Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի նամակ-դիմումի հետ կապված բավական է ԱՀ ներսից գնահատել իրավիճակը. Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 24,2020 16:14

«ԱՀ նախագահի նամակ-դիմումի հետ կապված բավական է Արցախի Հանրապետության ներսից գնահատել իրավիճակը. սա ասում եմ, թե՛ ի պաշտոնե և թե՛ որպես ԱՀ քաղաքացի, որը գտնվում է պատերազմող Արցախում». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Ինչպե՞ս եք բացատրում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նամակ-դիմումն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

-Բնականաբար, նախագահի յուրաքանչյուր որոշում կայացվում է SWOT-ի ենթարկվելու դեպքում: Այս դեպքում, հաշվի են առնվել ռազմաճակատում տիրող իրավիճակը, հասարակական տրամադրությունները, դիվանագիտական փակուղին, ՌԴ գործուն ջանքերը և դիվանագիտական ռեսուրսը: Ուստի, սա կամայական կամ ինքնանպատակ որոշում չէր: Նամակը փաստում է, որ ԱՀ-ն հակամարտող կողմ է, հետևաբար հենց նա էլ պատերազմը դադարեցնելու խնդրանքով անհրաժեշտ է գտել դիմելու ՌԴ-ին:

Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որի դեպքում, ԱՀ-ն, չսահմանափակելով իրեն, միջազգային իրավունքի չճանաչված սուբյեկտայնության փաստով, օգտագործել է իր պահուստային մեխանիզմներից մեկը՝ գործնական ելքի ակնկալիքով: Պետությունն իր քաղաքացիների անվտանգության երաշխավորն է, հետևաբար այն ապահովելու և իր քաղաքացիներին բնականոն կյանքին վերադարձնելու համար, ԱՀ-ն օգտագործել և օգտագործելու է բոլոր հնարավորությունները:
Այս համատեքստում սա պետք չէ դիտարկել որպես միայն ԱՀ նախագահի նամակ-դիմում, այլ կարևոր է այն դիտել հատկապես Արցախի Հանրապետության 150000 հազարանոց ժողովրդի դիմում:

-ԱՀ նախագահի նամակ-դիմումը միանշանակ չընկալվեց: Նաեւ, մեղմ ասած, քննադատության թիրախ դարձավ:

-Այո, կան նաև ժխտողական արձագանքներ նամակին: Սա ևս բնական է: Բայց մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել. բավական է Արցախի Հանրապետության ներսից գնահատել իրավիճակը. սա ասում եմ, թե՛ ի պաշտոնե և թե՛ որպես ԱՀ քաղաքացի, որը գտնվում է պատերազմող Արցախում:

-Ինչո՞ւ այս նամակ-դիմումը հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբի ելույթին:

-Կարծում եմ, որ «Վալդայ» ակումբում հնչած կարևոր շեշտադրումների և արտահայտված տրամադրությունների արդյունքում վերջնականապես հասունացավ դիմումի գաղափարը: Պատերազմի ամբողջ ընթացքում ՌԴ-ն հանդես է եկել կառուցողական առաջարկներով և կարգավորման հարցում բացառիկ դերակատարությամբ: Այլ հարց է, որ Ադրբեջանի գործելակերպի արդյունքում դրանք անարդյունավետ ազդեցություն ունեցան: Բնականաբար, Վլադիմիր Պուտինի խոսքը բալանսավորված էր: Մուս կողմից՝ Ադրբեջանի բնաջնջման և ահաբեկման հստակ քաղաքականության պայմաններում, աշխարհի գերտերության ղեկավարի մակարդակով ստանալ բովանդակային գնահատականներ հիմնախնդրին, կարծում եմ, շատ սխալ կլիներ դրանք չգնահատել:

Դա է պատճառը, որ ԱՀ նախագահի նամակ-դիմումում առանձնացվել է ՌԴ նախագահի այն կոնկրետ արտահայտությունը, որ. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:

-Նախագահ Պուտինից արձագանք կա՞ նամակին, ինչպիսի՞ արձագանք է եղել:

-ԱՀ կարգավիճակով պայմանավորված, բնականաբար, մենք որևէ պաշտոնական արձագանքի ակնկալիքներ չենք կարող ունենալ: Բայց արդեն իսկ կան արձագանքներ. ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի խոսքով. «Նամակն ընդունվել է ի գիտություն և բնականաբար կքննարկվի»:

-Արդյո՞ք սա Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական նոր մարտավարության մասին է փաստում:

-Մեկ կարևոր բան անհրաժեշտ է արձանագրել, որ պատերազմը պետք է սահմանափակել Արցախում. Արցախի Հանրապետությանը սպառնում է գոյաբանական վտանգ, որը չչեզոքացվելու դեպքում կարող է տարածվել դեպի ՀՀ: Պատերազմով պայմանավորված ծանր վիճակը, բնականաբար, նաև նոր ելքեր և նոր հնարավորություններ է առաջնահերթում: ԱՀ-ն, բնականաբար, օգտագործել է ամենաուղիղ կապը, ինչը որևէ կերպ չի խոչընդոտվում նրա կարգավիճակով պայմանավորված: ԱՀ-ն այսուհետ էլ գնալու է միայն գործող և պրակտիկ տարբերակների ճանապարհով: Իսկ կոմպլեմենտարիզմը կարող է հետաձգվել խաղաղ ժամանակների:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031