Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ դիվերսիոն խմբեր փորձում են խուճապ առաջացնել, լուսանկարելու համար տներ են այրում, անկանոն վիճակ ստեղծում». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 22,2020 23:15

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախաիրանյան սահմանի հատվածում, հատկապես որ Ադրբեջանի նախագահը հայտարարել  է, թե իրենց զորքերն ամբողջությամբ են վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը: Այս հարցին ի պատասխան` ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հետեւյալը հայտնեց ճեպազրույցում. «Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր եւ լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եվ եթե ինչ-որ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վերաբերյալ հարցին, թե հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն 2000-ից ավել զոհ, եւ երկու կողմերի զոհերի թիվը մոտենում է 5000-ի, մինչդեռ մինչեւ այս պահը տեղեկացվել է հայկական կողմի 874 զոհի մասին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարզ չէ՞, որ ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում էր, միանշանակ հակառակորդը, Ադրբեջանի զինված ուժերը եւ տարատեսակ հրոսակախմբերը, որ նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ մեր զոհերի թիվը գերազանցող զոհեր: Դա քննարկումից դուրս է եւ բացարձակ ճշմարտություն է»:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու  բնակավայրեր եւ  փորձում խուճապ առաջացնել, երբեմն ընդամենը լուսանկարելու համար. «Երբեմն էլ բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն վիճակ: Խնդրում եմ՝ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն եւ հատկապես ՏԻՄ մարմիններին, որոնք զինված ուժերի, պահեստազորի հետ համագործակցված են աշխատում, չտրվել խուճապի, լինել կազմակերպված: Այդ խմբավորումները որպես կանոն շատ փոքր են լինում եւ մեկ գրագետ հակահարվածից հետո փախչում են բնակավայրերից եւ երկար ժամանակ չեն վերադառնում այդ բնակավայրերը: Դրա ամենավառ վկայությունը Հադրութ եւ Ֆիզուլի քաղաքներն են:

Այս մարտավարությունն իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր, փորձելու են այս ուղղությամբ շարժվել առանց լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների աջակցության եւ առանց իրենց սիրված ԱԹՍ-ների, հետեւաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացնելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031