Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանգնեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը

Հոկտեմբեր 22,2020 21:03

Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների բաց նամակը։

Նամակը Նիդերլանդների վարչապետին, արտաքին գործերի նախարարին, խորհրդարանին և կուսակցությունների ղեկավարներին է ուղարկվել հոկտեմբերի 22-ին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը հարձակումներ է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա։ Մենք՝ որպես Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից միակողմանիորեն սանձազերծած ռազմական հարձակումը և շարունակական ագրեսիան տարածաշրջանի էթնիկ հայերի նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանին, որը՝ լինելով 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների և 1948 թվականի՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի մասնակից պետություն, կատարյալ անտարբերություն է ցուցաբերում զինված հակամարտություն վարելու միջազգայնորեն ընդունված չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից սեփական քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական ազատությունների շարունակական ոտնահարումները՝ գտնելով, որ այդ քաղաքացիները ևս համարվում են տուժող կողմ Արցախի դեմ այս պատերազմում։

Ստեփանակերտի, Հադրութի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան ուղիղ գոյութենական սպառնալիք է հայերի համար։ Ի տարբերություն Արցախի ինքնապաշտպանական ուժերի, որոնք ընդամենը պատասխան կրակ են բացել ռազմական օբյեկտների վրա (որի արդյունքում մարդիկ են տուժել Ադրբեջանում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում), Ադրբեջանն ուղղակիորեն ակտիվորեն թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, այդ թվում նաև՝ հիվանդանոց։

Զոհվել և վիրավորվել են մեծ թվով ազգությամբ հայ խաղաղ բնակիչներ՝ ներառյալ ծերեր և երեխաներ, արձանագրվել են նաև ադրբեջանական ուժերի կողմից կատարված վայրագությունների դեպքեր։ Հայերը հերթական անգամ գտնվում են պատերազմի քողի տակ իրականացվող էթնիկ զտման ենթարկվելու վտանգի առջև (տե՛ս այստեղ և այստեղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաշվետվությունները՝ մարդու իրավունքների արձանագրված խախտումների վերաբերյալ)։ Հաշվի առնելով նախագահ Ալիևի և նախագահ Էրդողանի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ գոյություն ունեն ողջամիտ հիմքեր՝ պնդելու, որ ինչպես 1915 թվականին, այնպես էլ հիմա նպատակ է դրված վերացնելու էթնիկ հայերին։

Ռմբակոծելով Վարդենիս քաղաքը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այլ ոչ թե Արցախում, Ադրբեջանն արդեն իսկ հանգեցրել է էսկալացիայի՝ այս ագրեսիվ պատերազմը դուրս բերելով շփման գծի սկզբնական սահմաններից։ Ադրբեջանը ոչ միայն իր զինված ուժերը համալրում է Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններով, այլ ավելին՝ օգտվում է նաև Թուրքիայի աջակցությունից երկկողմ ռազմական հարաբերությունների շրջանակներում, ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության միջոցով։ Ադրբեջանը նաև ներկրում և կիրառում է իսրայելական արտադրության զենք և զինամթերք՝ այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր (այս մասին վկայում է «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, փաստերի համար տե՛ս այստեղ): Ավելին, Ադրբեջանի կառավարությունը գործի է դրելլոբիստների և լրագրողների խոշոր ցանց՝ նպատակ ունենալով «ախտազերծել» թե՛ իր հեղինակությունը և թե՛ իր կողմից սանձազերծած այս պատերազմը՝ զուգահեռ վարելով լայնածավալ կիբերպատերազմ, տարածելով ատելության խոսք, խրախուսելով սփյուռքահայության նկատմամբ բռնության գործադրումը, տարածելով ապատեղեկատվություն թե՛ ավանդական լրատվամիջոցներով և թե՛ սոցիալական ցանցերով։

Եթե հանդուրժենք, որ Արցախի դեմ սանձազերծված այս պատերազմը շարունակվի, այն կվերաճի խոշոր տարածաշրջանային հակամարտության և էլ ավելի խոշոր հումանիտար աղետի։ Աշխարհաքաղաքական շահերից և ինստիտուցիոնալ մակարդակի հասցված հայատյացությամբ դրդված՝ ներկայումս նախագահ Ալիևի կողմից հրահրվող ռազմական ագրեսիան շարունակում է խոչընդոտել տևական խաղաղության հաստատումը։ Խաղաղությունը, սակայն, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի լուծումը գտնելու միակ ուղին է։ Եթե հաշվի առնենք Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ապա տարածաշրջանի հայ բնակչության ճանաչումը որպես Ադրբեջանի հետ բանակցությունների իրավազոր և առանցքային կողմ կարող է լինել միակ քաղաքական միջոցը, որը թույլ կտա կանխել հետագա էթնիկ զտումը հայերի նկատմամբ։ Արցախի հայերը, իրենց իսկ ճակատագրին տեր կանգնելու համար, պետք է հնարավորություն ունենան լինել իրենց անցնելիք ճանապարհի ավանգարդում։

Այսպիսով, մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անմիջապես դադարեցնելու պատերազմական գործողությունները, իսկ երկու կողմերին՝ վերադառնալու բանակցային գործընթացին,

Մենք հորդորում ենք Նիդերլանդների խորհրդարանի մեր քաղաքական ներկայացուցիչներին և Նիդերլանդների կառավարությանը՝

  • դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունները,
  • դատապարտել Ադրբեջանի կողմից թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումները,
  • դատապարտել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ի հրադադարի և հոկտեմբերի 18-ին կրակը դադարեցնելու պայմանավորվածությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին ձեռնարկված սկզբնական հարձակումը,
  • Ադրբեջանի նկատմամբ կիրառել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ՝ վերջինիս կողմից հրադադարի պայմանավորվածությունն իրագործելու նպատակով,
  • պահանջել՝ դիվանագիտական ուղիներով կամ տնտեսական պատժամիջոցների միջոցով, որ Թուրքիան հակամարտության տարածքից դուրս բերի թե՛ իր զինծառայողներին, թե՛ իր ռազմամիջոցները,
  • քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ ներկայիս Արցախի Հանրապետությունը ճանաչվի որպես բանակցությունների առանցքային կողմ։

Եվ, ի վերջո, մենք դիմում ենք մասնագիտական և ակադեմիական համայնքի մեր գործընկերներին և մեր համապատասխան (ակադեմիական) հաստատությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, սատարել մեզ և ստորագրել այս նամակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031