«Այսօր օրվա ընթացքում հակառակորդը ողջ Արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները՝ տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են ըստ էության տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ` փոքր բնակավայրեր, ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, հարավում շարունակվում են մարտերը, տարբեր հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես արեւմուտք, այնպես էլ հյուսիս եւ հյուսիս արեւմուտք: «Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են՝ որոշ տեղերում հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաեւ զրահատեխնիկայի: Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների, նվազագույն հետեւակի կիրառությամբ: Այսօր որոշ հատվածներում կիրառվել են օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես դասական մարտավարական օդուժ: Ինչպես Պաշտպանության բանակը հայտնեց, խոցվել է եւս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք: Հիմնականում այսպիսին է իրավիճակը»,-ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ