Բուլղարիայի հայ համայնքն այսօր բողոքի ցույց էր կազմակերպել․ մոտ 300 մեքենաներով հայերը ավտոերթով անցան Վառնա քաղաքի մի ծայրից մյուսը։
Բուլղարիայի հայերի միության քարտուղար, հոգեւոր հովիվ Ներես Կետիկյանի ներկայացմամբ՝ ցուցարարների պահանջն է՝ ճանաչել Արցախը։
Ըստ պարոն Կետիկյանի, ավտոերթով անցել Վառնայի գլխավոր փողոցներով, որտեղ գտնվում են պետական կառույցները․«Մեր նպատակն է, որ մեր ձայնը լսելի լինի հատկապես կառավարությանը եւ եվրոպական կառույցներին։ Հայտարարություն կարդացինք հայ համայնքի անունից, որով կոչ ուղղեցինք եվրոպական հանձնաժողովին եւ եվրոպական խորհրդարանին, որպեսզի հստակ դատապարտեն Ադրբեջանին եւ հատկապես Թուրքիայի գործողությունները, որում ներգրավված են նաեւ ահաբեկչական խմբավորումներ։ Միաժամանակ պահանջում ենք ճանաչել Արցախի հանրապետությունն ու ինքնորոշման իրավունքը»։
Ամեն անգամ, երբ Բուլղարիայում հայ համայնքը ցույցեր է կազմակերպում, ինչպես պատմեց պարոն Կետիկյանը, Ադրբեջանի դեսպանատունը բողոք է ներկայացնում Բուլղարիայի կառավարությանը, որպեսզի արգելվի ցույցը․«Եւ սա այն դեպքում, երբ մենք Բուլղարիայի քաղաքացիներ են, դեսպանը՝ ոչ։ Ու նա փորձում է սահմանափակել մեր սահմանադրական իրավունքները։ Եվ սա է պատճառը, որ հայ համայնքը բողոքի ձայնն է բարձրացնում, որպեսզի Բուլղարիայի կառավարությունը Ադրբեջանի դեսպանին «persona non grata» հայտարարի։ Մենք չենք հոգնելու, հակառակը, ավելի ենք ոգեւորվելու ու ավելին ենք անելու, որպեսզի վճռական վերջին հարվածը տանք, եւ մեկընդմիշտ լուծենք խնդիրը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ