Մի քանի օր է՝ մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր քաղաքական ուժեր ջանում են իրենց աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ պատերազմական այս ծանր իրավիճակում հայրենիքին որեւէ կերպ օգնելու հարցում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն առայժմ մերժում են՝ սկզբում 13, ապա՝ 14, հիմա էլ 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկը։
Երկու օր առաջ այդ կուսակցությունները նորից էին հավաքվել իրար գլխի, տեղեկություն կար, որ ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք վերջապես հանդես կգան արմատական հայտարարությամբ՝ ավելի առարկայական արտահայտելով իրենց մտահոգությունները, գուցե նաեւ հստակ քայլերի կդիմեն, քանզի դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումներից դժգոհ ու այլայլված էին դուրս եկել։ Բայց, ավաղ, ընդդիմադիր ուժերը նորից բավարարվեցին հերթապահ մի հայտարարությամբ, որ քննարկել են ստեղծված ծանր իրավիճակը։ Ասում են՝ իրենց մեջ էլ որոշակի անհամաձայնություններ կան, չեն կարողանում այսքան շատ կուսակցություններով ընդհանուր համաձայնության գալ կոնկրետ անելիքների, մասնավորապես՝ հայտարարության տեքստի շուրջ, դրա համար է նաեւ, որ այդպես առկախվում է ամեն ինչ եւ մնում օդից կախված։
«Համաձայնության չգալու հարց չկա, այսինքն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նաեւ այն տեղեկությունները, որ ունենք եւ տիրապետում ենք, դրա շուրջ քննարկում ենք արել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ»,- իրենց վերջին հանդիպում-քննարկման վերաբերյալ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե ինչն էր խանգարում, որ հստակ հայտարարությամբ հանդես չեն գալիս, Սաղաթելյանն ասաց․ «Բայց ո՞վ էր ասում, որ պետք է ամեն քննարկումից հետո հայտարարությամբ հանդես գանք։ Հանդիպումներ ունենում են երկրի պատասխանատու քաղաքական ուժերը, եւ մենք արդեն հայտարարություն արել ենք, ոչ թե մի հատ, այլ՝ երեք հատ, վերջին հայտարարությունն էլ շատ հստակ ձեւակերպում ուներ, որ ստեղծված իրավիճակից ելքը պետական հատուկ օպերատիվ մարմին ստեղծելն է, որտեղ պետք է մեկտեղվեին ներուժ, փորձառություն ունեցող մարդիկ, եւ համապատասխան ելքեր գտնել՝ այս վիճակից դուրս գալու համար»։
Իսկ հնարավո՞ր է՝ ի վերջո մանրամասնեն, թե Փաշինյանի հետ փակ հանդիպումներում ինչ են խոսել, ինչ է բարձրաձայնվել։ Սաղաթելյանն ասաց՝ իրենք պայմանավորվածություն ունեն, որ չեն խոսելու, բայց նաեւ ակնկալում են, որ այդ մասին իշխանությունները կխոսեն։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր «լայվում» որոշակիորեն գաղտնազերծեց, թե ինչ է խոսվել իրենց փակ հանդիպումների ժամանակ, այն է՝ մեզ պարտադրում են, որ Արցախը կապիտուլյացիայի ակտ ստորագրի, ինչին ինքը դեմ է, ուստի այլ ելք չկա, քան մինչեւ վերջ կռվելն ու պայքարելը։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
16 ընդիմադիր կուսակցությունները թող 16 զորախումբ ստեղծեն և գնան ռազմաճակատ: