Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին

Հոկտեմբեր 23,2020 12:30

Ռազմաճակատում ունենք հերոսաբար մարտնչող արվեստագետներ, ցավոք, նաեւ զոհեր։ Պատերազմական այս օրերին աշխարհահռչակ արվեստագետները, այդ թվում հայազգի, իրենց բողոքն ու ցասումն են արտահայտում հայերի նկատմամբ դարձյալ ցեղասպանության ախորժակ ունեցող դարավոր թշնամու դեմ։

Իսկ թշնամին տեսնում է, որ նույնիսկ Շուշիի սուրբ Ամենափրկիչ խոցված եկեղեցում կենդանի կատարմամբ հնչում են հայ երաժշտության գանձարանի գոհարներից։

Բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի «Կռունկ»-ի կատարմանը հաջորդեցին այլ կատարումներ էլ, օրինակ, հանրահայտ «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ օպերային թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանի մեկնաբանմամբ եւ այլն։

Թիկունքում էլ տարբեր ոլորտներում ստեղծագործող մեր արվեստագետները, նույնիսկ առաջին քայլերն անող, իրենց զորակցությունն են բերում ռազմաճակատին օգնելու գործում։

17-ամյա դիզայներ Անի Գասպարյանը մեզ հետ զրույցի եկավ հասկանալի պատճառով այն աստիճան հուզված, որ դժվարանում էր խոսել: Զրույցի առաջին րոպեներն էին, երբ ցավալի լուր ստացավ մորից՝ Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին հայտնեց, որ զոհվել է իրենց դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Մնացականյանը։ Ցավոտ լուրերի շարքում Անին նշեց, որ Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի այս տարվա շրջանավարտներից էլ ունեն 3 զոհ…

Մի քանի րոպե լուռ մնալուց հետո Անին ներկայացրեց իր աշխատանքները, որին մենք ծանոթ էինք նրա ինստագրամյան էջից՝ ճերմակ շապիկների վրա ներկայացված են Տիգրան Մեծի, Նժդեհի, Մոնթեի եւ մեր մյուս մեծերի իր վրձնած դիմանկարները։ Իհարկե, այսքանով չի սահմանափակվում նրա նախասիրությունների շրջանակը։ Անիի ստեղծագործական հետաքրքրությունների տիրույթում են մեր եկեղեցիները, պատմական եւ ճարտարապետական այլ հուշարձաններ ու կոթողներ, ինչպես նաեւ հայկական զարդանախշերը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դիզայներական գործունեությունը սկսել է դեռեւս 15 տարեկանից, առաջին աշխատանքները ծնողների հետ ցուցադրել է վերնիսաժում։ Հիմա արդեն «Տաշիր» առեւտրի կենտրոնի 4-րդ հարկի հայկական արտադրության ապրանքների թվում են Անիի աշխատանքները։ Նա որոշել է օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել իր եկամտի մի մասը։

Դիտարկմանը՝ ինստագրամի էջում ունի հազարավոր հետեւորդներ, մեր զրուցակիցն ասաց, որ մինչ պատերազմի սկիզբը ԱՄՆ-ից առաջարկ է ստացել Գլենդելում բացել վաճառքի երկու սրահ։ Հավելեց նաեւ, որ իր արտադրանքը գնահատող գնորդների թվում են նաեւ եվրոպական երկրներից ոչ միայն մեր համերկրացիները։ «Նպատակ ունեմ մասնագիտական կրթություն ստանալուց հետո Ռուսաստանում իմ աշխատանքների սրահը բացել»,- նշեց Անին։

Իսկ թե ինչու հատկապես Ռուսաստանում, նա պատասխանեց. «Նամակագրական կապերի մեջ եմ մոսկվաբնակ հայ դիզայներների հետ։ Մինչ այստեղ գալը ինստագրամյան էջից ծանոթացա արցախյան արմատներով մոսկվաբնակ դիզայներ Հարութ Առուստամյանի մասին, որը հայտնում է, թե իր գործերի վաճառքից ստացած ամբողջ գումարը օրերս ուղղելու է աջակցության հիմնադրամին։ Իսկ մեր հայրենակցի մայրը ծնունդով Մարտակերտից է, հայրը՝ Շուշիից, ընտանիքը հաստատվել է Մոսկվայում, երբ ինքը դեռ նորածին էր։ Գիտեք, մեծ հպարտություն եմ ապրում, երբ այս օրերին ընթերցում եմ հատկապես արտասահմանում բնակություն հաստատած եւ մասնագիտական գործունեություն ծավալած հայ արվեստագետների նման գրառումները։ Հարութը գրել է՝ այժմ հայրենիքս իսկապես օգնության կարիք ունի, այն պետք է մարդկանց, որոնց տներն ավերակների են վերածվել, իսկ կյանքը վտանգված է… Մոռացա նշել, որ մեր դպրոցն էլ անհրաժեշտ պարագաներ է ուղարկել ռազմաճակատ… Միայն թե այս ամենը շուտ ավարտվի, իսկ ավարտն էլ արձանագրվի մեր հաղթանակով, ինչին չենք կասկածում»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031