Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ էլ հավես ունես երեխայի ծննդյան օրը նշել, ամոթ է, պատերազմ է». ինչո՞ւ թիկունքում կյանքը չպետք է կանգ առնի

Հոկտեմբեր 23,2020 17:21

Օրերս ֆեյսբուքյան խմբերից մեկում, որի անդամները հիմնականում մայրիկներ են, լուրջ քննարկումներ սկսվեցին ծավալվել այն բանից հետո, երբ մի մայրիկ խնդրել էր խմբակիցներին հուշել, թե երեխայի ծննդյան օրը նշելու համար որտեղից կարող է պատվիրել ծաղրածուի ծառայություն:

Այս գրառման ներքո եղան մոտավորապես այն տրամաբանությամբ մեկնաբանություններ՝ ամոթ չէ՞, պատերազմ է, դու երեխայի ծնունդ ես նշում կամ ինչ էլ հավե՞ս ունեք այս օրերին, երբ պատերազմ է, երիտասարդներ են զոհվում և այլն: Կարծիքներ եղան, որ «կարելի է ամեն ինչ էլ անել, բայց տակտի զգացողությունը չկորցնել», «Ողբալով հարց չի լուծվում, պետք է շարունակել ապրել ու նպաստել հայոց բանակի և հայրենիքի շենացմանը», «Էլի ծախսեք, նվերներ գնեք, բայց տաշի-տուշին սահմանափակեք», «Ողբալու փոխարեն մտածեք մարդա մի 4–5 երեխա ունենանք, որ մեր ազգային գենոֆոնդը վերականգնենք»:

Այս թեմայով քննարկումները ոչ միայն առցանց տիրույթում են, այլև առօրյա կյանքում: Թիկունքում այսպիսի խոսակցություններ գրեթե ամեն օր կարելի է լսել: Մարդիկ հետաձգում են իրենց հարսանիքները, որոշները չեն ցանկանում գնումներ կատարել, երեխաներին զվարճանքի վայրեր տանել, կամ իրենք գնալ սրճարան, ժամանցի վայրեր:

Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, որոնց մեծամասնությունը ռազմաճակատում ունի ընտանիքի անդամ, հարազատ, ընկեր, բարեկամ և եթե չունի էլ, միևնույն է, իր ազգի զավակների համար է անհանգիստ և քեֆ-ուրախությունների ժամանակ ու սիրտ չունի: Սակայն այս իրավիճակը ռիսկային է տնտեսական ակտիվության առումով:

Այդ պատճառով էլ օրերս ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կոչով էր դիմել քաղաքացիներին. «Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու, ոչ ժամանակ։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Հասկանում եմ, որ անհարմար եք զգում. մտածում եք` բա կողքից անցնող մարդիկ ի՞նչ կմտածեն։ Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։ Չեմ ասում՝ գնաք քեֆ-ուրախություն անեք, բայց սրճարանում մարդկանց հետ հանդիպել, զրուցել, կամ երեխային տեղ տանել՝ դա էլ է պետք։ Հարգելի՛ գործարարներ, ոչ մի րոպե կանգ մի առեք։ Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Մի հետաձգեք ձեր ներդրումները, ձեր ծրագրերը։ Հիմա խնայողության ժամանակը չի, սպասելու ժամանակը չի։ Հիմա գործելու ժամանակն է։ Որքան ակտիվ, այնքան լավ։ Կլինեն խնդիրներ՝ ասեք։ Կփորձենք արագ լուծումներ գտնել»:

Aravot. am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում այս թեմով զրուցեց «Բում-բումիկ» ընկերության ներկայացուցիչ Սևակ Հարությունյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ իրենց ծառայություններից պատերազմական այս օրերին ծնողներն օգտվո՞ւմ են: Մեր զրուցակիցը պատասխանեց՝ ծառայությունները որպես այդպիսին հավասարվել են զրոյի և մանրամասնեց. «Հիմա մարդիկ ցանկություն չունեն, նաև այնպիսի իրավիճակ է, որ անգամ եթե իրենք ուզում են ծնունդներ անել, բայց հասկանալով, որ շենքում, կողքի մուտքում, կողքի տանը զոհվածներ կան, կամ կորցրել են իրենց բարեկամներին, հարազատներին, մարդիկ սիրտ չունեն ծնունդներ կազմակերպելու և հրավիրելու մեր ծառայությունները: Մենք մեր առաքելությանը հավատարիմ Արցախից եկած երեխաների համար բարեգործական միջոցառումներ ենք կազմակերպում, փորձում նրանց ուրախացնել և հանել դեպրեսիայից»:

Սևակ Հարությունյանը նշեց՝ իրենց համար էլ է դժվար, քանի որ իրենց տղա աշխատողների 99 տոկոսը հիմա առաջնագծում են, իրենք էլ սիրտ չունեն, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հիմա մեր առաքելությունը ուրախացնելն է Արցախից եկած երեխաներին: Ընկերս ասում՝ է դուք «Հին օրերի երգը» ֆիլմի միջի թուղթ ուտողն եք: Ցավալի է, վատ իրավիճակ է: Որպես բիզնես՝ Բում-բումիկ ընկերությունը հիմա հավասարվել է զրոյի, քանի որ պատվերների թիվը զրո է, բայց քանի որ մեր առաքելությունն է ուրախություն, ժպիտ բերել, ինչպես նաև թիկունքում պահպանել ժպիտը, քանի որ ժպիտով փորձում ենք նաև հաղթանակ արձանագրել այս դեպքում: Մենք արդեն Արցախից եկած երեխաների համար ամեն օր երկու-երեք տեղ լինելով՝ ուրախացնում նրանց, որ նրանց մանկական հեքիաթը, որը կոտրել են, փորձենք ինչ-որ սանդղակի վրա բարձրացնել»:

Հարցին՝ ծնունդ նշելն այս օրերին արդարացվա՞ծ է, թե ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժողովրդի լեզվով եթե խոսեմ, ապա, իհարկե, պետք է հետաձգել այդ ծախսերը, քանի որ այս իրավիճակում, երբ ամբողջ ազգն է ցավի մեջ և անել ծննդյան արարողություն, սխալ է: Եթե խոսեմ այն տեսանկյունից, որ կյանքն է թելադրում, ապա համաձայնեք, որ մի տեղ թաղում է, մի տեղ հարսանիք, դրանք միասին, իրար կողքով են անցնում: Կհիշեցնեմ «Հին օրերի երգը» ֆիլմը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բեմադրում են Քաջ նազարը: Մարդկանց պետք է հանել դեպրեսիայից, այդ իրավիճակում մենք ուղղակի զրոյանում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031