Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպայական խիստ կեցվածքով էր, բայց բարի ու փխրուն հոգի ուներ Արթուրը

Հոկտեմբեր 24,2020 15:26

Երեւանցի Հասմիկ Մելքոնյանի երկու որդիները՝ Արմեն ու Արթուր Խաչատրյանները պայմանագրային ծառայողներ են, ու ամեն անգամ, երբ երկիրը վտանգի մեջ էր՝ առաջնագծում էին։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Օրը մեկ անգամ զանգում՝ կարճ ասում էին՝ լավ ենք, դու լավ եղեք։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, սակայն, տիկին Հասմիկը անհանգստացավ կրտսեր որդու՝ Արթուրի համար։ Մտածում էր՝ Արթուրից չէ, չի զանգել․ սիրտը վատ բան էր կանխազգում, մտավախությունը փորձում էր ցույց չտալ։ Երկու օրից բոթը եկավ՝ առաջնագծում զոհվել է Արթուրը։

«Զանգում էր՝ ասում էր լավ եմ, կապի վերջ, հաղթելու ենք ու միշտ ծիծաղկոտ։ Էլ չէր թողնում շարունակեինք, մի բան հարցնեիք»,–պատմում է Արթուրի քեռին՝ Ավետիս Մելքոնյանը։

Սուսերամարտիկ էր Արթուրը, պիտի սպորտային կարողությունները զարգացներ, բայց մանկուց երազել էր գեներալ դառնալ։ Տնեցիներից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, գերազանցությամբ ավարտեց այն եւ իր ցանկությամբ ծառայության անցավ Արցախում։

«Կապիտան էր, դեկտեմբերին պիտի հերթական կոչումը ստանար՝ հպարտանում էր իր զինվորական լինելով, Արցախից զանգում էր տեղի բարբառով ասում էր՝ քեռ, հո՞ւնցըս, լյոխ լյավ ա լյական»,–ասում է Ավետիսը։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում։ Մարտական ընկերները պատմում են, որ այդ օրը թշնամին շատ ինտեսիվ կրակում էր, սպասում էին մի քիչ հանդարտվի, որ հացով բեռնված մեքենան տղերքին հաց տանի։ Արթուրը չսպասեց, ասաց՝ ես կտանեմ, տղերքս հո սոված չեն մնա։ Փոխգնդապետ ընկերն էլ Արթուրի հետ գնաց։ Հացը հասցրին տղերքին, հետ վերադառնալու ճանապարհին թշնամու «Սմերչը» կպավ Արթուրի ավտոմեքենային։

31 տարեկան էր Արթուրը, ամուսնացած էր, երկու դուստր ունի՝ 4 տարեկան Անգելինան եւ 2-ամյա Միլենան։ Տղա էր երազում ունենալ։ «Կնոջը ասում էր՝ Ռուզ, սերս, անպայման տղա պիտի ունենանք, որ ծառայի բանակում, եթե չէ օրենքը փոխել եմ տալու, որ աղջիկներն էլ ծառայեն։ Ընտանիքի համար աշխարհը շուռ կտար, որ անհոգ ապրեին»,–հիշում է քեռին՝ ավելացնելով, որ Արթուրը խիստ կեցվածքով զինվորական էր՝ հայացքը վեհ, ճակատը՝ բաց, ձայնը՝ սպայական, բայց հոգին փխրուն էր ու բարի։

Մի քանի անգամ զինվորական լավ ծառայության համար պարգեւատրվել է մեդալներով։ Արցախի Ազգային հերոս, 2016թ․-ի ապրիլյան քառօրյայում զոհված Արմենակ Ուրֆանյանի ընկերն էր։


Պատմում են, որ առանձնահատուկ սիրում էր նշել ծննդյան տարեդարձերը։ Ասում էր՝ մեկ տարով էլ հասունացա ու խոհեմ դարձա։ Արթուրի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 19-ին հարազատներն ու ընկերները սովորության համաձայն էլի կհավաքվեն։

Այս անգամ՝ Եռաբլուրում, ուր ամփոփվեց Արթուր Խաչատրյանի մարմինը։ Կհիշեն իրենց սիրելի Արթուրին ու կկրկնեն հերոսի խոսքերը, բայց մի քիչ վերափոխված՝ «լյոխ լյավ ա, մենակ դու չկաս, Արթուր ջան․․․»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031