Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ներսեսյան․ Ադրբեջանը և Թուրքիան պատասխանատու են Հարավային Կովկաս ահաբեկիչներ բերելու համար

Հոկտեմբեր 23,2020 12:23

Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը հոկտեմբերի 23-ին առցանց քննարկում էր կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար» թեմայով։

Քննարկման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը անդրադարձավ պատերազմի մեջ Թուրքիայի գործոնին՝ նշելով, որ Թուրքիան է դրդում Լեռնային Ղարաբաղի պատերազմը․ «Բռնկումից ի վեր Ադրբեջանը և Թուրքիան վարում են այս անխոհեմ արշավը։ Նրանք ադրբեջանական բանակի ողջ ծանրությունը օգտագործում են 140 000 մարդու դեմ, և ինչով էլ, որ ավարտվի այս պատերազմը, այն կմնա ռազմական պատմության մեջ իբրև աննախադեպ դեպք, երբ փոքր ազգը իր հողն է պահպանում՝ անկախ այդ հսկայական ուժերից, որոնք հարձակվում են իրենց վրա և օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ իսրայելական անօդաչու թռչող սարքեր, թուրքական անօդաչու սարքեր, գերճշգրիտ հրթիռներ և շատ այլ ռազմամթերքներ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը գիտակցաբար, թե անգիտակցաբար դառնում է ահաբեկչական հանգույց․ «Ինչով էլ սա ավարտվի, Ադրբեջանը և Թուրքիան պատասխանատու են Հարավային Կովկաս ահաբեկիչներ բերելու համար, և նաև ապակայունացման լուրջ հիմքեր ստեղծելու համար, որոնք կարող են ազդել տարածաշրջանում բոլոր հարևան երկրների վրա»։

Վարուժան Ներսեսյանը շեշտեց, որ նրանց գլխավոր նպատակն է վերացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ էթնիկական զտումներ կատարելով և փաստի առաջ կանգնեցնելով․ «Պետք է նրանց հավաստիացնել, որ ոչ մի կերպ չեն կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիմադրությունը։ Անօդաչու թռչող սարքերի, հրթիռների քանակով հնարավոր չէ կոտրել փոքրաթիվ բնակչության կամքը, որոնք ապրում են իրենց հողի վրա և ցանկանում են շարունակել ապրել՝ խաղաղ և ազատ»։

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան՝ միջազգային հանրությունը պետք է սկսի դիտարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչումը․ «Այստեղ այլ տարբերակ չկա։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատրաստվում է կռվել, և Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, պատրաստ է գործադրել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց գոյությունը և ապահովել նրանց անվտանգությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031