ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ տեղեկացրեց, որ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: «Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաեւ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թովում՝ Մարտակերտ եւ Բերձոր քաղաքները՝ հարակից բնակավայրերով, 3 արկ ընկել է Բերձորի տարածաշրջան:
Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ եւ հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի եւ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ: Լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով, որոշ տեղերում դեռ այդ աշխատանքները շարունակվում են»,-հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր տապալվել են, որից հետո զգալի կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի եւ փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում ու անտառներում:
«Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է,հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացվել, որոնք չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց. «Մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը ծանր է, շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ ոմանց ընկալմամբ տեղային փոքր տեղեկությունների հիման վրա թվում են անելանելի, սակայն այդպես չէ, մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին եւ հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներին, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր, թե ցերեկ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ