Վաշինգտոնում կկայանան ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, սակայն նա ևս մեծ մասամբ հոռետես է վաշինգտոնյան հանդիպումների հարցում,-գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Դժվար է երկխոսել հակամարտող կողմերի հետ, երբ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, շեշտում է նախկին դեսպանը:
«Դիվանագիտությունը աշխատում է այն ժամանակ, երբ դադարում են ռազմական գործողությունները»,- ընդգծում է Կազլյարիչը:
Նրա կարծիքով կրակի դադարեցման, ինչպես նաև մշտական զինադադարի հաստատման ու խնդրի կարգավորման բանալիները գտնվում են Երևանում ու Բաքվում: Կողմերն իրենք պետք է որոշումներ կայացնեն այս կապակցությամբ: Խոշոր տերությունները կարող են միասնաբար ճնշում գործադրել կողմերի վրա՝ կրակը դադարեցնելու համար, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ անհատական նախաձեռնությունները ըստ նրա սովորաբար ձախողվում են:
Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ երկու կողմերի ղեկավարները համաձայնություն էին հայտնել հանդիպելու Մոսկվայում: Կողմների միջև դիրքրոշումները, սակայն, շարունակում են մնալ հակասող: Եթե հայկական կողմը պնդում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին, Ադրբեջանը պատրաստ է միայն ԼՂ հայերին տրամադրել մշակությային ինքնավարություն: Երկու կողմերի ղեկավարներն ընդունելի են համարել խաղաղապահ ուժերի ու դիտորդների տեղակայումը հակամարտության գոտում: Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ դեմ չէ խաղաղապահների ու դիտորդների տեղակայմանը, սակայն Բաքուն այս առիթով ունի իր պայմանները: Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանը որպես փոխզիջումային տարբերակ չի բացառել ռուս խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում։
Կարդացեք նաև
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ