Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր պետք է դնենք տեղական արտադրությունը զարգացնելը, որը կփոխարինի ներմուծումներին. սա ռազմավարություններից մեկը կարող է դառնալ Հայաստանի համար». Գագիկ Մակարյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 23,2020 11:31

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

– Պարոն Մակարյան, ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա։ Այս արգելքը ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենա, և որքանո՞վ է հնարավոր արագ փոխարինող շուկաներ գտնել։

– Թուրքական ապրանքների փոխարինման պրոցեսը, բացի տնտեսականից, կունենա նաև սոցիալական նշանակություն, որովհետև թուրքական ապրանքների վաճառքի մեջ ընդգրկված են հիմնականում միկրո և փոքր ձեռնարկություններ։ Թուրքիայից խոշոր ներկրողներ կան միայն, եթե դրանք որոշակի սննդի տեսակի են տիրապետում, և որ հայկական ընկերությունները բերում են տեխնոլոգիական սարքավորումներ՝ ժամանակին ալրաղացներ, հոսքագծեր։ Հիմա դա էլ է փոխվել, որովհետև առաջ ներկրվող ապրանքների տեսականին շատ մեծ էր, 6400-ից ավելի ապրանքատեսակ, իսկ հիմա բերվում է մոտ 3500 ապրանքատեսակ՝ մոտ 280 միլիոն դոլար արժողությամբ։ Եվ այդ ապրանքները հիմնականում շինարարական նյութերի տեսակներ են, կենցաղային սարքավորումներ են, կտրող-ծակող, կենցաղում օգտագործվող գործիքներ են, հագուստ և կտորեղեն է և այլ ապրանքատեսակներ։ Հիմա դրանից ելնելով, երբ որ մենք ասում ենք տնտեսական հետևանքներ, ապա պետք է հաշվի առնել նաև սոցիալական հետևանքները։ Հազարավոր ձեռնարկությունների, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ գնում են Թուրքիա, ապրանք են բերում, կամ այստեղից վերցնում են ու վերավաճառում են։ Ընդ որում՝ նրանց ստացած օգուտն այդքան էլ շատ չէ։ Հետևաբար՝ թուրքական ապրանքների փոխարինման պրոցեսը պետք է լինի այնքան սահուն ու այնքան վարպետորեն կազմակերպվի, որ ցնցումներից խուսափենք։ Կարելի է էլի այնպիսի ապրանքներ բերել, որոնք կապահովեն թուրքական ապրանքների փոխարինումը և որ դրանք թանկ չլինեն, որ ներկայիս մարժան մնա։

– Իսկ հնարավո՞ր է այդպիսի շուկաներ գտնել այլ երկրներում։

– Հիմա այդպիսի շուկաներ մի քիչ դժվար կլինի գտնել, որովհետև նման էժան ալտերնատիվային երկրներ, շուկաներ շատ չեն։ Չինաստանը բավականին հեռու երկիր է, և կոմունիկացիաները բարդ են։ Մնում է Իրանը։ Իրանն էլ ամեն ինչ չէ, որ ունի, և Իրանի հետ կապված էլ խնդիրներ կան՝ իրանական բիզնես մշակույթի խնդիրները։ Երրորդը մնում է ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, որոնք կարող են նման ապրանքներ մատակարարել Թուրքիային մոտիկ գներով։ Չորրորդ տարբերակն էլ Եվրոպան է, բայց այդ ապրանքները ավելի թանկ են։ Բայց կա հինգերորդ ուղին, որ շատ ապրանքներ արտադրվեն Հայաստանում, խթանվի տեղական արտադրությունը։ Շատ բաներ կարելի է արտադրել տեքստիլի ոլորտում, կտորեղենը կարելի է բերել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Բելառուսից կամ Տաջիկստանից։

Գործիքներ ևս կարելի է արտադրել Հայաստանում։ Շինանյութերի տեսակներ կան բավականին, որ արդեն իսկ Հայաստանում արտադրվում են։ Դրա համար էլ ներմուծումն ահագին նվազել է։ Էլի բաներ կան, որ կարելի է ավելացնել։ Կարելի է ընդլայնել ու լավացնել հումքերի արտադրությունը, դռների փականների արտադրությունը կարելի է ընդլայնել ու լավացնել։ Այսինքն՝ պետությունը պետք է ունենա որոշակի քաղաքականություն։ Տեղական արտադրությունները խթանելը չպետք է թողնվի զուտ բիզնեսի հույսին, այլ պետությունը պետք է սուբսիդավորի, օգնի, ուղղորդի, աջակցի, որպեսզի արտադրությունները հեշտ ընդլայնվել։ Բայց, իմ կարծիքով՝ մի քանի ամիս մենք դեռ խնդիրեր կունենանք, որովհետև այդ անցումը արագ տեղի չի ունենա, քանի որ ապրանքատեսականին շատ- շատ է։ Եթե մի քանի տասնյակ անուն ապրանք լիներ, ապա դա շատ հեշտ կլիներ կոորդինացնել, կամ այլ երկրում գտնել նման անուն ապրանքներ։ Բայց քանի որ ապրանքները շատ բազմազան են, շատ տարաբնույթ են, ապա դա որոշակի խոչընդոտ կառաջացնի։ Սակայն պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում մենք սա կանցնենք։ Շատ կարևոր է, որ սա այսպես են անում։ Եվ խնդիրը չպետք է Թուրքիան լինի։ Մենք խնդիրը պետք է դնենք տեղական արտադրությունը խթանելը, զարգացնելը, որը կփոխարինի ներմուծումներին։ Սա ռազմավարություններից մեկը կարող է դառնալ Հայաստանի համար։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031