«Հանրային լրագրության ակումբ»-Պատերազմին «դեպքի վայրում» ականատես եղած երեխայի աչքերում ասված ու չասված մի շարք պատմություններ կան, որոնք կարող են լինել շատ նման կամ շատ տարբեր: Նրանց աչքերում կյանքը յուրովի արտացոլանք ունի։
Այս երեխաներից շատերի կյանքում սա առաջին պատերազմն է, ի տարբերություն նրանց ծնողների, տատիկների ու պապիկների, որոնք ականատես ու մասնակից են եղել տարբեր պատերազմների, ներառյալ դեռևս 1988-1994թթ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմը։
Այսօր Արցախի շուրջ բռնկված նոր պատերազմը, որ անսպասելիորեն վերսկսվեց 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, այս երեխաների կյանքը բաժանեց մինչև պատերազմը և պատերազմից հետո հատվածների։ Նրանցից շատերն այսօր դժվարությամբ են նկարագրում խաղաղությունը։
Նարե Անտոնյան, 9 տարեկան, ք․ Մարտակերտ
Կարդացեք նաև
Ես քնած էի, հետո ձայներ լսեցի ու արթնացա։ Հայրիկս ասաց, որ պետք է դուրս գանք տանից։
Մի քանի օր անտառներում էինք, հետո հայրիկս մեզ բերեց Երևան ու հետ գնաց առաջնագիծ։ Ես իր հետ շատ եմ խոսում, ասում է՝ լավ է։
Պատերազմը շատ վատ բան ա, (խմբ․՝ խորը հոգոց է հանում)։
Բոլորը կռվում են, բոլորը փախնում են․ դա պատերազմն է։
Չգիտեմ՝ ինչ անեմ, որ պատերազմ չլինի։ Թող խաղաղություն լինի։ Խաղաղությունն էն է, երբ ոչ մի հիվանդություն ու պատերազմ չկա։ Մարդիկ էլ լավ են ապրում․․․
Ջոնի Բալոյան, 8 տարեկան, ք․ Ստեփանակերտ
Ըմ․․․ Տանկով, որ թխում են (խմբ․՝ խփել, ռմբակոծել), այ էդ պատերազմն ա։
Խաղաղության մասին բան չգիտեմ։
Գոռ Ստեփանյան, 5 տարեկան, ք․ Մարտակերտ
Ես Գոռիկն եմ։ Մենք կռվից եկել ենք ստեղ։ Տատիկիս, մայրիկիս, քույրիկիս, մեկ էլ կուճուր (խմբ․՝ փոքր) ախպերիկներիս հետ եմ եկել, հայրիկս Ղարաբաղում ա, ամեն օր հետը խոսում եմ, ասում ա՝ լավ ա։
Պատերազմը․․․ ըմ․․․ դե ապրում ենք, կռիվը պրծնի, վերադառնանք տուն։
Խաղաղությունն էլ, օրինակ, որ մենք խաղում ենք, նկարում ենք, կավով ու պլաստիրինով խաղում ենք ու ոչ մեկ մեզ չի խանգարում, այ էդ խաղաղություն ա։
Սևակ Միրզոյան, 10 տարեկան, Հադրութի շրջան, գյուղ Դրախտիկ
Պատերազմը մի շատ սարսափելի բան է, որի ժամանակ անդառնալի զոհեր են լինում։ Պատերազմում մարդիկ իրար հետ կռվում են։ Մեր դեմ կռվում են, որ տարածքներ գրավեն, ու որ մենք էլ չապրենք։
Կուզեի, որ էլ ոչ մեկ մեզ վրա չհարձակվի։
Երբ երկինքը խաղաղ է, ամեն ինչ հանդարտ, շատ աղմուկ ու կռիվ չկա, խաղաղություն է։
Միլենա Ավանեսյան, 6 տարեկան, ք․Մարտունի
էն որ իրար հետ կռվում են ու ռումբ են գցում, հիմա այ էդ պատերազմն ա Մարտունիում։ Ամեն տեղ պատերազմ ա, բացի Երևանից ու Ռուսաստանից, ես տենց գիտեմ։
Խաղաղությու՞նը, եսիմ, մտքիցս թռել ա․․․
Պատերազմը պիտի վերջանա՝ խաղաղության համար, որ ոչ մի մարդ վտանգի մեջ չլինի, բոլորը լավ ընտանիք ունենան, ապրեն, չվախենան, պաշտպանված լինեն։
Դանիել Անտոնյան, 6 տարեկան, ք․ Մարտակերտ
Տատիկիս, մայրիկիս ու քույրիկիս հետ եկել եմ Երևան, որովհետև կռիվ էր, կրակում էին։
Մի քիչ բաներ եմ հիշում, օրինակ առաջ գնում էինք ման էինք գալիս, այգի էինք գնում, հետո էլ չգիտեմ, էլ բան չեմ հիշում․․․
Պատերազմը կռիվ ա։ Մենք գնացինք ուրիշ տեղ, հետո այնտեղ էլ թխեցին (խմբ․՝ խփել, ռմբակոծել), հետո մի ուրիշ տեղ գնացինք, էնտեղից էլ եկանք Երևան։
Մեր սահմանը ուզում են վերցնեն, հլը չգիտեմ՝ ինչը կփոխեի պատերազմում, բայց հեչ դուրս չի գալիս, որ կրակում են ու մենք մեր տնից գնում ենք։
Խաղաղությունն էն ա, որ էլ չեն կրակում ու ես մեր տանն եմ։
Յանա Հայրապետյան, 17 տարեկան, ք․ Ստեփանակերտ
Նախորդ օրը (խմբ․՝ սեպտեմբերի 26) մեր քաղաքի տոնն էր, երևի որոշել էին այդպես շնորհավորել, առավոտյան 7։15 անսպասելի ձայներ լսեցի, ինձ թվաց՝ դեռ գիշեր է ու դրանք էլ հրավառության ձայներ են, շարունակեցի պառկած մնալ, բայց հետո մաման եկավ արթնացրեց, հասկացա՝ ինչ է կատարվում, սկսեցի լաց լինել․․․
Պայթյունից հետո իջանք ապաստարաններ, վստահ էի, որ մեզ բան չի պատահի, որովհետև մեր տղաները դիրքերում են։
Էդ 3 օրվա մեջ, որ անցկացրինք ապաստարաններում, հենց տագնապի ազդանշանն անջատվում էր, ուրախանում էինք, դուրս էինք գալիս, 5-6 րոպե շքամուտքի մոտ կանգնում, հետո էլի ռմբակոծություններ էին սկսվում, ներս էինք վազում․․․
Չէի ուզում գալ Երևան, մաման էլ ուզում էր հայրիկի մոտ մնալ, բայց հետո հենց հայրիկի հանգստության համար եկանք Երևան։
Ես խաղաղություն եմ ուզում։ Իսկ խաղաղությունն էն է, երբ դու ապրում ես քեզ սիրելի ու սիրուն քաղաքում ու ոչ ոք քեզ չի զրկում խաղաղ ապրելու քո իրավունքից, խաղաղությունն էն է, երբ առավոտյան արթնանում ես մորդ ձայնից, ոչ թե՝ ռմբակոծության, երբ կարողանում ես հանգիստ դուրս գալ քո բակ։
Արինա Ավագյան, 12 տարեկան, Մարտունու շրջան, գյուղ Ծովատեղ
Առավոտյան վեր կացա, մեր հյուրասենյակում նստած էի, դմբդմբոց սկսվեց, կրակոցների ձայներն էին։ Իջանք տատիկի տուն, ասում էին ամեն ինչ վերջանալու ա, բայց չվերջացավ, որոշեցինք գալ Երևան։
Պատերազմը կենաց-մահու կռիվ ա, չարի ու բարու կռիվ ա․ մենք բարին ենք։
Բարին հաղթում է չարին, վերադառնում ենք տուն՝ մեր գյուղ․ դա խաղաղությունն է։
Տեքստի և լուսանկարների հեղինակ՝
Սոֆի ԹՈՎՄԱՍՅԱՆ