Քաղաքագետ Հակոբ Բադալյանը խաղաղապահների տեղակայման հետ կապված հայտարարություններն առայժմ հակված է դիտարկել մարտավարական անհրաժեշտությունների համատեքստում: Aravot.am-ի փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների տեղակայման ընդունելի համարելու հայտարարությունը քննադատության ենթարկվեց՝ կոչեր հնչեցին, թե մենք խաղաղապահներին տալու երկիր չունենք և հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է խաղաղապահների տեղակայումը, դա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ և ինչո՞վ այն կլինի արդարացված, Հակոբ Բադալյանը պատասխանեց. «Այսօր ծանր պատերազմական իրավիճակին զուգահեռ ակնհայտ է, որ ընթանում է շատ բարդ և նաև ծանր քաղաքական գործընթաց: Այդ գործընթացում կարող են հնչել հայտարարություններ, որոնց վերաբերյալ ստույգ, ամբողջական գնահատականներ տալու համար մենք թերևս պետք է ստույգ տեղեկացված լինենք այդ քաղաքական գործընթացների պատկերի վերաբերյալ: Համարում եմ, որ ներկայումս գնահատել այդ հայտարարությունները նախապատերազմական վիճակի տրամաբանությամբ, այդքան էլ ճիշտ չէ: Շտապ եզրակացությունների անհրաժեշտություն էլ չկա, տեղին էլ չէ, որովհետև այդ բարդ քաղաքական, դիվանագիտական գործընթացում կարող են լինել տակտիկական անհրաժեշտություն ենթադրող հայտարարություններ և ըստ այդմ՝ մեկ հայտարարությանը տալ ամբողջական և կատեգորիկ գնահատական ես այդքան էլ կողմնակից չեմ: Այդ հայտարարություններն առայժմ ավելի շատ հակված եմ դիտարկել տակտիկական անհրաժեշտությունների համատեքստում»:
Մեր դիտարկմանը՝ խաղաղապահների տեղակայման հետ կապված մեր հանրությունը նաև կարծրատիպային մոտեցում ունի և այն ճեղքելն էլ բարդ է լինելու, եթե ինչ-որ պահի դրանք ոչ միայն լինեն մարտավարական հայտարարություններ, այլև հստակ գործողություննե՞ր, Հակոբ Բադալյանն այսպես արձագանքեց. «Այո, իհարկե, կա: Ես նույնիսկ այդ առումով կարծրատիպ չեմ որակի: Մենք տեսել ենք, որ այս տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը եղել է բացառիկ այն հակամարտությունը, որտեղ հրադադարը պահպանվել է առանց խաղաղապահների ներգրավման: Այստեղ, եթե չակերտավոր կամ պայմանական ասենք, առաջին գլխավոր և արդյունավետ խաղաղապահը եղել է հայկական բանակը: Միևնույն ժամանակ մենք հիմա ունենք ծանր պատերազմ, և մի բան ակնհայտ է, որ մենք այս պատերազմից հետո անկախ որևէ արդյունքից՝ չենք վերադառնալու նախապատերազմական վիճակին և տրամաբանությանը: Ըստ այդմ՝ մենք կանգնելու ենք որոշակի քաղաքական վերագնահատումների անհրաժեշտության առաջ: Ինչպիսի վերագնահատման անհրաժեշտություն կլինի, սա արդեն կախված է հետագա զարգացումներից: Այսինքն՝ ինչպիսի վիճակում կլինենք մենք թե′ ռազմական, թե′ քաղաքական իմաստով: Եվ դրա համար է նաև, որ այսօր արվող հայտարարությունները ես ավելի շատ հակված եմ դիտարկել վարվող ռազմաքաղաքական, դիվանագիտական տակտիկական անհրաժեշտությունների համատեքստում»:
Հետաքրքրվեցինք՝ կապ տեսնո՞ւմ եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի՝ հոկտեմբերի 22-ին արված հայտարարությունների միջև, քաղաքագետը պատասխանեց՝ ուղիղ կապ չի տեսնում, քանի որ կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ամեն օր ունենում է հարցազրույց տարբեր լրատվամիջոցներում և Պուտինն էլ պարբերաբար հայտարարություններ կարող է անել: Ըստ նրա՝ ընդհանուր համատեքստային, շրջանակային տրամաբանությունը կապված է ծանր պատերազմին զուգահեռ ընթացող բավականին բարդ քաղաքական բանակցությունների հետ, և այդ գործընթացի մարտավարական խնդիրների շարքում պետք է դիտարկել այս կամ այն հայտարարությունը, որն անում է ՀՀ վարչապետը կամ ՀՀ-ից որևէ պաշտոնյա, որը զբաղվում է արտաքին քաղաքական հարցերով:
Նիկոլ Փաշինյանը փաստեց, Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Հակոբ Բադալյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ի՞նչ նկատի ունի վարչապետը: Նա ասաց՝ չի կարող մեկնաբանել, թե կոնկրետ ինչ նկատի ունի վարչապետը, բայց կարող է ենթադրել՝ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը, եթե խոսի խաղաղապահների մասին, ապա դրանց կազմում անպայմանորեն դիտարկելու է նաև թուրքերի մասնակցությունը: Նա նկատեց՝ նաև Իլհամ Ալիևն էր իր հարցազրույցներից մեկում խոսել այն մասին, որ խաղաղապահներին իրենք էլ դեմ չեն, բայց այդ դեպքում իրենք իրենց քաղաքական պայմանները պետք է ներկայացնեն: Այս առիթով Հակոբ Բադալյանն ասաց. «Բնական է՝ այդ հանգամանքն անընդունելի է լինելու նաև Հայաստանի համար: Երբ մենք փորձում ենք խաղաղապահների թեման առարկայորեն բացել, մենք տեսնում ենք՝ սա չափազանց բարդ և մոտ լինելու շատ քիչ հնարավորություններ պարունակող թեմա է: Եվ ըստ այդմ, այս թեմաներով հայտարարությունները պետք է այս պահին դիտակել տակտիկական պայքարի շրջանակներում»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի այն փաստմանը՝ եթե Հայաստանն ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր՝ մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի է և մեր հարցին՝ սա նշանակո՞ւմ է արդյոք, որ այս պահին հարցի լուծումը ռազմի դաշտում է, Հակոբ Բադալյանն արձագանքեց. «Դե, մենք տեսում ենք, որ այս փուլում հարցի լուծումը ռազմի դաշտում էլ չէ: Այսինքն՝ մենք տեսնում ենք ծանր պատերազմ, որտեղ իսկապես որևէ լուծման հեռանկար չկա: Այսինքն՝ Ադրբեջանը և Թուրքիան որևէ ռազմական խնդիր, որը շրջադարձ կապահովի իրենց համար, լուծել չեն կարողանում, և այստեղ պարզապես այն է, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիան ընդամենը չեղարկում է դիվանագիտական լուծման որևէ հնարավորություն, որովհետև շատ պարզ է՝ եթե Ադրբեջանն իր կողմից որևէ փոխզիջում չի դիտարկում, իսկ այդ փոխզիջումը նվազագույնը ընդունելի Հայաստանի համար կարող է լինել միայն կարգավիճակի հարցը, ապա բնական է, որ դիվանագիտական լուծման որևէ ճանապարհ այստեղ արգելափակվում է: Բայց միևնույն ժամանակ մենք արդեն այս մեկամսյա պատերազմում տեսնում ենք, որ չկա նաև ռազմական որևէ լուծում, և դրա մասին են բոլորն ասում Ադրբեջանին ու Թուրքիային»:
Ըստ քաղաքագետի՝ մենք գտնվում ենք պատերազմի ծանր փուլում և քաղաքական ու դիվանագիտական ծանրագույն դիրքային պայքար ենթադրող գործընթացում: Եվ այստեղ մենք պետք է ձևակերպենք մեր խնդիրները և ինչպես ռազմաճակատում ռազմական խնդիրներն են ձևակերպվում ու լուծվում, նույն կերպ նաև պիտի փորձենք քաղաքական ճակատում ապահովել մեր այդ խնդիրների լուծումը: Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ մենք պիտի արձանագրենք՝ քաղաքական ուղղությամբ որևէ արդյունք մեզ համար ապահովում է բանակը որպես նվազագույն ելակետ: Եվ ըստ այդմ՝ մեր ազգային և պետական խնդիրն է ապահովել բանակի թիկունքի ամրությունը, թույլ տալ, որ բանակը մշտապես այդ ամրությամբ լուծի իր ռազմական խնդիրները, որ մենք կարողանանք քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել արդեն դիվանագիտական ուղղությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ