Արցախյան պատերազմում նահատակված Էդգար Չոլակյանը մեծացել էր արտերկրում․ նրա ընտանիքը բնակվել էր ՌԴ-ում, այնուհետ տեղափոխվել Թուրքիա։ Նա տան մինուճար որդին է, հայրը մահացած է։
Էդգարի մորաքրոջ որդին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը պատմում է, որ Էդգարն ու նրա մայրը, բնակվելով թշնամու երկրում, որոշել են տեղափոխվել հայրենիք։
«Էդգարը հայտարարեց, որ պիտի ծառայի Հայոց բանակում, 1,5 տարի առաջ մկրտվեց ու գնաց ծառայության մեր պաշտպանական շրջաններից մեկում։ Մեր հերոսը չկա․․․ Ինքը գժի պես սիրեց իր հայրենիքը՝ շատ կարճ ժամանակահատվածում այստեղ բնակվելով։ Ցավոք, ինչպես Էդգարս, այնպես էլ մեր հերոսներից շատերը չկան, երբ պատմում են, խոսում են ինչեր են արել մեր տղաները մարտի դաշտում, հպարտության անասելի զգացում ես ապրում։ Մանրամասներ չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ Էդգարն ու իր ընկերները մինչև վերջ կռիվ են տվել, անզիջում պայքարել են։
Կարդացեք նաև
Ցավոք, մեր հերոսը մեր կողքին չէ, բայց ես հպարտանում եմ նրա մոր ուժեղ լինելով, որովհետև մայրը շատ հպարտ է, վստահ է, որ մենք հաղթելու ենք, թեկուզ իր երեխայի արյան գնով, բայց հաղթելու ենք։
Երբ ես բեմադրում էի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, մեր երիտասարդը նայեց ու խրոխտ ձայնով ասաց՝ ես այս պահից սկսած՝ հաստատ որոշեցի, հայրենիք եմ տեղափոխվում, ծառայելու եմ Հայոց բանակում։ Պատկերացրեք, մարդ, ով հայրենիքում էր շատ կարճ ժամանակով՝ մոտ երկու ամիս, գնաց, ծառայեց, 7-8 ամսից բանակից վերադառնալու էր։ Ծառայության մեկնել էր Գյումրու զինկոմիսարիատից։
Սգում ենք, վերքը շատ թարմ է, բայց հպարտ ենք ինչպես Էդգարով, այնպես էլ մեր մյուս հերոսներով»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ