Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոգեւորված եմ հակամարտության բնույթի վերաբերյալ Պուտինի ձեւակերպումներից, ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին անգամ հայտարարվեց բարեկամ երկրի ղեկավարի շուրթերից». Կարեն Օհանջանյան

Հոկտեմբեր 23,2020 23:00

Երեկվանից բուռն քննարկումների տեղիք են տվել «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ադրբեջանի հարձակման ու արցախյան հակամարտության մասին: Սոցցանցերում հակասական մեկնաբանություններ կան. մի մասը գտնում է, որ շատ հայանպաստ հայտարարություն էր, որովհետեւ խոսեց հակամարտության հիմքերի մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այլ այն սկսվել է էթնիկ դիմակայությունից, մի մասն էլ տարակուսած է Էրդողանի հասցեին նրա գովեստի խոսքերից ու հրապարակած զոհերի թվից:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը հարցին, թե ինքն ի՞նչ տպավորություն է ստացել Պուտինի հայտարարություններից ու եթե դիվանագիտական լեզուն այսպես ասած թարգմանենք, ի՞նչ էր ուզում ասել Պուտինը՝ պատասխանեց.

«Եթե ​​Պուտինի դիվանագիտական ​​լեզուն թարգմանենք բոլորի համար մատչելի ժողովրդական լեզվով, ապա նա ուզում էր ասել, որ ղարաբաղյան հակամարտությունն ուղղակիորեն ազդում է Ռուսաստանի շահերի վրա ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ Ռուսաստանի սահմաններից դուրս` Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի շահերը մի կողմից ստիպում են նրան լինել ծայրաստիճան ճկուն, որպեսզի չկորցնի իր որեւէ գործընկերոջ եւ դրա հետ մեկտեղ նաեւ փորձեն լուծել խնդիրը երկարաժամկետ կտրվածքով, բայց առաջին հերթին ուզում են կողմերին ստիպել անհապաղ պահպանել հրադադարի մասին արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Կարեն Օհանջանյանն ասաց, որ ինքը ոգեւորված է հակամարտության բնույթի մասին Պուտինի ձեւակերպումից. «ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին անգամ բարձրաձայն հայտարարվեց բարեկամ երկրի ղեկավարի շուրթերից: Իհարկե, դա չի կարող դուր գալ մեր հակառակորդներին ՝ Արցախի տարածքում այսօրվա Սումգայիթի իրավահաջորդներին:

Ինչ վերաբերում է թվեր հրապարակելուն, Պուտինը ամենից լավ գիտի: Ռուսաստանը տիեզերական գերտերություն է, եւ նրա առաջնորդի շուրթերից հնչում են թվեր, որոնք հիմնված են տիեզերական պատկերների վրա: Մյուս կողմից, կարծում եմ, որ նա դիտավորյալ մի քանի անգամ կրճատեց Ադրբեջանի կորուստները: Նա այստեղ փորձեց պահպանել հավասարությունը հակամարտության կողմերի միջեւ, որոնց, ի վերջո, նա եւ միայն նա պետք է միանձնյա հաշտեցնի»:

Իսկ թե ինչ հարց էր լուծում Պուտինը՝ Էրդողանի հասցեին գովեստի խոսքեր շռայլելով՝ Կարեն Օհանջանյանն ասաց. «Դուք գիտեք, որ Ռուսաստանի տնտեսությունը աննախադեպ ճնշման տակ է գտնվում միջազգային տնտեսական կառույցների եւ պետությունների կողմից, որոնք արգելափակում են դրա հնարավորությունները բոլոր տեսակի պատժամիջոցների միջոցով: Էրդողանին ուղղված գովեստի խոսքերը ելնում են այս իրավիճակից. Թուրքիան Ռուսաստանի տնտեսության համար այսպիսի ծանր ժամանակահատվածում շատ հուսալի եւ հարուստ գործընկեր է, որի հետ պայմանագրերը թույլ են տալիս Ռուսաստանին բառացիորեն նվազեցնել պատժամիջոցների բեռը: Սա նրա ելույթի՝ իմ ընկալման զուտ տեսանելի կողմն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանի թաքնված օրակարգին, այն իրոք գոյություն ունի: Այդ օրակարգում Հայաստանը զբաղեցնում է իսկական բարեկամական ռազմավարական դիրքը, իսկ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, հավատացեք, իր պատմությամբ եւ ներկայիս իրավիճակով Ռուսաստանին իսկապես անհրաժեշտ է, եւ նախագահ Պուտինը դա քաջ գիտի եւ փառք է տալիս այն փաստին, որ մենք գոյություն ունենք: Ռուսաստանը Հայաստանի ռազմական եւ ռազմավարական գործընկերն է, եւ դա ամեն ինչ ասում է: Ռուսաստանն այս իրավիճակում անում է այնքան, որքան կարող է: Եվ մենք բոլորս պետք է իմանանք, որ խաղաղությունը շուտով կգա, եւ մենք շատ արժանիորեն դուրս կգանք այս հերթական փորձությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031