Վահան Քոչարն իսկական հրաբուխ էր: Նրանից լավայի նման հորդում էր եռացող, տրոփող կյանք ու կենսասիրություն, անհագուրդ կիրք գեղեցիկի հանդեպ իր բոլոր դրսեւորումներով՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գաղափարներ ու ծրագրեր, բարձր արվեստից մինչեւ առտնին գործեր: Նրա արտիստիկ ձեռքն ու հայացքը առօրյայից ձեւավորում էին մի աշխարհ, որտեղ տիրում էին իր սահմանած կարգն ու համոզմունքները, որոնք նա անբեկանելի սկզբունքայնությամբ պաշտպանում էր կուրծքը դեմ տված:
Նա ինքն արդեն որպես մարդ կարծես արվեստի գործ լիներ՝ ինքնատիպ, հմայիչ ու անմոռաց: Նրա հետ կարող էիր վիճել, չհամաձայնել ու չընդունել, սակայն անտարբեր լինել՝ երբեք, որովհետեւ Վահանը դիմացինին ստիպում էր շարժվել ու գործել:
Խորհրդային տարիներին՝ 1970-ականների վերջերից մենք միասին աշխատում էինք Թերթերի եւ ամսագրերի հրատարակչության տպարանում, որ այն ժամանակ անվանում էին նաեւ Կենտկոմի տպարան: Նա գործի բերումով ձեւավորում էր զանազան բրոշյուրներ, պլակատներ ու կատալոգներ, իսկ ես՝ սրբագրում տեքստերը: Ինչքան էլ կարեւոր-անկարեւոր լիներ գործը՝ հիշում եմ Վահանի բծախնդիր աշխատանքը տպագրվելիք նյութի յուրաքանչյուր տարրիՙ պատկերազարդման, տեքստի ձեւավորման եւ տառատեսակի ընտրության հարցում:
Այդ տարիներին մեր գրահրատարակչությունը կարիք էր զգում նորացման թե՛ ձեւավորման, թե՛ տառատեսակների եւ թե՛ տեխնիկական կատարման առումներով: Վահանը տպարանում նորարարներից մեկն էր վաղամեռիկ նկարիչ Վիգեն Թադեւոսյանի հետ մեկտեղ, որը ձեւավորում էր «Գարուն» ամսագիրը:
Կարդացեք նաև
Երբ 1990թ. վերջերին հիմնադրվում էր «Ազգ» թերթը, Վահանը հրավիրվեց որպես թերթի նկարիչ-ձեւավորող: Հատկապես սկզբնական շրջանում Վահանը որոշիչ դեր էր խաղում թերթի յուրաքանչյուր համարի էջադրման, լուսանկարային եւ վերնագրերի ձեւավորման գործում, մինչեւ որ հայ տպագիր մամուլի նորարար Պավել Դալլաքյանը մշակեց էջադրման ստանդարտ ձեւ՝ համակարգչային ծրագիր:
Սակայն հետագայում Վահանի կյանքի հիմնական գործը դարձավ հոր՝ գեղարվեստական լուսանկարչության մեծ վարպետ Անդրանիկ Քոչարի ստեղծագործական եւ արխիվային հարուստ ժառանգության վերհանումն ու հոր պատվիրանների իրագործումը:
Վահանը հասցրեց իր պաշտելի հոր, իր ուսուցչի այս պատվիրանները մասնակիորեն իրագործել: 2007թ. իր վաղեմի մտերիմ ընկեր, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ նա տպագրեց «Հայ լուսանկարիչներ» ծավալուն պատկերագիրքը, ուր ամփոփված են տարբեր շրջանների եւ երկրների 480 հայ լուսանկարիչների մասին տեղեկություններ եւ պատկերներ:
Վահանն ընդհուպ մոտ էր նաեւ լուսանկարչության թանգարանի ստեղծմանը, 5-6 տարի առաջ նույնիսկ այդ մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Երեւանի քաղաքապետարանի հետ: Մեր վերջին հանդիպումների ժամանակ, երբ արդեն հիվանդությունն իրեն զգացնել էր տալիս, փոխնիփոխ հավատով ու հուսալքությամբ նա անընդհատ խոսում էր դրա մասին: Դիմելով զանազան հաստատությունների եւ տեսնելով, որ իր սպասելիքները չեն արդարանում, արդեն ծանր հիվանդ Վահանն արեց իր վճռական քայլը՝ անցյալ տարի սեփական տանը (Երեւանի Ավետ Ավետիսյան թիվ 19 հասցեում) սեփական միջոցներով բացեց Անդրանիկ Քոչարի անվ. լուսանկարչության թանգարանը:
Որդին հոր առաջ կատարեց իր պարտքը: Մեր վերջին հանդիպումների ժամանակ հիվանդության մահճին գամված Վահանն ասում էր, թե ոտքի կանգնելուն պես պիտի ընդարձակի թանգարանի սրահները նոր շինություններով, որովհետեւ կուտակված ժառանգությունն ու ցուցադրելիքները շատ մեծ են ու հավելյալ տեղ են պահանջում:
Անցյալ սեպտեմբեր 12-ին այդ մասին նա առիթ ունեցավ խոսելու նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, Նախագահականի բակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» ցուցահանդեսի բացման ժամանակ: Նախագահը համամիտ էր, որ այդպիսի թանգարանը կարող է դառնալ թե՛ այդ բացառիկ ժառանգության պահպանման եւ ուսումնասիրման կենտրոն, թե՛ ունենալ կրթական եւ տուրիստական ուղղվածություն:
Եթե անկեղծ լինենք, այսօր Երեւանի Ավետ Ավետիսյան թիվ 19 հասցեում պատսպարված Անդրանիկ Քոչարի անվ. լուսանկարչության թանգարանը թե՛ տեղանքով, թե՛ ծավալներով չի համապատասխանում այդ առաքելությանը: Կարծում ենք, որ Հայաստանում ինչպես պետական գերատեսչությունները, այնպես էլ հասարակական եւ մասնավոր սեկտորը կարող են եւ պարտավոր են իրենց ջանքերը համադրել մայրաքաղաքի ավելի բանուկ մասում այդպիսի կարեւոր կենտրոնի ստեղծման հարցում:
Նկար 1. 1991թ. «Ազգ» թերթի ակունքներում: Աջից՝ Վահան Քոչարը, ձախից՝ Համլետ Գասպարյանը եւ արձակագիր ու լրագրող Շաքե Վարսյանը:
Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում