Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկը զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս, փրկված տղան արդեն գիտակցության է եկել

Հոկտեմբեր 24,2020 13:30

«Հայկն ինձ համար ամեն ինչ էր, իմ երջանկությունն էր ու ապագան»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կյանքը զոհաբերած Հայկ Սահակյանի սիրած աղջիկը՝ Լուիզը: Հայկն ընդամենը 20 տարեկան էր եւ, չնայած իր ապրած երկու տասնամյակին, Լուիզի խոսքով, կյանքի մեծ փորձառություն ուներ:

«Հայկն առաջին հերթին շատ լավ մարդ էր, բարի, ընկերասեր, շատ հոգատար ու ուշադիր: Բայց տեսակով բարդ մարդ էր, հեշտ չէր նրան հասկանալը, շատ տարբերվող ու ճկուն մտածելակերպ ուներ, չկար մի թեմա, մի որեւէ բնագավառ, որից գիտելիքներ չունենար: Նպատակներն ու ցանկությունները բազմազան էին, արդեն վաղուց ամեն բան ապագայի հետ կապված միասին էինք պլանավորում, զորացրվելուն պես պետք է մեր փոքրիկ բիզնեսը հիմնեինք, այնուհետեւ նշանադրվեինք»,-Հայկի եւ իր ապագա երազանքների մասին կիսվում է Լուիզը։ Ասում է՝ Հայկի հետ ավագ դպրոցում միեւնույն դասարանից են եղել, սկզբում ընդհանրապես չեն շփվել, սակայն Հայկն առաջին իսկ հայացքից Լուիզի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել, որը ժամանակի ընթացքում ավելանալով՝ հիմք է դրել մտերմանալուն: Սկզբում պարզապես ընկերներ են եղել, որը ժամանակի ընթացքում վերածվել է, Լուիզի խոսքով՝ հեքիաթային սիրո. «Հայկը, չնայած իր տարիքին, բավակին հասուն էր ու կայացած, այնքան բան է ինձ սովորեցրել, տպավորություն է, թե ամբողջ հետագա կյանքիս համար էր ինձ պատրաստում: Միայն հայացքը բավական էր, որ հասկանայինք իրար, ասում էր, որ ես իր աղջիկ տեսակն եմ: Շատ կապված ենք եղել, ամեն հարցով կիսվել ենք, յուրաքանչյուրիս անելիքները միասին էինք քննարկում, հաշվի էինք առնում մեկս մյուսի կարծիքը։ Այո, ես մեզ համարում եմ իդեալական զույգ, դա հենց այն սերն էր, այն հարաբերություններն էին, որի մասին երազում է յուրաքանչյուր մարդ: Աննկարագրելի երջանիկ եմ եղել»:

Հայկի ծառայության ժամանակ Լուիզը մեծ ապրումներ է ունեցել. «Ամեն անգամ հազիվ արցունքներս կուլ տալով էի խոսում: Շատ հաճախ էինք խոսում, ամեն օրը լի էր սպասումով, որը պետք է վերջանար հունվարի 31-ին, բայց փոխվեց ամեն բան ու պետք է շարունակեմ սպասել` չիմանալով ինչքան: Հոկտեմբերի 1-ին, երեկոյան աշխատանքիս վայրում էի, երբ զանգ ստացա քննիչից, մի քանի հարցեր տալուց հետո, ասաց, որ Հայկս զոհվել է: Ուշքի գալուց հետո զանգահարել եմ Հայկի եղբորն ու ընկերոջը, ամբողջ գիշեր փնտրում էինք Հայկին, կամ որեւէ տեղեկություն իր մասին՝ վստահ էինք, որ սուտ էր: Միայն առավոտյան Հայկենց տուն գնալիս իմացա, որ ճիշտ է»:

Պարզվել է՝ Հայկը զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս, փրկված տղան արդեն գիտակցության է եկել։ Հայկի այդ հերոսական քայլի մասին արդեն շատերը գիտեն։

Քույրը՝ Անին, դժվարությամբ է հավատում, որ Հայկն այլեւս չկա. «Հայկն ուրիշ էր։ Դպրոցի դասերը չէր սիրում, բայց իրեն հետաքրքրող ամեն բանի մասին տեղեկություն ուներ: Վերջին գիրքը, որ բանակում կարդում էր՝ ժեստերի մասին գիրքն էր: Հաճախ շաբաթներով մեր տանն էր մնում ու երբ որ իր սիրած կոնֆետներից էի տալիս ու գնում էի քնելու՝ առավոտյան տեսնում էի միայն թղթերն են մնացել։ Մինչեւ ուշ գիշեր ֆիլմ էր դիտում ու կոնֆետ ուտում: Առավոտյան գալիս էր, սենյակիս դուռը ծեծում՝ հարցնում՝ սուրճ խմո՞ւմ ես, մինչեւ պատրաստվում էի, տեսնում էի ինքն արդեն արթնացել է, անկողինը հավաքել ու մեզ համար սուրճ պատրաստել»: Ասում է՝ երբ ընկերներով կռիվ էին անում՝ զանգում էր մեծ քրոջն ու կապտուկները փակելու համար դեմքի քսուք ուզում, որ մայրը չտեսնի ու անհանգստանա:

Քրոջ խոսքով, Հայկի ծառայության ողջ ընթացքում մեկ անգամ է գնացել եղբորը տեսության. «Միշտ զանգում էր, հարցնում՝ հո խնդիրներ չունե՞մ ու ասում, որ խնդրի դեպքում իր ընկերներից որ մեկին դիմեմ։ Հայկս զոհվեց հոկտեմբերի 1-ին, դրա մասին գիտեին միայն Հայկիս հարազատ եղբայրն ու ընկերուհին, վերջին զանգն ընկերուհուն էր արել»։

Զոհվելու մասին լուրը մնացած հարազատներն իմացել են հոկտեմբերի 2-ին։

«Քնած էի, արթնացել եմ քրոջս լացից ու, երբ մամաս աշխատանքից լացելով տուն մտավ՝ հասկացա, որ Հայկս էլ չկա…»,-պատմում է քույրը։ Ասում է, որ այդ ցավն իրենց երբեք չի լքի։ Կարոտը մնացել ու խեղդում է կոկորդը, բայց ապրելու է Հայկի համար՝ նրա չապրած գարունների փոխարեն։

«Նա բոլորիս համար եղել է թե օրինակելի ընկեր, թե օրինակելի մարդ: Շատ հանգիստ բնավորություն ուներ: Ճկուն մտածելակերպ, ամեն ինչի լուծումը գտնում էր շատ կարճ ժամանակում: Մինչեւ վերջ նվիրվում էր այն մադկանց, ում սիրում էր, նրանց համար չէր խնայում ոչինչ: Շատ ենք ունեցել հիշարժան, հետաքրքիր ու աննկարագրելի լավ օրեր: Միշտ ասում ու ուզում էր, որ ընկերներով միասին լինենք՝ մի բռունցքի նման, հասկացող ու զիջող մեկս մյուսի նկատմամբ»,-մեզ հետ զրույցում ասում է ընկերը՝ Արտաշը։ Ասում է՝ ծառայության ընթացքում հաճախ են խոսել, Հայկից միշտ խորհուրդներ է հարցրել. «Շատ նպատակներ ուներ թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների հետ կապված: Ամենաառաջնայինը իր ու Լուիզի նշանադրությունն էր»:

Ընկերը պատմում է, որ սեպտեմբերի 30-ի գիշերը Հայկի ծառայակից ընկերները զանգել էին եւ ասել, որ զոհվել է. «Երբ հասկացանք, որ ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չէ՝ փորձեցինք զսպել մեզ եւ սպասել: Հաջորդ օրը առավոտյան իմացանք՝ ընկերուհու հետ է խոսել ու սրտներս հանգստացավ: Հոկտեմբերի 1-ի երեկոյան Հայկի ընկերուհին զանգեց ու ասաց լուրը: Մտածեցի կրկին սխալ է, բայց հենց ավելի մանրամասն իմացա Լուիզի եւ քննիչի խոսակցության մասին՝ անհանգստություն մտավ մեջս: Չէինք ուզում հավատալ, մտածում էինք անցած անգամվա նման սխալվել են։ Ման էինք գալիս ողջ գիշեր, փորձեցինք կապվել հետը, բայց չկարողացանք, քնեցինք այն հույսով, որ առավոտյան նորից կզանգի ընկերուհուն ու կհանգստացնի բոլորիս: Ցավոք, մեր սպասելիքները չարդարացան…»: Ասում է՝ Հայկի նման մարդ ու ընկեր կորցնելուց հետո ինչքան ապրեն, այնքան ավելի շատ են զգալու նրա կարիքը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031