Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը պաշտպանական ծախսերն ավելացնելու՝ Aravot.am-ի հարցին. «Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»

Հոկտեմբեր 24,2020 14:30

Aravot.am-ը Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանին հարց է ուղղել՝ ի՞նչ է պետք անի ՀՀ կառավարությունն այսօր կամ ապագայում, որպեսզի Հայաստանի ռազմական ներուժը մեծացնի, տնտեսական ի՞նչ հենարանի վրա պետք է հենվել, որպեսզի կարողանանք պաշտպանական ծախսերն ավելացնել, զենք գնել:

Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց. «Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ՝ Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնելու երկու ուղի կա. առաջին՝ սեփական ռազմական արտադրությունը վերազինենք եւ զարգացնենք, երկրորդ՝ արտաքին աշխարհից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զենքեր գնենք: Չխորանամ նշված երկու ուղղությունների կյանքի կոչելու դետալների մեջ այս պահին, որովհետեւ երկար քննարկման հարցեր են, բայց մի բան ակնհայտ է, որ երկու դեպքում էլ պահանջվելու են ֆինանսներ: Իսկ վերջինս պետության ձեռքում հայտնվելու է տնտեսությունից հարկերի տեսքով: Հետեւապես ամենաբարդ խնդրին կա պարզ լուծում. օգնել գործարարներին, որպեսզի ե՛ւ այսպիսի իրավիճակներում, ե՛ւ ապագայում իրենք էլ «օգնեն» կառավարությանը եւ մեզ բոլորիս՝ ֆինանսներ գեներացնելով եւ հարկեր վճարելով:

Իսկ տնտեսվարողներին օգնել կառավարության տեսանկյունից, նշանակում է՝

ա. ապահովել տնտեսվարողների համար կայուն մակրոտնտեսական միջավայր,

բ. լինել կանխատեսելի իր որոշումներով եւ գործողություններով,

գ. ունենալ հեռանկարային տնտեսական ծրագրեր՝ ընկալելի տնտեսվարողների համար, որպեսզի վերջիններս դրանց հենքի վրա պլանավորեն իրենց ապագա անելիքները:

Այս պահին թերեւս (ա) կետում նշվածը հաջողվում է իրականացնել ՀՀ ԿԲ եւ ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ջանքերով, (գ) կետի նշվածում կառավարությունը կաղում է, բայց դա երկար քննարկման հարց է, իսկ բ. կետում նշվածն այսօր էլ որպես էական խնդիր առկա է, եւ օր առաջ կառավարությունը պետք է՝

1. հրաժարվի ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով քր. գործեր հարուցելուց՝ հատկապես տնտեսական թեմաներով, եւ տնտեսվարողների նկատմամբ ցուցադրական ներխուժումներ իրականացնելուց: Դա տնտեսվարողների մոտ ստեղծում է վախ, անհստակություն ապագայի նկատմամբ եւ սկեպտիցիզմ։

2. Հրաժարվի տնտեսվարողների հուզող հարցերը, նամակները կամ բարձրացրած հարցերը անպատասխան թողնելուց կամ իրենց վերաբերող որոշումներն անընդհատ ձգձգելուց (թերեւս Լիդիանն ակնառու օրինակ է եւ դաս մյուս տնտեսվարողների համար): Տնտեսվարողի համար խիստ կարեւոր է հստակությունը եւ կառավարության կողմից արագ եւ արդյունավետ որոշումների կայացումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031