ՀՌԱՀ-ը նաեւ դատարաններում է
«Էս մարդը ասում է՝ պետք է դիմակ կրեք, թե չէ՝ կտուգանեմ, երթուղայինը չեմ ախտահանելու, 1 նստատեղի վրա 4 ուղեւորով եք նստելու, շնչելու եք իրար վրա, կորոնավիրուսով վարակվելու եք, որպեսզի ես տուգանեմ եւ ստանամ պարգեւավճարներ, ԱԺ-ն ստանա պարգեւավճարներ եւ հլու-հնազանդ կատարի Սորոսի եւ Ալիեւի հրահանգները: Այս մարդը հայ չէ, միտքը հայկական չէ, գործունեությունը հայկական չէ». հեռուստահաղորդման ժամանակ հնչեցված այս արտահայտությունները ՀՌԱՀ-ը գնահատել է որպես թիրախավորված արտահայտություններ:
Ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին, եւ արդյոք հեռուսահաղորդաշարի կասեցումը չի՞ հայտնվի ՄԻԵԴ քննարկման օրակարգում, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Առավոտին»:
Հոկտեմբերի 19-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը լսեց տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ եւ «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերը:
Կարդացեք նաև
Ներկայացնեմ լավ լուրը. Հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց բավարարել «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» հեղինակազորման համար ներկայացրած հայտերը:
Իսկ վատ լուրն այն էր, որ Հանձնաժողովը կիրառեց վարչական տույժ` «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ գրավոր նախազգուշացում, հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր:
Հանձնաժողովը որոշում կայացրեց նաեւ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ եւ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով: Վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած «թիրախավորված արտահայտությունները»:
Մասնավորապես, ըստ ՀՌԱՀ որոշման, հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի կողմից իրականացված հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կազմվել է արձանագրություն՝ «Հեռարձակողի կողմից («Արմնյուզ ՖՄ» լսողական ծրագրի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի եթերում ժամը 15:11:13-ին) Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման (45 րոպե տեւողությամբ) հեռարձակման ընթացքում հնչեցվել են հավաստիությունը չստուգված փաստեր եւ չհիմնավորված արտահայտություններով եւ, այսպես կոչված՝ գնահատականներով նպատակաուղղված թիրախավորել են Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ նրա ընտանիքը՝ փորձելով ստեղծել անվստահության եւ խուճապային մթնոլորտ երկրում եւ թշնամական վերաբերմունք վարչապետի անձի եւ գործողությունների նկատմամբ: Արձանագրվել է նաեւ, որ հնչել են ակնհայտ կեղծ մեղադրանքներ՝ ուղղված ՀՀ բժիշկներին, կասկածի տակ են դրվել 2 բժշկական համակարգի կողմից տարված աշխատանքների եւ ոչ միայն բժշկական, այլեւ հետազոտական տվյալների հիման վրա հաղորդված ինֆորմացիայի հանդեպ՝ նսեմացնելով բուժաշխատողների աշխատանքը Covid-19-ի դեմ պայքարում»:
Համաձայն արձանագրության՝ նշված արարքը համապատասխանում է գործող օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հատկանիշներին: Նշեմ, որ Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին հոկտեմբերի 3-ին ծանուցել էր հեռարձակողին եւ հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները եւ բացատրությունները: «Հայելու առաջ»-ի նկատմամբ 30 օր ժամկետով կասեցումը նորույթ է, մինչ այդ վարչական վարույթ էր հարուցվել, զգուշացում:
Հանձնաժողովն իր որոշման մեջ արձանագրել էր. «Ակնհայտ է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, հետագայում կարանտինով դրա փոխարինումը, ապօրինաբար չէ սահմանված, ուստի միայն այսքանը բավարար է փաստելու սուտ մատնության փաստը: Ավելին, նշված հաղորդման ընթացքում մեղադրանքներ են հնչեցվում ՀՀ վարչապետի եւ կառավարության այնպիսի աշխատանքի մասին, որը հատուկ է թշնամու պահվածքին, նաեւ կորոնավիրուսի դեմ օրնիբուն պայքար իրականացնող բժիշկները մեղադրվում են իրենց բուժման տակ գտնվող հիվանդների սպանության մեջ: Ավելի քան ակնհայտ է այս փաստերի կեղծ լինելը, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հաղորդումը հեռարձակվել է ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում, ավելի է բարձրացնում դրա հանրային վտանգավորությունը եւ նման հաղորդումների բացառումը կարեւոր նշանակություն ունի»:
Հանձնաժողովականները ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաղորդումն ուղիղ եթերով չէր հեռարձակվում, նախoրոք տեսագրված էր, եւ «Արմնյուզ ՖՄ» լսողական ծրագրի եթերում հեռարձակված այդ նույն հաղորդումը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին եւ 26-ին «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության («Արմնյուզ» տեսալսողական ծրագիր) կողմից եթերում հեռարձակված հաղորդման ձայնաշարի կրկնությունն էր, հետեւաբար, հեռարձակողը տեխնիկական եւ ժամանակային հնարավորություններ ուներ հանել հաղորդումից այն դրվագները կամ հաղորդումն ամբողջությամբ, այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սեպտեմբերի 27-ին հայտարարվել էր ռազմական դրություն…
ՀՌԱՀ-ի դեմ դատական գործընթացներ կան: Հ2-ը հաղթել է ընդհանուր իրավասության դատարանում` առաջին ատյանում, « Առավոտի» տեղեկություններով՝ գործը վերաքննիչ դատարանում է, «Արմենիան» վիճարկում է կապուղիների տրամադրման հարցը, որը դարձյալ դատարանում է, եւ` Հ2-ը իր գովազդի հետ կապված էլ դատական վեճի մեջ է ՀՌԱՀ-ի հետ:
Ի դեպ, օգոստոսի ութին «Արմնյուզը» դիմել էր վարչական դատարան` ՀՌԱՀ-ի դեմ, նրա մայիսի 19-ի թիվ 37-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին: Դատարանը պահանջել է ՀՌԱՀ-ից գործի բոլոր նյութերը, որոնք հիմք են հանդիսացել վիճարկվող որոշումը կայացնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.– «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով տրվել է նոր հասկացության սահմանում՝ «էթիկայի կանոնագիր», որն օրենքի համաձայն՝ Հեռարձակողի կողմից ինքնուրույն կազմված փաստաթուղթն է սեփական էթիկական նորմերի վերաբերյալ:
Նշված կանոնագիր ունենալը պարտադիր է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթին մասնակցելու համար եւ պետք է կցվի մրցույթի մասնակցության հայտին, որը լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանա լիցենզիայի պայման։ Բացի էթիկայի կանոնագիրը՝ Հեռարձակողի կողմից հայտին կցվում է նաեւ էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, որոնք նույնպես լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայման։ Համապատասխանաբար, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելու դեպքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված են պատժամիջոցներ։
Էթիկայի կանոնագիրը, ինչպես սահմանված է Օրենքում, ընդունվում է Հեռարձակողի կողմից եւ ներառվում մրցութային առաջարկում որպես պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ։
«Առավոտ» օրաթերթ
22.10.2020