Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամը 07:15 ինձ արթնացրին, ասացին՝ վեր կաց, պատերազմ է սկսվել. ասացի՝ էն վաֆլին կտա՞ք ուտեմ». «կրեկեր համտեսող» հայտնի զինվոր

Հոկտեմբեր 24,2020 14:00

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15, ինձ արթնացրին, ասացին՝ վեր կաց, պատերազմ է սկսել: Ես վեր կացա, ձգվեցի, հորանջեցի, նստեցի ու ասացի՝ էն վաֆլին կտա՞ք ուտեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում 19-ամյա Գեորգի Մելքոնյանը՝ համացանցում հայտնի դարձած «կրեկեր ուտող զինվորի» տեսանյութի հերոսն այսպես նկարագրեց արցախյան պատերազմի առաջին օրը:

Գեորգին վիրավորում է ստացել, նա այժմ գտնվում է Երևանում՝ իրենց տանը: Մեզ հետ զրույցում ասաց՝ վիրավորում է ստացել հոկտեմբերի 13-ին՝ Ջեբրայիլում: Մեզ պատմեց, որ այժմ ապաքինվում է և վստահեցրեց՝ տեղս չեմ գտնում, հենց լրիվ ապաքինվեմ, գնալու եմ ընկերներիս մոտ:

Գեորգին պատմեց, որ հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ մասում: Նա պատմեց, որ շուրջ 700 մետր ստիպված է եղել վիրավոր քայլել, քանի որ իր հետևից եկած մեքենան չէր կարող գալ առաջին գիծ, քանի որ կխոցեին: Իր ծառայության մասին նա պատմեց. «Մեկ տարի երեք ամիս է ծառայում եմ Ջեբրայիլում: Ես Ջեբրայիլի ծառայող եմ»:

Գեորգին ասաց, որ հայտնի տեսանյութը նկարել է, երբ դեռ վիրավոր չի եղել: Ասաց՝ ուղարկել է ընկերոջը, որ ուղարկի մայրիկին, որ նա տեսնի՝ ամեն ինչ նորմալ է, ու այդպես տեսանյութը տարածվել է համացանցում:

Իր՝ վիրավորում ստանալու մասին պատմեց. «Ես հոկտեմբերի 13-ին եմ վիրավորվել, ինձ տարան Կարմիր շուկա, այնտեղից գնացինք Ստեփանակերտ, Ստեփանակերտից Գորիս, Գորիսից նոր Երևան»:

Շատերն են ասում՝ պատերազմը շատ բան է փոխում մարդու կյանքում: Ի՞նչ փոխեց պատերազմը ձեր կյանքում, Գեորգին պատասխանեց. «Այս պատերազմն ինձ ահագին խիզախություն տվեց, տվեց ավելի շատ հայրենասիրական զգացողություններ, իրականում մի քիչ ավելի սառը մարդ դարձրեց ինձ»:

Խնդրեցինք պատմել, ինչպե՞ս էր անցնում ծառայությունը, մանավանդ հենց պատերազմի առաջին օրերին, Գեորգին պատմեց. «Մենք ահագին հետ էինք, ես երկրորդ գիծ եմ եղել սկզբում, նստած էինք բլենդաժում, ասել էին՝ պատսպարվեք. ուրիշ հրաման չէր եղել: Մենք բլենդաժում նստած, սպասում էինք, մինչև երեկոյան ամեն ինչ ավելի թեժացավ»:

Գեորգին ասաց՝ թեժ մարտեր են տեսել, անգամ իր ձեռքերի վրա մարդ է մահացել. «Ես պետք է ամենահետևում լինեի, հրաժարվեցի ու գնացի առաջ, քանի որ իմ ընկերներն առջևում էին, պիտի նրանց հետ լինեի: Որ պատերազմ ես տեսնում, հասկանում ես, որ էլ չկա ընկեր հասկացություն, մոտիկ տղա հասկացություն, քանի որ բոլորը դառնում են քո ընկերն ու եղբայրը»:

Գեորգին սկզբում կապավոր է եղել, հետո պատերազմական իրավիճակում տեղափոխվել է նռնականետային դասակ: Նա վստահեցրեց՝ հենց ապաքինվի, միանգամից գնալու է, արդեն իր տեղը չի գտնում:

Հարցին՝ ի՞նչ ուղերձ ունեք մյուս տղաներին, որոնք հիմա առաջնագծում, ծառայության մեջ չեն, նա ասաց. «Կասեմ այն, որ այնտեղ յուրաքանչյուրի օգնության կարիքը կա, յուրաքանչյուրն իր տեղը կգտնի այնտեղ: Այսքան զոհեր ենք տվել ու շատը նրա պատճառով, որ քիչ ենք եղել, հետ ենք քաշվել: Բոլորն էլ իրենց մասնակցությունը կարող են ունենալ, բայց ես չեմ մեղադրում ոչ մեկին, որ վախենում են. դա նորմալ է: Վախը պետք է հաղթահարել»:

Այս պահին Գեորգիի եղբայրներից մեկն էլ է առաջնագծում. կամավոր է մեկնել առաջնագիծ:

Լուսանկարը՝ Գեորգի Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․Գ․ Գեորգի Մելքոնյանի մասին պատմող՝ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից հրապարակված տեսանյութը՝ ստորև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031