Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ՝ լեռնային շրջանների համար. ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք համաձայնագրերի

Հոկտեմբեր 23,2020 15:02

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել հինգ  համաձայնագրերի:

Քննարկված առաջին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին:  Համաձայնագիրը  նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:  Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարել ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում՝ բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  համաձայնագիրը՝ նշելով, որ համաձայնագրի նպատակը համայնքների զարգացումն է:  Փաստաթղթի համաձայն՝ ՎԶՄԲ-ը ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի է, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով:  Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով:

Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 – մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է 2 տարով՝ մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը, ինչի հետեւանքով  Հայաստանը պարտավորված կլինի  վճարել ՎՎԲ-ի  կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը՝  960,000 եվրո, որը նախատեսված չէ 2020թ պետական բյուջեով:

Հաջորդիվ  քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» – մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝  ՀՀ կառավարության եւ Վերականգնման վարկերի (KfW) բանկի միջեւ 2020թ. հունիսի 22-ին ստորագրվել է «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1» – մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 19.12.2014թ. ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.06.2024թ.: Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանը  պարտավորված կլինի վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.300.000 եվրո, որը նույնպես  նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ  «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 31.12.2025թ.: Երկարաձգման դեպքում Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.180.000 եվրո: Այս գումարը եւս նախատեսված չէ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031