Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հակված եմ հավատալու ՀՀ պաշտոնական տվյալներին՝ անկախ այն բանից, թե մեր բարեկամ երկրի որ ղեկավարն ինչ տվյալ կհրապարակի». Գոռ Գեւորգյանը՝ Պուտինի ասած զոհերի թվի մասին

Հոկտեմբեր 22,2020 22:44

«Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ադրբեջանի հարձակման ու արցախյան հակամարտության մասին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել: Սոցցանցերում մի մասը գտնում է, որ շատ հայանպաստ հայտարարություն էր, որովհետեւ խոսեց հակամարտության հիմքերի մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այլ այն սկսվել է էթնիկ դիմակայությունից, մի մասն էլ տարակուսած է Էրդողանի հասցեին նրա գովեստի խոսքերից ու հրապարակած զոհերի թվից:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանն ասաց, որ Պուտինի հայտարարությանը պետք է նայել ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից. «Միանշանակ պետք է փաստենք այսօրվա իրավիճակին համահունչ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են սերտ համագործակցության ընկալման շրջանակներում եւ այդ համագործակցությունը միանշանակ նպաստում է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը եւ պետք է նաեւ նպաստի ենթադրաբար այս ստեղծված իրավիճակից շուտափույթ լուծում գտնելուն: Առանձին ձեւակերպումներին կարծում եմ նպատակահարմար չի անդրադառնալը, որովհետեւ հրապարակային խոսքեր են եւ պետք է հասկանանք, որ գոյություն ունի «ռեալ պոլիտիկ» եւ դա ենթադրում է այն, որը չի արտահայտվում ամբողջությամբ այս կամ այն ղեկավարի կողմից: Մենք ընդհանուր պետք է նայենք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման որակական դինամիկան, եւ այս առումով շատ հստակ է, որ համագործակցությունն ամբողջությամբ համապատասխանում է մեր այսօրվա ունեցած օրակարգային հարցերին: Դրա մասին նաեւ խոսեց վարչապետը՝ անցած օրը իր ելույթում: Այս շրջանակներում ամեն ինչ ավելի քան հստակ է»:

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, բայց Պուտինը հավասարության նշան է կարծես դնում, ասում է՝ առանձնահատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի հետ: Սա նույնպես, ըստ Գոռ Գեւորգյանի, պետք է դիտարկել այլ կերպ. «Արտաքին քաղաքականության մեջ երկու հարթակ կա՝ ռեալ պոլիտիկն է եւ այն, ինչ ասվում է հրապարակային: Հաճախ դրանք կարող են իրար հետ ոչ համահունչ լինել, դա ցույց է տալիս պատմությունը: Հարցին պետք է նայենք ամբողջական ու հայեցակարգային տեսակետից ու այդ ժամանակ մեզ հուզող հարցերը ավլի բյուրեղացվում են ու ավելի հստակ են դառնում»:

Հարցին՝ այստեղ շատ մտահոգել է հատկապես Պուտինի հերքումը մեր պաշտոնական տվյալները՝ պատերազմի զոհերի հետ կապված, նա ասում է, որ երկու կողմից կա ավելի քան 2000-ական զոհ, երբ մեր տվյալները չեն համընկնում այս թվի հետ, սա ո՞նց եք բացատրում՝ Գոռ Գեւորգյանը պատասխանեց. «Ես հերքում չեմ տեսել: Ես լսել եմ ընդամենը կարծիք, հերքում չկա: Ես ինքս հակված եմ հավատալու ՀՀ պաշտոնական լրահոսով ներկայացվող տվյալներին՝ անկախ այն բանից, թե մեր բարեկամ երկրի որ ղեկավարը, կամ որ քաղաքական գործիչն ինչ  տվյալ կհրապարակի: Այդպիսի բան ելույթում չի եղել, որ գիտեք, մենք հերքում ենք այն, ինչ պաշտոնական ասվում է: Մենք պետություն ենք ու մեր պետական մարմինների կողմից հրապարակված թվերն են մեզ համար առաջնահերթ, մենք հավատում եւ վստահում ենք այդ հրապարակված թվերին: Հիմա կողքից մեր բարեկամ պետության ղեկավարը ինչ թիվ կհրապարակի, դա մեր պաշտոնական թվերի հետ չպետք է որեւէ առնչություն ունենա: Ես հակված եմ վստահելու մեր պաշտոնական թվերին»:

Հարցին՝ Պուտինը ի՞նչ հարց է լուծում դրանով, երբ որ թիվ է հրապարակում զոհերի հետ կապված, որը չի համընկնում մեր տվյալների հետ՝ նա պատասխանեց. «Ախր թիվ չի հրապարակել, ինքը ընդհանուր ասել է, որ կան բազմաթիվ զոհեր եւ այդ թիվը կլորացրել է, չգիտեմ, ինչ-որ թիվ է նշել, բայց, նորից եմ ասում, հրապարակման մեջ հերքում չկա որեւէ մի կողմի կողմից, իսկ այն կողմը չի էլ հրապարակում: Մեր կողմից հրապարակած թվի վերաբերյալ որեւէ հերքում չկա, ինքն ասում է,որ կան բազմաթիվ զոհեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031