«Մենք հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կրթությունը եւ երեխաները տուժում են որպես առաջնային օղակներ: Երբ նայում ենք միջազգային կառույցների օրակարգը, այնտեղ միշտ շեշտվում է այն գաղափարը, որ բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, իրենք կարեւոր են, ինչը ենթադրում է, որ անկախ նրանից, թե երեխան որ տարածքում է, ինչ սեռի է, ինչ ազգի, պետք է նրա կրթության իրավունքը գերակա համարվեր, բայց, ցավոք, տեսնում ենք, որ կա անտարբերություն, լռություն Արցախի երեխաների ոչ միայն կրթության իրավունքի, այլեւ ընդհանրապես կյանքի ամբողջական իրավունքների նկատմամբ:
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ամեն դեպքում այն խնդիրը, որ միջազգային կազմակերպությունները պետք է կարողանային իրավիճակ փոխել, զարգացում ապահովել, մինչդեռ դա այնքան էլ չի հաստատվում: Մենք նորից տեսնում ենք, որ ագրեսորական դրսեւորումները կամ պետությունների շահերը շատ ավելի գերակա են դառնում, քան հումանիտար օրակարգերը կամ երեխաներին վերաբերող խնդիրները»,- «Մեդիա կենտրոնում» կայացած առցանց քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Կրթական քաղաքական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի խոսքով, ամենամեծ խնդիրը, որին ականատես ենք հերթական անգամ՝ այն է, որ միջազգային կառույցները, որոնք կոչված էին պաշտպանելու մարդու իրավունքները, համամարդկային արժեքները, այս պահին, բացի ոչինչ չասող դեկլարատիվ հայտարարություններից, առաջ չեն գնում, գործուն մեխանիզմներով չեն փորձում հանդես գալ իրենց իսկ հռչակած իրավունքների պաշտպանությամբ:
Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, նրա խոսքով, ճնշումներից հետո միայն մի զգուշավոր հայտարարություն է տարածել, որտեղ ընդամենը դատապարտում է, բայց ոչ ավելին. «Դասերից, որ բոլորս քաղել ենք, հասկացել ենք, որ այդ կառույցները ոչինչ չեն անում, բայց դա չի նշանակում, որ պետք է դրանից թեւաթափ լինել, ընդհակառակը՝ պետք է այդ կառույցների վրա շարունակել ճնշում գործադրել եւ ստիպել, որ գնան եւ տեղում ծանոթանան վիճակին»,-ասաց Լուսինե Խառատյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, Արցախի չճանաչված լինելը չի կարող արդարացնել միջազգային կառույցների, այդ թվում ՅՈԻՆԻՍԵՖ-ի առաջնային պարտավորությունների չկատարումը, կառույցի ներսում եղած բյուրոկրատիան եւ անտարբերությունը, եւ հարկ է, որ ինքներս փաստագրենք իրավիճակը, հիմնավոր պահանջներ ներկայացնենք այդ կառույցներին ու ստիպենք անել իրենց աշխատանքը:
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Օքսանա Ենգիբարյանը նշեց, պատերազմի առաջին իսկ օրվանից իրենց կրթահամալիրը բացել է դռները Արցախի, Վարդենիսի երեխաների համար, մոտ 30 երեխա արդեն ընդգրկված է ուսումնական գործընթացում: «Այս պահին նաեւ ներքին համաճարակային խնդիրների դեմ ենք պայքարում, եւ երկու հերթով կազմակերպվեց ուսումնական գործընթացը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա ուսումնական գործընթացից»,-ասաց Օքսանա Ենգիբարյանը:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Քնարիկ Ներսիսյանը՝ անանջատ համարելով երեխայից իր կրթության իրավունքը, իրենց հաստատության փորձը ներկայացրեց: Ասաց, որ ունենալով տարիների կենսունակ կապեր Արցախի հետ, պատերազմից օրեր հետո Արցախի դպրոցները եւ գործընկերները իրենց հետ կապեր են հաստատել, իրենց հիմնադիրն էլ պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Երեւանում եւ երեւանամերձ հատվածներում բնակվող արցախցի երեխաների կրթությունը:
Նրա խոսքով, այժմ ունեն կրթության փոխանակումների կացարաններում ապրող արցախցիներ, շուրջ 160 արցախցի է ներառված կրթության մեջ:
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, հայաստանյան դպրոցներն արդեն փորձ ունեն Սիրիայից եկած երեխաների հետ աշխատելու: Սակայն, նրա խոսքով, մեկ այլ խնդիր կա՝ համաճարակով պայմանավորված՝ հայտնի չէ, արդյոք ուսուցումը հետագայում հեռավար ձեւո՞վ է շարունակվելու, որովհետեւ այդ պարագայում դպրոցների վիճակը կբարդանա, եւ ինտեգրման խնդիրը դժվար կլինի լուծել:
«Այժմ մենք միանգամից երկու աղետի դեմ ենք կանգնած՝ պատերազմ եւ համաճարակ, որոնք միասին բարդ իրավիճակ են ստեղծում երեխաների եւ կրթության համար…Ինչո՞ւ հնարավոր չէ ստեղծել միջազգային այնպիսի մեխանիզմ, որ բոլոր այն երկրները, որոնք պատերազմ կսկսեն վարել այս իրավիճակում, նրանց հանդեպ պատժամիջոցներ կիրառվեին»,-ասաց կրթության փորձագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Արեգ Բալայանի. Շուշի 22.10.2020