Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված եւ արդեն մոտ մեկ ամիս տեւող պատերազմը, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը համարում է 5-րդ սերնդի պատերազմ: Նրա գնահատմամբ, եթե սկզբում մտածում էինք, որ անօդաչու թռչող սարքերը պետք է լուծեն մեկ խնդիր՝ նկարելով տարածքը եւ հեռակառավարման վահանակով աշխատող մի քանի հրթիռներ գցեն, բայց այսօր հասկացանք, որ միանալով ադրբեջանցիներին՝ թուրքական բանակը, իր կորպուսային ողջ ղեկավար կազմով, սկսած պաշտպանության նախարարից, կռվում է մեր Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի դեմ։
«Ադրբեջանական կողմի պատերազմի ղեկավարումն այսօր ամբողջովին դրված է թուրքական կողմի վրա, որն այսօր ունի 1.5 մլն. զորք, որը միայն հայ-թուրքական սահմանի վրա ունի շատ բարձր տեխնոլոգիաներով զինված երեք կանոնավոր բանակ։ Սա մեր ուժերին 10 անգամ գերազանցող տանկային եւ օդային ստորաբաժանումներով՝ ՀՕՊ ուժերով զինված բանակ է։ Այսքանով հանդերձ, եթե մեր կողմից կա հակահարված, մեր բոլոր հաշվարկներով նրանց զինտեխնիկան արդեն իսկ պետք է որ սպառված լիներ։ Ի տարբերություն սրա՝ մեր զորականները թե՛ իրենց կրթությամբ, թե՛ իրենց սիրով, թե հայրենասիրությամբ զինված կարողացել են հետ մղել թշնամուն եւ տասնյակ անգամ մեծ վնասներ հասցնել նրանց բանակին, որոնց մասին մենք դեռ հետագայում, պատերազմի ավարտին կիմանանք»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում ասաց Աստվածատուր Պետրոսյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարը համամիտ է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հետ՝ այս փուլում հարցը դիվանագիտական լուծում չունի. «Այս փուլում մենք կանգ առնելու ժամանակ չունենք, ինչպես նաեւ այս փուլում բանակցություններն ավելորդ են: Բանակցությունների կգնանք այն ժամանակ, երբ մեր հերոսները կկերտեն մեր հաղթանակները, երբ մենք կհաղթենք։ Սա է լինելու մեր պատասխանը։ Իսկ այդ պատասխանը մենք վաստակելու ենք, որովհետեւ մեր թե տղաները, թե աղջիկները երգելով, երգ ու պարով են գնում մարտի։ Մենք համալրել ենք մեր կորցրածը, այդ թվում նաեւ՝ զինտեխնիկան։ Երբ Ալիեւը զարմացած դեմքով հարցնում է՝ որտեղի՞ց նրանց այդքան զենք, նա պետք է իմանա, որ մենք սկսնակ չենք, իսկ իրենց զենքերը դատապարտված են կործանման»:
Երեկ վարչապետը նաեւ պատրաստակամություն էր հայտնել՝ շփման գծում խաղաղապահների տեղակայման առնչությամբ: Այս հարցում Նիկոլ Փաշինյանի եւ Աստվածատուր Պետրոսյանի տեսակետները չեն համընկնում: «Նրանք գտնվելու են օտար հողի վրա, գալու են պաշտպանելու օտարի հողը ու այդ հողի ողջ ծանրությունը չեն զգալու, ընդ որում՝ ինչ ազգի ներկայացուցիչ ուզում է լինեն՝ ռուս, ամերիկացի, թե ֆրանսիացի։ Նրանք չեն միջամտելու մեր գործողություններին, իսկ մենք չենք կարողանալու թշնամու գործողություններին համարժեք պատասխան տանք, մինչեւ չբախվենք այդ պատի անցագրային կետին։ Որպես ոչ քաղաքական գործիչ, այլ որպես ռազմաքաղաքական ստրատեգ, հեռուն նայող գործիչ եւ ազգիս լավ ճանաչող մարդ, ասում եմ՝ մենք ինքներս կկանգնենք եւ ամրոց կդառնանք, այդ պատը մենք ինքներս կկառուցենք։ Մեզ երբեւէ խաղաղապահների գույներով ներկված պատ պետք չի լինելու։ Կապիտուլացիայի ենթարկված Բաքվից, Անկարայից եւ Ստամբուլից պատ ենք կառուցելու, որի տակ նստած Էրդողանն ու Ալիեւը երազելու են, որ կապույտ գլխարկներով խաղաղապահները գալու են եւ իրենց պաշտպանեն»,-կարծում է Աստվածատուր Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ