Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ տրվել ոչ մեծ էյֆորիայի, ոչ էլ ընկճվածության, ինչը երբեմն դրսեւորվում է համացանցում». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 23,2020 23:35

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցից հետո պատասխանելով այն հարցին՝ արդյոք 20:00-ի դրությամբ Վարդենիսում եւս մեկ ԱԹՍ է խոցվել, որն ընկել է Վարդենիսի տարածքում, նշեց, որ այս պահին նման տեղեկություն չունի, բայց նաեւ հնարավոր համարեց:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ համացանցում տարածվող ապատեղեկատվություն պարունակող քարտեզին, որտեղ իբր գրավյալ տարածքներ ու զորքերի տեղաշարժ է նշված. «Մենք եւս վաղվանից ներկայացնելու ենք որոշակի տեղեկություններ քարտեզով: Պետք է ասեմ, որ այդ քարտեզի մասին տեղյակ եմ, պատերազմի առաջին օրվանից դա տարածվում է, ուկրաինական բլոգերների կողմից պատրաստված քարտեզ է, որը լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը… Մարդկանց ընկալման մեջ քարտեզը հիմնականում ենթադրում է բնագծեր եւ կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ հիմա մարտական գործողություններն ավելի շատ օջախային են, դրա համար քարտեզները լիովին չեն արտացոլում իրավիճակը, բայց մենք եւս կներկայացնենք քարտեզի մեր տարբերակը»:

Հարց հնչեց նաեւ Ստեփանակերտում հայտարարված օդային տագնապի մասին: ՊՆ ներկայացուցչի խոսքով, Ստեփանակերտի ուղղությամբ ամենայն հավանականությամբ հրթիռակոծում է իրականացվել. «Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը մեծ հաշվով ռազմաճակատի տարբեր հատվածներում ունեցած իր անհաջողությունները փորձում է փոխհատուցել Արցախի խաղաղ բնակիչներից վրեժ լուծելով»:

Հարցին՝ առաջնային ի՞նչ պարագաների կարիք ունի զորքն առաջնագծում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զորքն առաջնագծում կոնկրետ որեւէ բանի կարիք չունի, իսկ եթե այդ կարիքն առաջանում է, հընթացս էլ լուծվում է զինված ուժերի մատակարարման եւ ծառայությունների միջոցով: Եթե որեւէ բանով որեւէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, հիմնականում դրանք կարգավորում են Արտակարգ իրավիճակների եւ Պաշտպանության նախարարությունները, որոնց համապատասխան հեռախոսահամարներ ու հասցեներ հրապարակվել են: Եթե խոսքը դրամական միջոցների մասին է, դրանք պետք է ուղղել «Հայաստան» համահայկական եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին»:

Կարելի՞ է ասել, որ կրակի խտությունը առաջին օրերի համեմատությամբ թուլացել է շփման գոտում, այս հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ իսկապես մեծ հաշվով թուլացել է. «Ի վերջո կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, եւ չեն կարող առաջին օրվա մեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց նաեւ, երբ առանձին տեղերում փորձում են հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը միանգամից բարձրանում է»:

Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ավարտին կրկին շեշտեց. « Երբ նշում ենք, որ իրավիճակը ծանր է, այստեղ լարված է եւ այլն, դա խոսում է այն մասին, որ մենք նկարագրում ենք դիրքերի դրությունը, իրավիճակը ռազմաճակատի տարբեր հատվածներում, նշում ենք ուղղությունները, դրանից ավել տեղեկություններ չենք կարող տալ…Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ, եւ որեւէ հայկական լրատվական տիրույթի արգելանք գոյություն չունի…Շատերիդ պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան՝ ամեն մի գյուղի, ամեն մի կամրջի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություններ ստանալու առումով, բայց պատերազմի ժամանակ այդքան էլ տեղին չեն նման պահանջմունքները: Հատկապես, որ ենք իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձեւով, ծանր իրավիճակը ասում ենք ծանր է: Պատերազմի դինամիկան մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, եւ պետք չէ տրվել ոչ մեծ էյֆորիայի, ոչ էլ ընկճվածության, ինչը, երբեմն, դրսևորվում է համացանցում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031