթացքում շատ խնդիրներ եղան, դերասաններից շատերին փոխեցինք, օրինակ՝ երեկ վերջին փորձն էինք անում և մեր դերասաններից մեկին կանչեցին ռազմաճակատ, պարտադիր պիտի գնա։ Մենք նորից շարունակեցինք, փոփոխություն արեցինք։
Այս ներկայացումը մենք չորս օր շարունակ խաղալու ենք, երկու օր մայրաքաղաքում․ 50 հոգանոց խմբով պատրաստվում ենք մեկնել Երևան։ Մենք պիտի շարունակենք ապրել, պարտավոր ենք լինել մեր պետության, մեր զինվորների կողքին ու չպիտի ընկճվենք»։

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, մի կողմից կորոնավիրուսը, մյուս կողմից պատերազմը քանդում են մարդու հոգին․ դերասանը, որն առաջնագծում ունի ազգական ու որից տեղեկություն չունի, մտքով նրա հետ է, բայց ուժ գտնելով՝ շարունակում է աշխատել։
«Ընդմիջման պահերին դուրս են գալիս, հեռախոսով նայում են՝ ինչ կա, որին զանգեցին, ինչ լուր կա, ինչ եղավ, բայց այս թատրոնի դռները երբեք չպիտի փակվեն, թատրոնի դուռ ասածը մեր հոգու դռներ են, մենք անընդհատ պիտի ամուր լինենք ու ուժեղ։ Սրանք հենց այնպես խոսքեր չեն, քառօրյայի ժամանակ էլ մենք խաղացինք ներկայացում ու պիտի խաղանք, ամեն մեկը իր գործը պիտի անի ու հզորացնի մեր երկիրը։

Ներկայացումն ունի նպատակ ու ասելիք, ես կարծում եմ, որ հայի հանդեպ ատելությունը չի փոխվել, այն, ինչ էսօր կատարվում է, դրա ապացույցն է։ Մեր թշնամին վաղուց ի վեր գոյություն ունի, կա ու եղել է, ցանկացել է վերացնել հային, բայց հայը չի կարող կոտրվել, վառ ապացույցը մեր հերոսներն են, որոնք կռվում են, ես վստահ եմ, որ հաղթելու ենք մեր աշխատանքով, մեր գործով։

Մենք էլ մեր պատերազմն ենք տալիս, ցավը կա, մրմուռը կա, յուրաքանչյուրս՝ սկսած ինձանից ունենք ցավ մեր ներսում, բայց պիտի կարողանանք ամուր լինել, քայլել, շարունակել աշխատել, ստեղծագործել ու հաղթել։
Հաղթելու ենք նրա համար, որ այսօր հանդիսատեսը եկավ թատրոն, հաղթելու ենք հենց նրա համար, որ հերոսների մայրերը շարունակելու են ապրել ու ծնելու են զինվորներ։ Թիկունքը պիտի միշտ ամուր լինի, իր պատերազմը պիտի տա»։

Գլխավոր դերակատարի՝ Վարդան Պետրոսյանի հարցազրույցը քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031