Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ոսկանյան․ «Ընթացող պատերազմը նաեւ մեզանում զգալի չափով հանգեցրեց «բոլոր արժեքների վերարժեւորմանը»․ «Ազգ»

Հոկտեմբեր 24,2020 07:00
ashot voskanyan

«Ազգ»-ի հարցազրույցը Ավստրիայում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի հետ

– Պարոն Ոսկանյան, Դուք երկար տարիներ դիվանագիտական աշխատանք եք կատարել Ավստրիայում, Գերմանիայում, բնականաբար ճանաչում եք այդ երկրները «ներսից»: Ձեր գերմանախոս լինելն էլ նպաստում է, որ այդ երկրներում ծավալվող խոսույթին (դիսկուրս) մասնակից լինեք:

Հոկտեմբերի 16-ին Ավստրիայի պառլամենտում միաձայն ընդունվեց ԼՂ հարցով առաջարկ միջնորդությունը (Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրիայի եւ ԵՄ ջանքերին, Թուրքիայի միջամտության եւ զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն): Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը միաձայն դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում Բունդեսթագին, որ նման քայլ ինքն էլ անի: Մանավանդ հայության անվտանգության հարցի մասին անուղղակի ակնարկ կա հենց նրաՙ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի տեքստում:

– Անկասկած տեղյակ եք, որ այսօրվա Ավստրիայի հասարակության մեջ իշխող տրամադրությունները փոքր- ինչ տարբերվում են «եվրոպական միջինից»: Ավստրիական իշխանություններն ավելի են կենտրոնացած ազգային խնդիրների, օտարների ներգաղթի, ավստրիական ավանդական կենսակերպի պահպանման եւ նման այլ հարցերի վրա: Նաեւ թուրքերի հետ ունեցած պատմական փորձառությունն է խաղում իր դերը: Բնական է, որ իրենց արձագանքն ավելի սուր եւ անմիջական էր լինելու:(*)

Այնինչ Գերմանիան, որպես ԵՄ առաջատար երկիր շատ ավելի մեծ պարտավորություններ ունի եւ շատ ավելի բարդ եւ զգուշավոր քաղաքականություն է վարում: Թուրքիայի հետ նրա հարաբերությունները ծայրահեղ խճողված են, նույնիսկ բեւեռացված՝ մի կողմից կարող ենք հիշել ոչ վաղ անցյալի բացահայտ կոնֆլիկտը Էրդողանի հետ, որը փորձում էր մոբիլիզացնել Գերմանիայում բնակվող թուրքական տարրը իր քաղաքական նպատակների համար, մյուս կողմից՝ Թուրքիայի շանտաժը, կապված պատերազմական շրջաններից եկող գաղթականների ահռելի հոսքը չարգելակելու եւ այն դեպի Եվրոպա ուղղորդելու սպառնալիքի հետ: Չեմ ուզում ծանրաբեռնել պատասխանս, թվարկելով բոլոր գործոնները, բայց դրանք իսկապես շատ են: Ինչ վերաբերում է «անուղղակի ակնարկներին», դրանք այսօր էլ արվում են, բավական է հիշել ԳԴՀ արտգործնախարարի զգուշացումըՙ չեզոքությունից հնարավոր հրաժարման մասին:

– Բունդեսթագի եւ Բրանդենբուրգի Լանդթագի AfD խմբակցության մի շարք պատգամավորներիՙ Շտեֆֆեն Կոտրեի, Շտեֆան Կոյթերի, Անդրեաս Գալաուի, Անդրեաս Կալբիցի Արցախ այցը, Արցախը ճանաչելու մասին հստակ արտահայտությունը, ինչպես սպասվում էր, երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին քննադատվեց Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Բունդեսթագին ու Լանդթագին: Ծայրահեղ աջ AfD-ն՝ (Այլընտրանք Գերմանիայի համար) ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Բունդեսթագում ունի նաեւ անդամներ, որ պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Սակայն սրա մասին որեւէ մեկը հիմա չի խոսում, ընդհակառակը, Գերմանիայում վերոհիշյալ պատգամավորների այցի քաղաքական շահարկումը դեռ նոր է սկսվում: Իսկ երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին Բեռլինում գերմանական ԶԼՄ- ներից մեկի ներկայացուցիչը հստակ հարց ուղղեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանին, պարզելու համար, թե արդյոք Հայաստա՞նն է հրավիրող կողմը: Գերմանաբնակ հայերը երբեմն շատ սուր ու զգայուն են, մերժում են այս կուսակցության՝ Հայաստանին ու հայերին ի նպաստ արված յուրաքանչյուր քայլ ու արտահայտություն: Ակնարկածս նկատելի է սոցցանցերում: Պարոն Ոսկանյան, հատկապես մեր լսարանին, մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում, Գերմանիայում ի՞նչ պիտի հուշել: Ինչպե՞ս պատասխանել, երբ գերմանացիներն են սա թեմա դարձնում:

– Արդեն ասացի, որ գերմանական հանրության կարծիքները միշտ չէ, որ համընկնում են դասական կուսակցությունների եւ մամուլի չափազանցված «քաղաքական կոռեկտության» հետ: Կան ավանդական խնդիրներ, կան եւ նոր անհանգստություններ:

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը թեեւ արմատական աջ հայացքներ ունի, բայց ոչ մի դեպքում ֆաշիստական չէ, այլապես նա իր շոշափելի տեղը չէր ունենա Բունդեսթագում: Իրենց քարոզած «այլընտրանքը» ԵՄ-ից դուրս գալն է, որը վերջերս իրականացրեց Մեծ Բրիտանիանՙ առանց ֆաշիստական համարվելու: Հասկանալի է, որ ավանդական կուսակցությունները, որոնք AfD -ի պատճառով ընտրազանգված են կորցնում, շահագրգռված են այն դիվայնացնելու: Սակայն, այդ կուսակցությունն ավելի ծայրահեղ չէ, քան ասենք Մարի Լը Պենի կուսակցությունը Ֆրանսիայում, այսօրվա կառավարող կուսակցությունը Հունգարիայում եւ շատ ուրիշներ: Չեմ կարող ասել, որ ինքս նման հայացքների համակիր եմ, բայց համարում եմ, որ պետք է համագործակցել բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնք կարող են օգնել մեր ազգային շահերի պրոպագանդմանը կամ լուծմանը:

Ցավով պետք է արձանագրեմ, որ ընթացող պատերազմը նաեւ մեզանում զգալի չափով հանգեցրեց «բոլոր արժեքների վերարժեւորմանը»: Հայ հասարակությունը համոզվեց, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խոսույթները շատ դեպքերում օգտագործվում են որպես դատարկ կարգախոսներ եւ չեն ծառայում իրենց նպատակին: Իհարկե, պետք է բոլոր ջանքերը գործադրել դրանք աշխատեցնելու համար, բայց եւ պետք է նկատի ունենալ, որ մենք պետք է աշխատենք բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնցից կարող ենք իրական օժանդակություն ստանալ: Մենք պետք է զգույշ լինենք չանցնելու համար գերմանական հասարակության մեջ գոյություն ունեցող «կարմիր գծերը», բայց եւ բավականաչափ պրագմատիկՙ օգտագործելու համար բոլոր շանսերը, որ տալիս են այդ դաշտի լեգիտիմ խաղացողները:

*) Խոսքը վերաբերում է 1526 եւ 1632 թթ.ին Վիեննայի պատերի տակ թուրքական զորքերի ջախջախման փաստին, որը Արեւմտյան Եվրոպան փրկեց թուրքական ներխուժումից: Ծ.Խ.:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031