Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վենետիկի համալսարանի պրոֆեսոր. «Հնչել են կոչեր կանգնեցնելու «գաճաճ Էրդողանին», որը վերածվել է սուլթանի»

Հոկտեմբեր 23,2020 16:22

Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Իտալիայի հայագետները բաց նամակ են հղել Իտալիայի նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին, Սենատի եւ Պատգամավորների պալատի արտաքին գործերի հանձնաժողովների նախագահներին:

«Որպես հայ մշակույթի գիտնականներ, բայց և որպես Իտալիայի և Եվրոպայի քաղաքացիներ, մենք չենք կարող չհայտնել մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին ստեղծված իրավիճակի առթիվ, որն ուղեկցվում է ոչ միշտ օբյեկտիվ լուրերի տարածմամբ:

Մենք խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած ռազմական ագրեսիան` Թուրքիայի աջակցության ներքո, որն անմիջական ժառանգն է մի պետության, որը հայ ժողովրդի դեմ մեկ դար առաջ իրականացրել է ցեղասպանություն` առանց երբևիցե ճանաչելու այն: Ադրբեջանի կողքին Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը և հայերի ֆիզիկական գոյությունը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է կարողանա ազատորեն որոշել իր ապագան, և որ այս տարածաշրջանի կարգավիճակի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ​​խողովակներով, այլ ոչ թե զենքի օգտագործմամբ:

Խնդրում ենք, ուստի, միջազգային հանրությանը, սկսած մեր երկրից (Իտալիայից), առաջին հերթին անհապաղ միջամտել Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի կասեցնեն ռազմական գործողությունները, այնուհետև ջանալու, որպեսզի վերսկսվեն դիվանագիտական ​​բանակցությունները` հանուն տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման»,- ասվում է նամակում:
Հարցին` ի՞նչ կերպ է արձագանքել Իտալիան ադրբեջանական ագրեսիային, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Ըստ իս այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Պետք է այն դիտարկել առնվազն չորս տեսանկյունից` Իտալիայի հայ համայնք, իտալական հասարակություն, Իտալիայի կառավարություն և գիտական շրջանակներ:

Հայ համայնքը, բնականաբար, անմիջապես ոտքի կանգնեց:

Իտալիայի Հայոց Միությունը հոկտեմբերի 6-ին խաղաղ ցույց կազմակերպեց Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի հրապարակում: Մի քանի օր անց, հոկտեմբերի 13-ին Իտալիայի հայ համայնքն ու Իտալիայի հայկական ընկերակցությունները համատեղ նստացույց կազմակերպեցին Իտալիայի Պատգամավորների պալատի (Palazzo Montecitorio) առջև, որին մասնակցեցին գրեթե քառասուն խորհրդարանականներ: Կիրակի օրը, հոկտեմբերի 18-ին իտալական մի շարք քաղաքներում, այդ թվում` Վենետիկում, Հռոմում, Վերոնայում, Ռեջջո Կալաբրիայում, Նեապոլում, տեղի ունեցավ ֆլեշմոբ` դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան և ճանաչելու Արցախի անկախությունը: Իտալական մամուլը լայնորեն անդրադարձավ և շարունակում է անդրադառնալ դեպքերին»:

Տիկին Հարությունյանի ձեւակերպմամբ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակաբար փորձում է խեղաթյուրել եղելությունը և օտարալեզու ստահոդ լուրեր տարածել` ջանալով ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա. «Իտալիայի պարագայում դա իրեն ոչ միշտ է հաջողվում, քանի որ իտալացիները, որպես քրիստոնեական միևնույն արժեհամակարգի կրողներ, մեծ համակրանք են տածում հայերիս հանդեպ և չեն տրվում ապակողմնորոշող լուրերին: Հարցը բարդանում է, երբ խոսում ենք պետական օղակների մասին: Օրեր առաջ առցանց հանդիպում ունեցանք այլ երկրներում առկա հայագիտական ամբիոնների կոլեգաների հետ: Հանդիպումը կազմակերպել էր ԿԳՄՍ նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչությունը, որի հետ արդեն տարիներ է, ինչ արդյունավետ համագործակցություն ունենք: Քննարկման արդյունքում պարզվեց, որ արձագանքների պատկերը շատ չէր տարբերվում նաև այլ երկրներում, հատկապես Գերմանիայում:

Ընդհանրապես, երբ Իտալիայի կառավարությունը անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությանը, իր դիրքորոշումը բնորոշում է «հավասար հեռավորություն» եզրով: Եվ պատահական չէր, որ Իտալիայի Պատգամավորների պալատի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ «Forza Italia» կուսակցության անդամներից Պաոլա Բինետտին կոչ արեց Իտալիայի վարչապետին և ԱԳ նախարարին` քաջություն ունենալու և դիրքորոշում ընդունելու, որը չլինի հավասար հեռավորությունը, քանի որ «հավասար հեռավորությունը երբեմն նշանակում է մեղսակցություն»: Իտալացի քաղաքական գործիչների կողմից հնչել են նաև կոչեր կանգնեցնելու «գաճաճ Էրդողանին, որը Եվրոպական միության նախաանդամակցական ներդրումների շնորհիվ վեր է ածվել սուլթանի»:

Շատ անելիքներ կան: Հարկավոր է պայքարել ներկայացուցչական բոլոր հնարավոր մակարդակներում: Աղոթում ենք մեր հայրենիքի համար: Հավե՛րժ փառք մեր հերոսներին: Բարի վերադարձ մեր քաջերին»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սոնա Հարությունյանը:

Լուսանկարները՝ Զառա Այրումյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031