Ըստ Սյունիքի պաշտպանական աշխատանքները համակարգող, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի, մարզի սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ: «Նրանց խնդիրները հստակեցվել են։ Նշանակվել են պատասխանատուներ, ովքեր համագործակցում են ռազմական կառույցների հետ: Ինքնապաշտպանական ջոկատներն ապահովված են բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները կատարելու համար: Այդ ջոկատներն արդեն իսկ իրականացնում են միջոցառումներ, որոնք նպաստում են մեր զինված ուժերին՝ կատարելու իրենց խնդիրները»,–ասել է նա «Սյունյաց երկիր» պարբերաթերթի հետ զրույցում:
Գեներալ-լեյտենանտը նաեւ նշել է, որ կան ոչ սահմանամերձ բնակավայրեր, որտեղ դեռեւս չեն հասկացել պահի ու խնդրի լրջությունը՝ համարելով, որ դա իրենց գյուղին չի առնչվում, քանզի գյուղը սահմանից հեռու է: «Անտարակույս, սխալ մտածելակերպ է. երկիրը ճակատագրական օրեր է ապրում, եւ առկա խնդիրները վերաբերում են ամեն մի բնակավայրի ու յուրաքանչյուր քաղաքացու, ինչը, կարծում եմ, նկատի կունենան այդ գյուղերում»,-ասել է Արտակ Դավթյանը:
Վերջինս խոսքով, պետական սահմանի արեւմտյան՝ նախիջեւանյան հատվածում իրավիճակը կայուն է, համենայնդեպս վերջին շրջանում տվյալ ուղղությամբ որեւէ կրակոց եւ սահմանախախտում չի ֆիքսվել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության՝ Մեղրիում տեղաբաշխված սահմանապահ ջոկատին, որը պաշտպանում է Հայաստան-Իրան պետական սահմանը, ապա ըստ Արտակ Դավթյանի, այն շարունակում է կատարել իրեն վերապահված գործառույթները՝ համաձայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համապատասխան պայմանագրի:
«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, քննարկում ենք նաեւ համագործակցության հարցեր»,–ասել է նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանը նշանակվել է Սյունիքի պաշտպանական աշխատանքների համակարգող։