«Թուրքիան երևի միակ խաղացողն է որը ոչինչ չի կորցնում»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա նշեց, որ պատերազմի ընթացքում հիմնականում ծախսվում է Ադրբեջանի գումարը, հիմնականում ադրբեջանցի զինվորներն ու բնակիչներն են տառապում, որոշ վարձկաններ․ «Ինչքան երկար շարունակվի պատերազմը, այդքան լավ է Թուրքիայի համար։ Պատերազմի ամեն օրը հավանական է դարձնում Թուրքիայի երազանքը ավելի մեծ դեր խաղալ տարածաշրջանում: Եվ այս պատերազմում որոշակի հաջողությունը կբարձրացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում՝ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Վրաստանում, ինչը շատ կարևոր երկիր է Թուրքիայի համար։ Եվ իհարկե՛, Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական ձևաչափը ևս մեկ շահ կարող է լինել»։
Բորիս Նավասարդյանը կարծում է մեկ ազգ, երկու պետություն ձևակերպումը, իհարկե՛, գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունների հետաքրքրությունները ամբողջովին ներդաշնակ չեն Ադրբեջանի տարբեր էլիտայի հետաքրքրությունների հետ․ «Ես վստահ եմ, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը՝ Ալիևի կլանը, այդքան կայուն էր, որովհետև նա փորձում էր Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունների հավասարակշռությունը պահպանել։ Եվ դա իրենց հնարավորություն էր տվել ավելի անկախ լինել այլ արտաքին ազդեցություններից։ Եթե Թուրքիան Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդի, դա որոշակի ռիսկեր կստեղծի ներկայիս ադրբեջանական էլիտաների համար՝ պահել իշխանությունը այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Եվ ռիսկեր կլինեն ադրբեջանական հասարակության որոշ մասերի համար, որովհետև լիովին վստահ եմ՝ եթե Թուրքիան ավելացնի իր ազդեցությունը Ադրբեջանում, մենք կտեսնենք 1000-ավոր մարդկանց ձերբակալություններ, որոնք Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ կունենան»։
Եվ եթե Թուրքիան չկարողանա հաջողության հասնել, ըստ Բորիս Նավասարդյանի, այն հեշտորեն կարող է վերականգնել իր հեղինակությունը շատ միջազգային խաղացողների համար։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ