Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոսովոյի օրինակով Արցախը եւս պետք է անջատվի հանուն փրկության»

Հոկտեմբեր 23,2020 14:16

«Ահաբեկիչներին պետք է վերացնել եւ նոր մտածել խաղաղության ապահովման մասին, ահաբեկիչների առկայության դեպքում խաղաղություն չի կարող լինել». «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
Նարինե Դիլբարյանը:

– Նախօրեին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի: Ադրբեջանի արձագանքը չուշացավ. Իլհամ Ալիեւը անմիջապես հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն սատարում է բանակցային գործընթացին: Տպավորություն է, որ այս պատերազմի արդյունքում դերերը փոխվեցին, քանի որ երեք տասնամյակ շարունակ հակառակն էր տեղի ունենում: Ձեր գնահատմամբ սա լա՞վ է, թե՞ վատ՝ նկատի ունենալով միջազգային հանրության մշտական, առավել եւս այս պատերազմի ընթացքում դրսեւորված, կրավորական կեցվածքը:

– Վարչապետը շեշտադրում էր գոնե այս փուլը, կարծում եմ՝ նրա ուղերձի այդ հատվածն ուղղված էր Ադրբեջանին, որ չկասկածի, թե մենք ընկրկելու ենք իրենց վերջնագրից: Համոզված եմ, որ Հայաստանի բոլոր քայլերն ապացուցում են՝ մենք ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների ձեւաչափով խնդրի կարգավորման ջատագովն ենք, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միշտ էլ առաջնորդվել է ողջամտության չափորոշիչներով, այսօր էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական լայն գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում, կառավարությունը եւս, արտագործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է, իսկ վաղը կլինի ԱՄՆ-ում: Միջազգային հանրության կեցվածքի կրավորականությունն անշուշտ առկա է, բայց մարտադաշտում եւ դիվանագիտական հարթակներում մենք դեռ հաջողություններ ու հաղթանակներ ունենք արձանագրելու:

– Սերժ Սարգսյանը չի համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ, որ Կազանում սպառվել է Արցախի հարցի խաղաղ լուծման տարբերակը: Ի՞նչ կասեք այս մասով: Նաեւ՝ հայկական դիվանագիտությունն այս պատերազմի ընթացքում առավել շեշտադրում է Արցախի անկախության հարցը: Արցախի անկախությունը կարո՞ղ է անվտանգության երաշխիք լինել:

– Արցախի անկախության ճանաչման գործընթացը հին ակունքներ ունի, տարբեր հիմնավորումներով այն հետաձգվել է, բայց այս անողորմ պատերազմը, որ սանձազերծեց Թուրքիան, կլանելով ալիեւական Ադրբեջանը, ներգրավելով ջիհադական գրոհային ահաբեկիչների՝ ապացուցեց, որ առաջնային է դառնում «անջատում փրկության համար» բանաձեւը, որը կիրառվեց Կոսովոյի տարբերակում, Կոսովոն ճանաչեցին բազմաթիվ երկրներ, եւ դրանով հակամարտությունը լուծվեց, ու ստեղծվեց նախադեպ: Այո՛, Կոսովոյի օրինակով Արցախը եւս պետք է անջատվի հանուն փրկության ահաբեկիչ եւ մարդկության դեմ հանցագործություններ կատարած ու կատարող թուրքական Ադրբեջանից: Հայատյացությունն Ադրբեջանի քաղաքական առանցքն է, նրանք պահանջում են Արցախն առանց հայերի, սա էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականություն է:

– Ի դեպ, կարծես նորից ադրբեջանահայ փախստականների հարցն է շարունակում անտեսվել՝ նաեւ հայկական կողմից: Համենայնդեպս, այդ մասին պետական մակարդակով կրկին չի խոսվում:

– Համոզված եմ՝ այդ հարցն էլ կբարձրացվի բոլոր հնարավոր ատյաններով՝ ապացուցելու Ադրբեջանի իրական մտադրությունը՝ ունենալ տարածքներ առանց հայ բնակչության, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի սոսկալի վավերագրերը պետք է վեր բարձրացնել, գումարած Շահումյանի եւ Գետաշենի հայաթափման փաստագրությունը. ոչ ոք ոչինչ չպիտի մոռանա: «Անջատում հանուն փրկության» բանաձեւը ուղղակի վերաբերում է Արցախին եւ հայ բնակչությանը:

– Նախօրեին տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ ՀՀ եւ Արցախի նախագահները հանդիպեցին: Զրույցի թեման Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Հանդիպումից շատ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ակնհայտ է, որ այդ հանդիպումն անարդյունք չի կարող անցնել: Ի՞նչ սպասել, ի՞նչ ակնկալիքներ կան առհասարակ:

– Թշնամու առաջ պետք է միասնական բռունցք դառնալ, հայրենական պատերազմում չկան ներկաներ եւ նախկիններ: Արցախյան հարցի ակունքներում կանգնած նախագահները իրենց մոտեցումների բոլոր տարբերություններով հանդերձ կարող են մարտավարական եւ ռազմավարական տարբեր ուղղություններ առաջարկել իշխանությանը: Հայրենիքին ծառայելը բոլորի պարտքն է, դրանից խուսափելը՝ ազգադավություն:

– Նախօրեին, Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն էլ կարծես առանձնակի արդյունք չտվեց, համենայնդեպս իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ավելին, երեկ արդեն տեղեկություններ եղան, որ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ Իրանի խաղաղ բնակավայրերը: Զարգացումներն ի՞նչ ընթացք են ստանում: Կոնֆլիկտը արցախաադրբեջանականից կվերափոխվի՞, Ձեր կարծիքով:

– Ակներեւ է, Էրդողանական Թուրքիան մտադրվել է ամեն գնով նվաճել Հարավային Կովկասը, նրանք Ադրբեջանին դարձրել են խամաճիկ իրենց համաթուրքական ծրագրերում, Թուրքիան «գուժում է» Մինսկի խմբի եռանախագահների մահը, խոսում իր միջամտության վճռորոշ լինելու մասին, Ռուսաստանին խայծեր է առաջարկում «միասին գործելու», եւ այստեղ պարզորոշ է, որ Թուրքիան մարտահրավեր է նետում բոլորին՝ առաջնորդվելով «խնդիրներ եւ թաքուն կամ բացահայտ հակամարտություն բոլոր հարեւանների ու դաշնակիցների» հետ սկզբունքով, այս առումով մեր պատերազմն արդեն վերածվել է Հարավային Կովկասում մեծ հակաահաբեկչական հակամարտության, որտեղ Հայաստանն ունի մարտավարական ու ռազմավարական դաշնակիցներ:

– Այս պատերազմական օրերին բավական ինտենսիվ քննարկվում է նաեւ հակամարտության գոտում ռազմական դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման հնարավորությունների հարցը: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ինչ վերաբերում է ռազմական դիտորդներին եւ խաղաղապահներին, ապա ահաբեկիչներին պետք է վերացնել եւ նոր մտածել խաղաղության ապահովման մասին, ահաբեկիչների առկայության դեպքում խաղաղություն չի կարող լինել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031