Այս օրերին զինվորներին իրենց աջակցությունը սկսեցին ցուցաբերել նաեւ երեխաները: Ով ինչ կերպ կարողացավ, գումար հավաքեց ու փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ գործից հետ չմնացին նաեւ վանաձորցի երեխաները: Մարզկենտրոնի թաղամասերից մեկում, բակի դպրոցահասակ տղաներով հավաքվել ու որոշել են իրենց հասակակիցների պես իրենք եւս օգտակար լինեն բանակին:
Տղաներից ամենամեծը՝ Ալենը, 13 տարեկան է: Բանակին օգնելու նախաձեռնությունը հենց իրենն է: Ընկերներն էլ որոշել են միանալ ու այն միասին կյանքի կոչել:
Պատրաստում են դրոշմանիշեր, էջանշաններ ու պիտակներ: Շրջում են քաղաքի փողոցներով, վաճառում, ստացված հասույթն էլ փոխանցում են հիմնադրամին. «Մեծերից մեզ ոչ մեկը չի օգնում, մենք ենք ամեն ինչ անում: Մարդկանց մոտ 30 տոկոսը չէին հավատում, եւ ասում էին, որ կարող է դուք մեզ խաբում եք եւ գումար չէին տալիս: Բայց այսօրվանից նաեւ կտրոնն ենք ցույց տալիս, որ մենք իսկապես փոխանցել ենք գումարը»:
Կարդացեք նաև
Գումարը կոպեկ-կոպեկ հավաքում են, թղթադրամ դարձնում ու շտապում բանկ: Երկու օրվա մեջ հավաքել են շուրջ 240.000 դրամ: Այն արդեն հիմնադրամի հաշվին են փոխանցել: Սակայն առաքելությունը ավարտված չեն համարում, աշխատանքը շարունակում են. «Մենք այս ամեն ինչը անում ենք գիտակցաբար՝ մեր հայ զինվորների համար: Եվ հասկանում ենք, որ իրենք ամեն անգամ իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են մեզ ու մեր հայրենիքը: Սա մեր պարտքն է ու պարտականությունը»,- ասում է տղաներից Համլետը:
Բացի այդ, ընկերները շրջում են քաղաքի տարբեր հատվածներում ու անիվներ հավաքում: Դա էլ գիտեն՝ սահմանին նաեւ անիվների կարիք է զգացվում: Զորամասերից մեկի հետ արդեն պայմանավորվել են, սպասում են, երբ անհրաժեշտություն լինի, իրենց նույնպես կտեղեկացնեն. «100 հատ անիվ ենք հավաքել: Գնացինք զորամաս, հարցուփորձ արեցինք, ասեցին, որ երբ պետք լինի, կասեն»,- ասում է 12-ամյա Արմանը:
Իսկ տղաներից ամենափոքրը 9-ամյա Ալեքսն է, ծննդյան օրն է նշում: Ի տարբերություն նախորդ տարվա ցանկություններին, այս տարի այլ երազանք է բարձրաձայնում. «Ուզում եմ, որ մեր հայ ազգը միշտ անկախ լինի, մեր հողերը վերադառնան մեզ ու բոլոր չար երկրները վերանան»:
Իսկ այն կազմակերպությունները, որոնք օգնել են տղաներին նկարները տպելու հարցում, նաեւ զեղչեր են արել, ինչը եւս օգնել է երեխաներին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ