Լրահոս
Օրվա լրահոսը

Ուստա Վարդանի ուրագը

Հոկտեմբեր 23,2020 12:00

Ջավախք չքնաղ աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում` Ալաստան գյուղում, ապրում էր Վարդանը: Աշխատասեր ու խաղաղասեր Վարդանը, որի ընտանիքը միշտ սիրո մեջ էր ու լույսի: Նա գյուղի հյուսնն էր, փայտագործը, քանդակագործը… Մի խոսքով` վարպետը, ուստան: Գյուղում ապրող մեծից փոքրը նրան ուստա էր ասում, ուստա՛ Վարդան:

Գյուղի տղամարդիկ ամեն տարի, գարունը բացվելուն պես, մեկնում էին արտագնա աշխատանքի` խոպան, եւ վերադառնում Նոր տարվա շեմին` դեկտեմբերի վերջերին: Այդ օրերից սկսած գյուղը կենդանանում, ուրախ աշխույժով էր լցվում: Ակումբում զիլ տժժում էր վառարանը, խոպանից վերադարձածները շախմատ, նարդի ու տամա էին խաղում կամ վառարանի շուրջը խմբված պատմում իրենց քաջագործություններից, սիրավեպերից եւ հիշում հրաշալի անցկացրած օրերի մասին…

Իմ այս պատումի հերոսը` ուստա Վարդանը, խոպան չէր գնում: Նա շատ գործեր ուներ գյուղում, հազիվ էր կարողանում այդ գործերը ժամանակին անել, ավարտին հասցնել: Չնայած իր այդ զբաղվածությանը, ժամանակ էր գտնում փայտի վրա փորագրություններ անելու համար: Վերցնում էր իր որոշ փոփոխություններ կրած, տասնյակ գործիքների փոխարինող ուրագը եւ սկսում տաշել ու տաշտշել, զանազան քանդակներ ստեղծել:

Ինքս շատ հաճախ եմ տեսել նրա աշխատանքը, բախտ ունեցել կանգնելու նրա կողքին: Հիացել ու զարմացել եմ, թե ինչպիսի վիրտուոզ վարպետությամբ է օգտագործում իր զարմանահրաշ գործիքը` ուրագը: Այդ տարիներին էլեկտրական գործիքներ չկային գյուղում, ասենք, հոսանք էլ չկար, եւ ուստա Վարդանն ամեն ինչ անում էր ձեռքով, հիմնականում` ուրագի միջոցով:

Ընդ որում, իր սիրած ու անփոխարինելի գործիքը ոչ մեկի չէր տալիս, ավելի շուտ` չէր վստահում: Գյուղի դարբնին պատվիրել էր սովորական մի ուրագ, որն էլ, կարիքի դեպքում, տալիս էր հարեւաններին: Նա իր ուրագով ռանդում էր, մեխ էր քաշում, օգտագործում էր որպես մուրճ, եւ ուրագի վրա ավելացրած, հարմարեցրած մասով հրաշալի քանդակներ էր անում: Մի խոսքով, գործիքը լավ էր պահում, սրում էր ամենայն խստապահանջությամբ, կարգ ու կանոնով, իսկ գործն ավարտելուց հետո խնամքով մաքրում, դնում ուրագի համար հատուկ կարված կաշվե պատյանի, «հագուստի» մեջ: Ահա, այսպես, պատվաշատ ուստան անդավաճան սիրով կապված էր իր գյուղին, իր ուրագն էր, իր քանդակած շիֆոներները…

Բայց, ցավոք, ամեն ինչ այդպես չմնաց: Օրերից մի օր արտագնա աշխատանքի մեկնող բրիգադներից մեկը կարողացավ համոզել ուստա Վարդանին` միանալու իրեն եւ միասին մեկնելու խոպան: Պայմաններից մեկն էլ այն էր, որ հատուկ պայմաններ են ստեղծելու նրա համար: Այսպիսով, կաշվե պատյանով միակ ուրագը Ջավախքից «հասավ» Ռուսաստան: Տեղի բնակիչները զարմացած էին, հատուկ գալիս էին ուստա Վարդանի վիրտուոզ ուրագի վիրտուոզ աշխատանքով հիանալու:

Որոշ ժամանակ անց Ռուսաստանի խաղաղ ու պայծառ առավոտներից մեկը հանկարծ «լցվեց» ուստա Վարդանի բարձրագոչ հայհոյանքների տարափով: Գողացել էին նրա ուրագը, նրա հույսն ու հպարտությունը: Ուստա Վարդանն իր տեղը պարզապես չէր գտնում: Այդպես` օրեր, շաբաթներ շարունակ… Աշխատանքի դուրս չէր գալիս, ամբողջ օրը զայրանում ու նեղսրտում էր, օղու շիշը դրած սեղանին` շարունակ խմում ու ջանում էր այդպես գոնե մեղմել իրեն պատճառված մեծ ցավը:

Ի վերջո, հույսն արդեն կտրած, հերթական բաժակը դատարկելուց առաջ, չորս կողմը նայեց եւ, ասես, անծանոթի զգուշությամբ դիմելով իրենց ներսի` «ոտնաձայններ չունեցող» գողին, ասաց. «Տարել, տարել ես, քեզ հալալ լինի, մենակ մի բան եմ խնդրում` ուրագս թարս չսրես…»:

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031