Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայերն այսօր բազմամարդ հանրահավաք են անցկացրել Եվրոպայի խորհրդի շենքի առջեւ: Մեկ րոպե լռությամբ զոհված զինծառայողների հիշատակը հարգելուց հետո՝ ցույցի մասնակիցները բացականչում էին՝ «Ստոպ տեռորիզմ», «Արցախ», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Ալիեւ, Էրդողան ահաբեկիչ»: Պաստառների վրա էլ գրված էր՝ «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Ճանաչե՛ք Արցախը»:
Ցույցի մասնակիցները պահանջում էին ՄԻԵԴ-ից ճանաչել նաեւ Արցախում ապրող մարդկանց իրավունքները. «Մենք խնդրում ենք դադարեցնել արյունալի պատերազմը, որն ընթանում է Արցախում: Ավերվել են քաղաքներ, հիվանդանոցներ, տներ, եկեղեցիներ: Եթե շարունակեք անտարբեր լինել, վաղը օդանավակայանն ենք փակելու: Եվրոպան կանգ է առնելու, էկոնոմիկային ենք կպնելու: Մենք ընդամենը մեկ բան ենք ուզում՝ խաղաղություն, իսկ դրա համար պետք է մեկ բան՝ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»:
Ցույցի մասնակիցները հերթով ելույթ էին ունենում. «Ինչո՞ւ է այսօր Եվրոպան, Ֆրանսիան փակել իրենց աչքերը, կարծես կուրացել են, կարծես ոչինչ չեն լսում ու չեն ցանկանում ոչինչ անել: Եթե սա չկանգնի, այդ արյունահեղությունը լինելու է այստեղ եւ ավելի դաժան: Մենք ընդամենը պահանջում ենք, որ Արցախը լինի անկախ պետություն, որպեսզի պատերազմը կանգնի: Մենք չենք ծնում տղաներ, որ տանք նրանց: Մենք սրբի պես ենք պահում մեր զինվորին, նրանց արյունը թանկ է բոլորիս համար»:
Նրանք թվարկում էին հայտնի մարդկանց, որոնց հայ ազգը տվել է աշխարհին, Եվրոպային. «Հիմա մենք իրավունք ունենք պահանջելու, որ Արցախը ճանաչեք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ