«Բոլորդ անընդհատ աճող թվերից տեղյակ եք, տեսնում եք, որ վերջին օրերին ունենք կորոնավիրուսային հիվանդությունների աննախադեպ աճ: Օրը շուրջ 500 դեպքով ավելի դեպք է գրանցվում նախորդ օրվանից: Սա մեր բոլորի պատասխանատվությունն է, մեր բոլորի վարքագծի արդյունքն է»,- հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
«Դրա հետեւանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առաջ, եւ մենք տեղ չունենանք ծանր հիվանդներին հոսպիտալացնելու, չնայած անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում: Այսօր շուրջ 2000 հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում: Բայց բազմաթիվ են նաեւ դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպիտալացնելու, եւ նրանք դեռ սպասում են, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում, որպեսզի կարողանանք տեղավորել: Կամ մարդը մի քանի օր բուժվելուց եւ վիճակը կայունանալուց հետո դուրս են գրվում, որպեսզի կարողանանք հաջորդին ընդունել»,-հավելեց տիկին Պարոնյանը:
Նրա ձեւակերպմամբ, «Պատերազմական իրավիճակում, երբ մեր բոլորի հայացքը, սիրտը ռազմաճակատի կողմն է, կորոնավիրուսը երկրորդ պլան էր մղվել եւ մենք մեր վարքագծով հասանք այս վիճակին: Մեր առողջապահական ռեսուրսները, բժիշկներն ավելի շատ անհրաժեշտ են մեր զինվորին, ռազմաճակատին, դրա համար պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ այս աննախադեպ աճը կանգնեցնենք եւ թվերը նվազեցնենք: Մենք արդեն լավ փորձ ունենք՝ 10 ամսվա մեր պայքարը կորոնավիրուսի դեմ սովորեցրել է, որ երբ պարտադիր են լինում դիմակներ կրելը, երբ խստացվում են համաճարակային կանոնները, պահպանվում սոցիալական հեռավորությունը, հատուկ ուշադրություն է դարձվում ձեռքերի ախտահանմանը, ունենում ենք դեպքերի թվի նվազում: Ցավոք, դրանից հետո հանգստացանք, որ կարող ենք հաղթահարել համաճարակը, բայց կախված նաեւ պատերազմական իրավիճակից՝ այս ամենը կրկին մղվեց երկրորդ պլան»:
Լուսինե Պարոնյանը կոչ արեց չմոռանալ կորոնավիրուսի մասին, սթափվել եւ խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները. «Սիրելի անկախության սերունդ, մենք այդքան հպարտանում ենք ձեզանով, գիտենք, որ ավելի տեղեկացված եք, ինքներդ կարող եք օրինակ հանդիսանալ ձեր կարգապահությամբ, խստապահանջությամբ: Դիմակը պետք է ճիշտ կրել: Դիմակը ծնոտին կամ թեւին կրելը դեռ դիմակ կրել չէ: Ճիշտ է երիտասարդնոերը թեթեւ են տանում հիվանդությունը, բայց կարող են վարակը տանել իրենց տներ, վարակել ընտանիքի ավագ անդամին, ինչը առողջական խնդիրերի դեպքում կարող է նրանց համար ճակատագրական լինել…Մենք պետք է ունենանք առողջ թիկունք, որպեսզի կարողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը»:
Կարդացեք նաև
Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ռազմաճակատում վարակը կանխելու ուղղությամբ, որտեղ մեծ թվով կամավորներ են մեկնում, արժե՞ արդյոք նախապես թեստավորում անցկացնել: Այս հարցին ի պատասխան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբանը նշեց. «Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, ճշտվում են բոլոր շփված անձինք, ինքնամեկուսացվում են, բոլորի տվյալները փոխանցվում են նաեւ Պաշտպանության նախարարությանը, որպեսզի հնարավորինս կանխարգելենք վիրուսի արտահոսքը դեպի ռազմաճակատ: Քանի որ ոչ միշտ է հայտնի, թե ով երբ է մեկնում ռազմաճակատ, թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել: Բացի այդ, Արցախում աշխատող մեր ընկերների կողմից անընդհատ իրականացվում է հսկողություն եւ հետազոտություններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ