Երեսպաշտության գագաթնակետեր
- Ադրբեջանական
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ դեմքով հայտարարում է, թե ինքն ուզում է, որ Լեռնային Ղարաբաղում կողք կողքի ու համերաշխ ապրեն տեղաբնակ հայերն ու 27-28 տարի առաջ այնտեղից հեռացած ադրբեջանցիները՝ որպես Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ, ոմանք հարց են տալիս, թե դա հնարավո՞ր է արդյոք։ «Իհարկե հնարավոր է, — պնդում է Ալիևը, — մենք անեն ինչ կանենք, որ այդպես լինի»։ Ու շատերը հավատում են, թե Ալիևը դա ասում է ամենայն անկեղծությամբ։ Բայց քչերի մտքով է անցնում հարցնել, թե նա կուզե՞ր, որ Բաքվից ու Սումգայիթից վտարված հայերը նույնպես վերադառային իրենց նախկին տները։ Ալիևը բնականաբար դրական պատասխան կտա ու նույն հավաստիացումները կանի։ Իսկ եթե հարցնեն, թե այդ դեպքում ինչո՞ւ կազմակերպվեցին Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, Ալիևը հավանաբար մեղքը կգցի նախկին իշխանությունների, գուցե և … հայերի վրա։
Ցավոք, Ալիևին չեն հարցապնդում, թե ինչու են թիրախավորվում Արցախի խաղաղ բնակիչները, նրանց տները։ Մի՞թե խաղաղ համակեցության ձգտող իշխանությունը կռմբակոծի «իր քաղաքացիներին» ու կզրկի սեփական բնակավայրերում ապրելու հնարավորությունից՝ կիրառելով նույնիսկ կասետային ռումբեր։ Սա էլ հո նախկիննե՞րը չեն անում։ Այսպիսի հարցադրմանը Ալիևը հավանաբար կպատասխանի, որ իրենք միայն ռազմական նշանակության թիրախներ են խոցում, ցավոք, ձեռքի հետ տուժում են նաև խաղաղ բնակիչներ ու նրանց ունեցվածքը։ Գուցե ասի նաև, որ դա արվում է ի պատասխան Գյանջայի ռմբահարումների։ Այսինքն ի՞նչ է ստացվում. սեփական քաղաքացիների վրեժը լուծում են … «սեփակա՞ն քաղաքացիներից»։
Ինչ էլ պատճառաբանեն, միևնույնն է, փաստն այն է, որ հանցավոր կերպով ռմբահարում են նրանց, ում երեսպաշտորեն համարում են «Ադրբեջանի օրինական ու իրավահավասար քաղաքացիներ», որոնց հետ պատրաստ են ապրելու «հաշտ ու համերաշխ»։
Կարդացեք նաև
«Արդյունքում» ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարզապես ոչնչացնում կամ տեղահանում են «իրենց հայ քաղաքացիներին»։ Իսկ դա նշանակում է էթնիկ զտում և ի վերջո՝ ցեղասպանություն։
- Եվրոպական
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացվող այս հանցագործությունը աշխարհում շատ շատերի ձեռք է տալիս, գոհացնում է, նույնիսկ հրճվանք է պատճառում, ու նրանք դա չեն էլ թաքցնում։ Ընդհակառակը, խրախուսում են Ադրբեջանին ու ջանում կրակին յուղ լցնել։ Բայց դա, եթե լինեին միայն մահմեդական ծայրահեղականներն ու ահաբեկիչ գրոհայինները, կարելի էր «ըմբռնումով մոտենալ»։ Ցավոք սրանց թվին պետք է դասել նաև, օրինակ, անդրազգային «Բրիթիշ պետրոլիում» նավթարդյունաբերող ընկերության (կենտրոնակայանը՝ Լոնդոնում)՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանային ղեկավարությանը (հանձին դրա նախագահ Հարի Ջոնսի), որ պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին հայտնում է իր աջակցությունը «տարածքային ամբողջականության վերականգնման» համար Ադրբեջանի պայքարին։
Այսինքն՝ նրա համար Բաքվի նավթը, «բնականաբար», ավելի թանկ է, քան անմեղ հայերի հեղվող արյունը։ Դաժան, անմարդկային պատմությունը կրկնվում է «քաղաքակիրթ» աշխարհի, «ժողովրդավար ու ազատական» միջազգային հանրության, մարդասիրություն քարոզող պետությունների ու կազմակերպությունների աչքի առաջ։ Իրենց «քաղաքակիրթ» ու «մարդասեր» համարողների համար առաջնայինը մնում է անձնական նյութական շահը։ Այդ Հարի Ջոնսը նաև շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ղեկավարությանը նավթագազային կապուղիների անխափան գործունեությունն ու անվտանգությունը ապահովելու ջանքերի համար։ Սա արդեն քծնանք է, քանի որ Հարի Ջոնսը հոգու խորքում անշուշտ շնորհակալ է հայերից, որ մինչ այժմ չեն թիրախավորել նավթամուղը, և եթե գիտի ճշմարտությունը, ապա մտքում մեղադրում է ադրբեջանցիներին պատերազմ սանձազերծելու և նավթամուղն ամենաիրական վտանգի ենթարկելու համար։ Բայց… սեփական շահը պահանջում է լինել «դիվանագետ» ու երեսպաշտ, ցինիկ ու դաժան։ Կապ չունի՝ «բարեկիրթ» եվրոպացի՞ ես, թե՞ բռի ասիացի ահաբեկիչ։
Ահա թե ինչու հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները (մի երկու բացառությամբ), իրենց դաշնակից Թուրքիայի շահերից ելնելով, պատրաստ են սառնասրտորեն նայել, թե ինչպես է Ադրբեջանը հայերի նոր ցեղասպանության գնով նվաճում Արցախը։ Նույնիսկ նրանք, որ ճանաչել ու դատապարտել են Հայոց մեծ եղեռնը։ Ի՞նչ կա որ։ Պետք լինի՝ նոր ցեղասպանությունն էլ կդատապարտեն։ Իսկ կանխել այդ կոտորածը մի՞թե չեն կարող, քանի դեռ ուշ չէ։ Դե, կարող են սկզբունքորեն, բայց, ինչպես ռուս քաղաքագետ վերլուծաբաններն էին վերջերս ասում ՌԴ 1-ին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հեռուստահանդեսի եթերում, «ո՞ր ռուսը կուզի, որ ռուսի արյուն թափվի հայերի համար»…
Ցավալի անկեղծություն։ Իսկ եվրոպացու անկեղծ խոստովանությանն այն է, որ «Թուրքիան մեր կարևոր դաշնակիցն ու գործընկերն է, մենք շահագրգռված ենք, որ նա լինի ուժեղ ու պաշտպանված» (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերն են՝ ասված այս պատերազմի օրերին Անկարայում)։ Այսինքն՝ ամեն ինչ թող լինի այնպես, ինչպես հարմար է Թուրքիային։ Մանավանդ որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, առավել ևս Ռուսաստանի դաշնակիցն է…
- Հայկական
Ցավոք, մենք՝ հայերս էլ անգամ այս օրհասական պահին լիովին չենք թոթափել անձնական կամ խմբային շահից բխող երեսպաշտությունը։ Հայաստանը գրեթե Իսրայելի չափ մի երկիր է։ Բայց, ի տարբերություն մեզ, Իսրայելը, շնորհիվ իր իշխանությունների հեռատես ու ազգանվեր գործունեության, ռազմաքաղաքական այնպիսի ներուժ է ստեղծել, որ նրանից լրջորեն զգուշանում են շրջապատի բոլոր մեծ ու փոքր երկրները։ Մենք էլ կարող էինք այդպիսի ներուժի տեր լինել, եթե ունենայինք նույնպիսի հեռատես ու ազգանվեր, այլ ոչ թե գրդոնչի ու թալանչի իշխանություններ։ Ու մեր ազգային հարստության անխիղճ թալանի, մեր մտավոր ու ստեղծարար ներուժի հանցավոր վատնումի կազմակերպիչ ու մասնակից «նախկիններն» այսօր իրենց «համախմբման» առաջարկով, «օպերատիվ կառավարման շտաբի ձևավորման» պահանջով փաստորեն ոչ թե հայրենիքի փրկության, այլ իրենց վերադարձի ու ռևանշի փորձ են անում։ Մեր երկիրն «80-ականների» մակարդակին թողածները ցանկանում են օգտվել պատերազմական իրավիճակից և դարձյալ իշխանության գալ։ Նրանք ամեն կերպ հասկացնում են, որ կարող են Ալիևի հետ լեզու գտնել ու վերջացնել պատերազմը, բայց ի՞նչ գնով…
Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նրանք երկիրը թալանելու փոխարեն շենացնեին, տնտեսությունը զարգացնեին, ռազմական արդյունաբերություն ստեղծեին, անհրաժեշտ որակի ու քանակի սպառազինություն ու պաշտպանական միջոցներ ձեռք բերեին, այս պատերազմը չէր լինի կամ կլիներ գրեթե առանց զոհերի ու միանգամայն այլ ընթացքով։
Ո՞ւր ես, ռազմակա՛ն տրիբունալ…
Ամբողջ հայությունն իր խնայողություններն է նվիրաբերում հայրենիքի փրկությանը, իսկ որտե՞ղ են թալանված միլիարդները։ Ո՞վ պիտի դրանք հետ բերի։ Արցախ այցելությունները կամ անիմաստ «վերլուծական» ճամարտակությունները ո՛չ մեր վերքին են սպեղանի, ո՛չ էլ թալանչիներին են փրկելու խայտառակությունից։ Թուրքը որ եկավ, ամենաշքեղ դղյակներն էլ իրենց չեն պաշտպանի։
Նախկինները իրենց մեղքը գոնե մասամբ քավելու միայն մի ճանապարհ ունեն։ Նախ անհապաղ ու ամբողջովին վերադարձնեն իրենց թալանածը և ապա կամավորագրվելով մեկնեն առաջնագիծ ու սեփական կյանքը դնեն հայրենիքի զոհասեղանին։
Մնացածը երեսպաշտություն է։
Հ. Զաքարյան