Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամ․ Հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2020 08:00

Դատական դեպարտամենտի՝ առաջնագիծ մեկնած շուրջ 60 աշխատակիցների թվում հիմնականում դատական կարգադրիչներն են, դեպարտամենտի կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը․

– Պարո՛ն Բեքմեզյան, երեկ հայտնեցիք Դատական դեպարտամենտի 60 կամավորների առաջնագիծ մեկնելու մասին։ Թեեւ օրենքը պահանջում է, որ ռազմական դրության պայմաններում դատարանները շարունակեն իրենց անխափան աշխատանքը, բայց ամեն դեպքում, հնարավո՞ր է՝ կամավորագրվելու ցանկություն դատավորներն էլ հայտնած լինեն։

– Սկզբնական փուլում եղել են դատավորներ, որ ուզում էին գնալ սահման, նման խոսակցություն եղել է, բայց քննարկումների արդյունքում հասկացանք, որ հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի, որովհետեւ ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, եւ մենք չենք կարող այստեղ ամեն ինչ ձախողել։ Իսկ արդարադատությունը երկրի այն հիմնական, կարեւոր գործոններից է, որ պետք է միշտ շարունակի աշխատել։ Ինչպես արտակարգ դրության ժամանակ էր աշխատում, այնպես էլ հիմա՝ ռազմական դրության ժամանակ։

– Որքանո՞վ է հաջողվում այս պայմաններում աշխատանքը անխափան շարունակել։

– Հետաձգումներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դատական համակարգը դեռեւս աշխատում է, եւ վստահ եմ՝ կաշխատի։ Եղած հետաձգումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ կողմերից ոմանք գտնվում են սահմանին կամ զինվորագրված են, եւ պարզ է, որ դատավորները հետաձգում են այդ նիստերը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իսկ այն դեպքում, երբ կողմերը ներկա են, իհարկե, նիստերը անպայման տեղի են ունենում։

– Դեպքեր են եղել, երբ նիստերը հետաձգվել են, որովհետեւ հենց ամբաստանյալներն են Արցախ մեկնած եղել։ Նման գործերով դատական պրոցեսները չտապալելու համար ի՞նչ օպտիմալ լուծում է հնարավոր գտնել։

-Ցավոք սրտի, այստեղ կա երկընտրանքի խնդիր․ մենք կամ պետք է պահանջենք, որ նրանք գան, մասնակցեն նիստերին, կամ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձենք նիստերը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հույս ունենալով, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, նրանք կվերադառնան եւ դատական նիստերը կշարունակվեն։ Այս պահի դրությամբ դատավորները գնում են այդ ուղղությամբ։

ԲԴԽ-ն, իհարկե, չի կարող խոչընդոտել կամ ազդել նրանց որոշումների վրա, մենք միայն կարող ենք հետեւել եւ հետեւում ենք, եւ եթե խնդիր է լինում, դատավորները մեզ դիմում են, եւ մենք փորձում ենք աջակցել, բայց տվյալ պահին դատական նիստերը կազմակերպելը դատավորների խնդիրն է, եւ նրանք այս փուլում այդպես են հարմար համարել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Լուսանկարում՝ Գրիգոր Բեքմեզյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031