Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք լրիվ մենակ ենք եւ այս պատերազմը կարող ենք հաղթել միայն ոգով…

Հոկտեմբեր 24,2020 12:00

Կարծում եմ՝ 25 օրը լիուլի բավարար է, որպեսզի վերջնականապես համոզվենք, որ այս պատերազմում ընդամենը կա հայ ժողովուրդ՝ Հայաստան, Արցախ եւ հայկական սփյուռք ու միմիայն արտառոց, բացառիկ ոգով կարող ենք հաղթել այս պատերազմում ու վերջակետ դնել, որպեսզի այդ երկու հրեշների արյան գենը՝ որքան որ գոյատեւելու է, հայ անունը լսելիս, վախից բացի, այլ զգացում չունենա …:

Մեծագույն խաբկանք է, որ այսքանից հետո էլ մենք դեռ ապավինում ենք որոշ երկրների, արտաքին ինչ-ինչ ուժերի օգնությանը կամ նրանց ռեալ միջամտությանն այս պատերազմին, որի արդյունքում բացի մի ամբողջ մատաղ եւ երիտասարդ սերունդ կորցնելուց, այլ բան չենք ունենա: Լավագույն դեպքում, պետք է աղոթենք Տիրոջը, որպեսզի մեզ պահապան լինի գոնե այնքանով, որ այդ երկրները՝ հանուն իրենց շահի, թաքուն կերպով՝ անբացահայտ չօգնեն հակառակորդին, քանզի հիմնական դերակատար երկրները հակված են կարծել, որ Ադրբեջանն ինչ-որ իմաստով արդարացի պատերազմ է մղում (խորքում, իրենց հայտարարություններն այդ մասին են վկայում) եւ մենք պարտավոր ենք ետ վերադարձնել ազատագրված (հատուկ շեշտում եմ, ըստ իրենց՝ գրավյալ) տարածքները, որից հետո միայն կփորձեն ռեալ միջամտել առկա գլոբալ կոնֆլիկտին:

Այստեղ երեք տարբերակ է հնարավոր. առաջին, նրանք տեղյակ չեն, որ դա պատմական հայկական հող է եւ դարեր շարունակ այդ պապենական տարածքում հիմնականում բնակվել են հայերը (իհարկե, քիչ հավանական է, որ չիմանան), երկրորդ. չեն ուզում ժամանակային կտրվածքով շատ առաջ գնալ եւ այդ հարցին նայել պատմականորեն (ավելորդ գլխացավանքից խուսափելու համար) եւ երրորդ. նրանք թքած ունեն, թե դարեր շարունակ այդ տարածքներն ում են պատկանելիս եղել, ընդամենն առաջնորդվում են այն տարբերակով, որն այս պահին իրենց ավելի շահավետ է: Խնդիրը հետեւյալում է. պատերազմի մի կողմում ՆԱՏՕ-ական հարուստ Թուրքիան է, մյուս կողմում՝ աղքատ ու փոքրիկ Հայաստանը:

Պարզ չէ՞, որ նրանք պետք է նեղացնեն թույլին (ավելացրած նաեւ իրենց շահը): Անկախ նրանից, մենք համաձայն ենք ասվածին, թե ոչ, իրականում վիճակն այսպիսին է: Այլ խոսքով, դա մեր ճակատագիրն է, մենք էլ պետք է հարմարվենք ու տնօրինենք նրան: Եվ ահա աշխարհի այս խառնակ վիճակում, երբ ամենուրեք եւ մշտապես մեծ փողերի մրցավազք է, որի արդյունքում շահերի մեծագույն բախումներ, մենք միամիտ-միամիտ սպասում ենք, որ աշխարհաքաղաքական այս խառնարանում հնարավոր է նաեւ, որ այդ երկրների ղեկավարներին ինչ-որ կերպ կվշտացնի օրեցօր աճող՝ մեր անմեղ ու երիտասարդ զոհերի թվի շարունակական աճը եւ նրանք մի պահ դուրս կգան այդ շահերից ու հաշիվներից եւ զուգահեռաբար կփորձեն հարցերին նայել նաեւ զգացմունքային՝ մարդկային դաշտում: Ես չգիտեմ, թե մեր թվարկությունից առաջ կամ դրանից հետո այս բանաձեւը որքանով է աշխատել, սակայն մի բան ստույգ գիտեմ, որ այս մարդակուլ աշխարհում, նմանատիպ հարաբերություններում արդեն երկար ժամանակ զգացմունքներն ընդհանրապես չեն աշխատում եւ ինչպես վերը նշեցի, աշխատում են միմիայն շահերը…:

Իմ սիրելի հայ ժողովուրդ, բա այսքանից հետո էլ ի՞նչ դատարկ հույսեր ենք փափագում, թե իբր այս երկրի ղեկավարը կխոսի այնինչ երկրի ղեկավարի հետ, ավելին, կփորձեն մի բան անել, որ էդ կռիվը դադարեցնեն ու կողմերը նստեն իրար հետ խոսեն ու փորձեն բարիշել: Դե, Ադրբեջանի հետ բարիշելուն քաջատեղյակ ենք արդեն տասնյակ եւ ավելի տարիներ, թե ամենաբարձր ղեկավարների մակարդակով հանդիպումների (հրադադարի նպատակով) հենց նույն վայրկյաններին Ադրբեջանը որքան է սաստկացնում եւ մեծացնում հարձակումների ինտենսիվությունն ու աշխարհագրությունը, ինչպես եղավ հերթական անգամ՝ 10.10.2020թ. Մոսկվայում, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բարձր մակարդակով հանդիպման ժամանակ, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ օրվա ժ.12:00-ից սկսած, պետք է ուժի մեջ մտնի ժամանակավոր հրադադարը, որը ոչ այլ ինչ էր, քան այդ պահից սկսած Ադրբեջանն այլեւս չպետք է կրակեր: Աշխարհը, լրատվական բոլոր գործակալությունները հավատալով այդ հերթական ֆարսին, չափազանց ոգեւորված (կարծես, նաեւ ուրախացած), իրար հերթ չտալով, սկսեցին կայծակնային արագությամբ ու տրատեսակ մեկնաբանություններով սփռել այդ սենսացիոն ավետիսը…:

Սակայն, հերթական անգամ ունեցանք այն, ինչ պետք է ունենայինք: Բնական է, որ երեւույթները պետք է որոշակի տրամաբանության ենթարկվեն, այնպես որ, իմաստալից ու արդարացված են դառնում լոկ այն երեւույթների զարգացման վրա թափվող ջանքերը, որոնք լիովին հիմնազուրկ չեն, այլ խոսքով՝ գոնե մեկ բռնելու տեղ ունեն: Իհարկե, բոլորին է հասկանալի, որ կլինեն երկու մարդ, թե երկու պետություն, ընդհանուր հայտարարի գալու՝ նրանց միջեւ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու այլ ճանապարհ, քան իրար հետ նստել, խոսելը, չկա, սակայն, այս դեպքում, երբ նույն Ադրբեջանը տարիներ շարունակ՝ բազմաթիվ անգամներ արդեն բացահայտորեն ապացուցել է, որ հանձին Ալիեւի, ինքը լուրջ երկիր չէ, քանզի գոնե մեկ անգամ նա չի պահել ձեռք բերված պայմանավորվածությունը, չի հարգել իրեն ու իր խոսքը, էլ ո՞ւր մնաց, որ այս պատերազմի հետ կապված՝ Թուրքիայի նման ձեւով մասնակցության պարագայում, սրան էլ ավելացրած պատերազմի անմարդկային ստարտը, դրա սարսափելի սրությունն ու համատարածությունը, ամենավերջին՝ ստոր ձեւով խաղաղ բնակավայրերին անխնա հարվածելը, ի լուր աշխարհի պատերազմն սկսելու պատասխանատվությունը լկտիաբար Հայաստանի վրա բարդելու սրիկայությունը եւ այսպես շարունակ եւ այլն, …, եւ այլն ու եթե սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ այդ երկու երկրներն էլ պարզորոշ տեսնում եւ լրիվ համոզված են, որ այսպես ասած՝ միջամտության պատրաստակամ բոլոր երկրները լոկ ցուցադրական կոչեր են հնչեցնում, դե այնքան, որ …, այս ամենից հետո ինչպես կարելի է լուրջ ընդունել նրանց համաձայնությունը՝ թեկուզ ժամանակավոր հրադադարի կնքման մասով ու այս ամենի վրա հույսեր կառուցել, հլա մի հատ էլ մեծ ու մեծ շնորհակալություններ հայտնել այդ երկրների ղեկավարներին (իհարկե, այս հարցում ես շատ խոցելի եմ, քանզի կարող են ինձ փնովել, թե գյուտ չես անում, վերջում բոլորն էլ կարող են դրա մասին ասել): Չորս կողմից այնքան էին լրջացրել այդ հրադադարի ձեռքբերման իրողությունը, որ քիչ էր մնում Թուրքիան ու Ադրբեջանն էլ հավատային:

Իհարկե, հույսը վերջինն է մեռնում եւ իր պիեսներից մեկում դրա վերաբերյալ հրաշալի է գրել մեր անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը. թեւեր ես տալիս, որ թռչի եւ վերջին, ամենաճակատագրական պահին պարզվում է, որ դրանք հավի թեւեր են ու այդպես էլ ընկնում է կրակի մեջ ու ողջ-ողջ այրվում: Մեզ նման բամբակյա թեւեր՝ հույսեր պետք չեն, մենք մեր հույսը պարտադիր պետք է դնենք մեր առնական բազուկների վրա ու փորձենք թռչել եւ հաղթել:

Բազմիցս եմ կրկնել, հիմա էլ եմ ասում, որ այս պատերազմը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության շարունակություն: Իհարկե, այն ժամանակ մեր պապերը շատ դեպքերում նաեւ բազմապիսի միամիտ սխալներ են թույլ տվել ու մորթվել, սակայն այսօր այլ ժամանակներ են, չկա Խորհրդային Միությունը, չկա Ստալինը, փոխարենն ունենք զարգացած, աչքաբաց, բանիմաց սերունդ, ով քաջ գիտակցում է իր առաքելությունը, որ իրենք պարտավոր են ուղղել իրենց պապերի թույլ տված սխալները եւ այս ոչ ցանկալի, սակայն պարտադրված պատերազմը պետք է անպայմանորեն հասցնել հաղթական ավարտին եւ այն դարձնել վերջին կռիվը թուրքերի հետ ու հիմնավորապես ամրագրել մեր երկիրը, ինչով հաստատապես կջերմացնենք անցած դարի 1,5 միլիոն եւ երրորդ հանրապետության՝ նորանկախ Հայաստանի եւ Արցախի վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում նահատակված՝ երկնքում ննջող մեր ազգակիցների հոգիները, նրանց պարգեւելով խղճի անասելի հանգստություն, որից հետո միայն նրանք ի վիճակի կլինեն երկնային արքայության մեջ իրենց հանգիստ ու հավիտենական, անուշ քունը վայելել…

Իսկ այս գերնպատակին կարող ենք հասնել միմիայն բռունցքված, հույսներս մեզ վրա դրած եւ ամուր ու անկոտրում հոգով…
Չեմ վարանի երկու բառ ասել հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվող Պոմպեոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների վերաբերյալ: Վատ չէ, թող հանդիպեն ու զրուցեն: Սակայն, համարյա համոզված եմ, որ արդյունքը կլինի նույնը, ինչ եղավ Մոսկվայի հանդիպումից հետո: Այդ հարցով իրական արդյունքի հասնելու մեկ տարբերակ կա. պետք է պարտադրեն Ադրբեջանին, որպեսզի անմիջապես դադարեցնի պատերազմը, քանզի նրանք այլ լեզու չեն հասկանում: Իսկ դա չի լինի…

Փառք մեր ժողովրդին, փառք մեր նահատակներին, փառք ապրողաց, ովքեր մոտ ժամանակներս կվայելեն լոկալ Միացյալ Հայաստանի (Հայաստանի ու Արցախի) քաղցրությունը…
Աստված պահապան բոլորիս…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031