Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում եղել են դիմումատուների հարազատների մարմինները վերադարձնելը մերժելու գործեր

Հոկտեմբեր 24,2020 13:00

Ադրբեջանը սանձազերծած պատերազմում պատմության մեջ կմնա նաեւ նրանով, որ սեպտեմբերի 27-ից սկսյալ մարտադաշտից չի հավաքել իր պետության դրոշի տակ կռվող երիտասարդների դիակները, եւ գնդակոծումների պատճառով վնասել է նաեւ մեր գերեզմանատեղիները, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այս օրերին հաճախ եմ ուսումնասիրում ՄԻԵԴ-ում արդեն իսկ քննված ընդդեմ Ադրբեջանի, ընդդեմ Թուրքիայի գործերը, ՄԻԵԴ, որն արձանագրել էր, թե` վերջերս քննված գործերից մեկի ժամանակ դատարանը պարզել է, որ իշխանությունների կողմից դիմումատուների հարազատների մարմինները վերադարձնելը մերժելը եւ դրանք անհայտ վայրում թաղելու կարգադրության հետեւանքով, այլազգի դիմումատուները զրկվել էին իրենց հարազատների գերեզմանատան տեղն իմանալու եւ հետագայում այնտեղ այցելելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ն այդ գնահատել էր միջամտություն դիմումատուների անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի իրականացմանը:

ՄԻԵԴ-ում 2015թ. հունիսի 16-ին ավարտված Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով դիմումատուն դեռեւս 2006թ. օգոստոսի 11-ին դատարան էր ներկայացրել Գյուլիստանի քարտեզները, որոնք վկայել էին այն մասին, որ գյուղում եղել է գերեզմանատուն։ ՄԻԵԴ-ն արժանահավատ էր համարել Սարգսյանի այն պնդումը, որ գյուղի գերեզմանատանը եղել են նրա մահացած ազգականների գերեզմանները, եւ Գյուլիստանում նրա մահացած ազգականների գերեզմանների հետ մշակութային եւ կրոնական կապվածությունը նույնպես կարող է ընդգրկվել «անձնական եւ ընտանեկան կյանք» հասկացության մեջ։

2014 թվականի փետրվարի 3-ին ՄԻԵԴ որոշմամբ արձանագրվեց, թե դատարանն ուսումնասիրել է Գյուլիստանը եւ դրա շրջակայքը պատկերող տեսարաններ պարունակող՝ դիմումատուի, պատասխանող Ադրբեջանի կառավարության եւ երրորդ կողմ ներգրավված ՀՀ կառավարության կողմից ներկայացված բոլոր թվային տեսասկավառակները՝ DVD, ինչպես նաեւ ԳԶԱԱ զեկույցի համապատասխան մասերը։ Ըստ ՄԻԵԴ-ի հինգ տարի առաջ կայացրած վճռի՝ հակամարտությանը քաղաքական կարգավորում դեռեւս չի տրվել։ ԼՂՀ-ի ինքնահռչակ անկախությունը չի ճանաչվել որեւէ պետության կամ որեւէ միջազգային կազմակերպության կողմից։ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պարբերական խախտումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի առաջացմանը, իսկ պաշտոնյաները դեռեւս վարում են թշնամական հռետորություն։ Միջազգային զեկույցների համաձայն՝ վերջին տարիներին սրվել է լարվածությունը, իսկ ռազմական ծախսերն Ադրբեջանում եւ Հայաստանում զգալիորեն աճել են։ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործը լսվել էր Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի շենքում՝ 2014 թվականի փետրվարի 5-ին: Վճիռն ըստ էության կայացվել է 2015թ. հունիսի 16-ին: Մինաս Սարգսյանը, որը ուսուցիչ է եղել, մահացել է 2009 թվականին։ Վարույթը շարունակվել է դիմումատուի այրու՝ տիկին Լենա Սարգսյանի կողմից, որը մահացել է 2014 թվականի հունվարին: Վարույթը շարունակել են որդին` Վլադիմիրը, եւ դուստրերը՝ Ծովինար եւ Նինա Սարգսյանները: Սարգսյանների փաստաբաններն են եղել Ն. Գասպարյանը եւ Կ. Օհանյանը։

Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ Գյուլիստան գյուղ վերադառնալու, այնտեղ իր գույքին մուտք ունենալու կամ գույքի կորստի համար փոխհատուցման իրավունքի մերժումը, ինչպես նաեւ իր տուն եւ Գյուլիստանում իր հարազատների գերեզմաններին մուտք ունենալու արգելքը Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 3 արձանագրության 1-ին հոդվածի շարունակական խախտում է։

Սարգսյանին անհանգստացրել է հատկապես այդ գերեզմանների ճակատագրի անորոշության հարցը, եւ առկա անորոշությունը կազմում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտումներ (տե՛ս, մասնավորապես, Էլլի Պոլուհաս Դյոդսբոն ընդդեմ Շվեդիայի (Elli Poluhas DՓdsbo v. Sweden), թիվ 61564/00 (24, ՄԻԵԴ 2006-I, իշխանությունների կողմից դիմումատուին իր մահացած ամուսնու աճյունով սափորը մեկ գերեզմանատնից մյուսը տեղափոխելն արգելելու վերաբերյալ)։

Ըստ մեր կառավարության ներկայացուցչի` Միջազգային հանրության կողմից դատապարտված՝ հայկական գերեզմանատների զանգվածային ոչնչացման պայմաններում (օրինակ՝ Ադրբեջանի Նախիջեւանի 136 շրջանի Ջուղայի հին հայկական գերեզմանատան ոչնչացումը) դիմումատուն ապրել է իր հարազատների գերեզմանների համար անապահովության եւ անհանգստության զգացումով: Ավելին, նա պնդել է, որ խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածն այն իմաստով, որ վերոնշյալ բողոքների հետ կապված իրավական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոց չի կիրառվել, նրա նկատմամբ դրսեւորվել է խտրական վերաբերմունք՝ էթնիկ ծագման եւ կրոնական պատկանելության հիմքով:

Սարգսյանը հայտնել էր, որ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ ինքնավար մարզ էր։ 1989 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ-ի բնակչությունը կազմում էր մոտավորապես 189 000 մարդ, որից 77%-ը էթնիկ հայեր էին։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի խորհուրդը դիմեց Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ, ինչպես նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով, որ ԼՂԻՄ-ը դուրս գա Ադրբեջանի կազմից եւ միանա Հայաստանին։ Մարտի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պահանջը մերժվեց։ Հունիսին պահանջը մերժեց նաեւ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, մինչդեռ դրա գործընկերը Հայաստանում միավորմանը կողմ քվեարկեց։ Միավորմանն ուղղված ցույցերը շարունակվեցին 1988 թվականի ամբողջ ընթացքում։ Բախումները հանգեցրեցին բազմաթիվ զոհերի, եւ Հայաստանից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ շարժվող հարյուր հազարավոր փախստականների հոսքի առաջացմանը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի մասնակիցների 99,9%-ը կազմից դուրս գալուն «կողմ» քվեարկեց։

Ադրբեջանցիները, սակայն, բոյկոտեցին այդ հանրաքվեն։ Նույն ամսին Խորհրդային Միությունը փլուզվեց եւ խորհրդային զորքերը սկսեցին դուրս գալ շրջանից։ Լեռնային Ղարաբաղի ռազմական վերահսկողությունն արագորեն անցավ հայերին։ 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ-ն, հաշվի առնելով հանրաքվեի արդյունքները, վերահաստատեց Ադրբեջանից իր անկախությունը։ 1992 թվականին, երբ հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից։

Սարգսյանը մեծացել է Գյուլիստանում, աշխատել Սումգայիթ քաղաքում, ապա վերադարձել է Գյուլիստան, որտեղ էլ ապրել է մինչեւ 1992 թվականի հունիս ամիսը։ Ունեցել է Գյուլիստանում 167 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն եւ օժանդակ շինություններ, ինչպես նաեւ 2 160 քառ. մետր հող։ Նա նաեւ ներկայացրել է հիմնական բնակելի տան մանրամասն նախագիծը: 1992 թվականի հունիսի 12-ից 13-ը գյուղը ռմբակոծվել է։ Գյուղի բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն եւ նրա ընտանիքի անդամները, կյանքը կորցնելու վախով փախչել են։ Դիմումատուն պնդել էր, որ համագյուղացիները բազմաթիվ առիթներով փորձել են վերադառնալ Գյուլիստան, բայց չեն կարողացել մուտք գործել գյուղ, քանի որ նրանց վրա կարող էին կրակել ադրբեջանական ուժերը։

Պատասխանող ազերիները ՄԻԵԴ-ին հայտնել էին, թե Շահումյանի` Գորանբոյի շրջանային արխիվներում չկա դիմումատուի հետ կապված որեւէ փաստաթուղթ։

ՀՀ կառավարության պատասխանի համաձայն` խնդրո առարկա տարածքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ բաժանարար գիծն այն կիրճն էր, որի միջով հոսում էր Ինջաչայ գետը։ Գյուլիստանը գտնվում էր գետի հյուսիսային կողմում եւ վերահսկվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնք գյուղում եւ գյուղի ծայրամասերում ունեին դիրքեր, մինչդեռ ԼՂՀ զորքերը տեղակայված էին կիրճի մյուս կողմում։ Նրանք նաեւ անդրադարձել են 2008 թվականին դիմումատուի կողմից դատարան ներկայացված՝ գյուղի վերաբերյալ տեսանյութ պարունակող թվային տեսասկավառակին՝ պնդելով, որ բնակելի տների միջեւ քայլող եւ տեսանելի մարդը ադրբեջանցի զինվոր է։ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ որեւէ հայ չէր կարող մուտք գործել գյուղ։

ՄԻԵԴ-ի գնահատմամբ` պատասխանող կառավարության կողմից դիմումատուի գույքային իրավունքները վերականգնելու կամ այդ իրավունքներից օգտվելու հնարավորության կորստի դիմաց նրան հատուցում տրամադրելու նպատակով այլընտրանքային որեւէ միջոց չձեռնարկելու պարագայում, եղել է եւ շարունակում է անհամաչափ բեռ լինել նրա համար:

Դատարանը ձայների՝ տասնհինգ կողմ եւ երկու դեմ հարաբերակցությամբ, մերժել էր պատասխանող կառավարության նախնական առարկությունն առ այն, որ դիմումատուն չի կարող դիտարկվել որպես տուժող՝ իր ազգականների գերեզմանների վերաբերյալ ներկայացված բողոքի մասով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031