Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ մարտական փորձառություն ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի անդամները

Հոկտեմբեր 23,2020 10:36

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական առաջին ջոկատը մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման: «Հրապարակի» տեղեկության համաձայն՝ «Նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու»:

«Քաղաքացիական պայմանագրի» 2016-ի ջոկատը

Հիշեցնենք, որ ՔՊ-ականները ջոկատ էին կազմել նաեւ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ռազմական գործողություններին չմասնակցեցին:

Այս նոր կամավորական ջոկատի հրամանատարը «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է։ ԱԺ կայքում հրապարակված նրա կենսագրականում տեղեկություն չկա զինծառայություն անցած լինելու մասին: Սակայն կա նշում, որ 2016-ին պարգեւատրվել է ՊՆ-ի «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Ջոկատում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության կայքում հրապարակված կենսագրականում դարձյալ որեւէ նշում չկա զինծառայություն անցած լինելու մասին, սակայն նշված է. «2016 թ. Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»:

Զինծառայություն անցած լինելու մասին նշում չկա նաեւ կամավորական ջոկատի անդամ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պարագայում: Նրա պաշտոնական կենսագրությունում մասնավորապես նշված է, որ «Բանակն իրականում» խմբի անդամ է, եւ «2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նույնպես Արցախում է. այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: Նա լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Բերձորում տրամադրությունը հաղթական է»: Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Հակոբ Արշակյանը 2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ու նաեւ, որ 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Ջոկատի կազմում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ ժամանակին հայտնի որպես «Նավակ ճոճող»: Նրա պաշտոնական կենսագրությունը կենտրոնի կայքում չկա, սակայն մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Վիլեն Գաբրիելյանը զինծառայություն անցել է, նաեւ ունի բուժծառայության լեյտենանտի կոչում:

Դառնանք ՔՊ կամավորական ջոկատի անդամ խորհրդարանականների մարտական փորձառությանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանը 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը 1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը 1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ էր արել կամավորագրվել, զենք վերցնել ու գնալ ռազմաճակատ ու կանգնել հերոսների կողքին կամ նրանց տեղը եւ հասնել մեկ նպատակի՝ հաղթանակի:

Մինչ այդ կոչն արդեն՝ ՀՅԴ-ն հերթափոխով 4 կազմավորումներ ուղարկել էր ճակատ:

«Ադեկվադ» միաբանության կամավորները եւս ավելի վաղ են մեկնել ճակատ:

Կոչից հետո հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցությունն էլ է ջոկատ կազմավորել, որը ղեկավարելու է կուսակցության ղեկավար՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Ջոկատ չկազմավորելու մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը. «Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։ Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։ Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։ Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031