Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնակազմի կյանքը փրկած 34-ամյա գյումրեցի Արթուրն ավարտել էր ռազմական ավիացիոն համալսարանը

Հոկտեմբեր 22,2020 20:30

Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է 34-ամյա գյումրեցի կապավոր Արթուր Գրիգորյանը։ Նա երկու դուստր ունի՝ 3 և 5 տարեկան։

Մարտական ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես բացառիկ հայրենասերի, որն իր ողջ կյանքում չի իմացել՝ ինչ է վախը։

Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում ուներ Կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ․ իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով (տես լուսանկարներում)։

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարշալ  Արմենակ Խամփերյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ու տեղափոխվել Արցախ՝ նշանակվելով  դիվիզիոնի կապի պետ: Մարտական ընկերները փաստում են, որ նա չափից ավելի շատ էր սիրում Արցախը, հատկապես Մատաղիսը, այն կարծես իր ծննդավայրը լիներ։

«Ես առանց Մատաղիսի կյանք չունեմ, եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ Մատաղիսում», -միշտ ասել է նա։ Հենց այնտեղ էլ Արթուր Գրիգորյանն անմահացել է՝ կյանքը տալով հայրենիքին։

Նա անչափ համարձակ ու պատասխանատու է եղել։ Պատերազմի սկսվելուն պես՝ անմիջական մասնակիցն է դարձել թեժ ու ծանր մարտերի։

Ընկերներից մեկը նրա հետ խոսել է զոհվելուց մի քանի ժամ առաջ, հերոսն ասել է՝ հանգիստ եղեք, առաջ ենք գնում, հաղթում ենք։

Տնեցիներին էլ հանձնարարել է՝ երեխաներին լավ նայեն, մինչև որ  վերադառնա հաղթանակը  տոնելու։

Հերոսի կինը՝ Սյուզաննա Պասկևիչյանն ասում է․ «Ամուսնուս՝ Արթուրի համար հայրենասիրությունը նախ և առաջ պատասխանատվություն է յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի, իր ընտանիքի և հայ ազգի խաղաղ գիշերների, հայ մանուկների խաղաղ երկնքի տակ մեծանալու, խաղալու իրավունքի համար։

Հայրենասիրությունը իր համար նրա արժանապատվությունն է, որը վեր է ամեն ինչից։

Վերջին օրերին՝ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ երբեք չի դժգոհել իր մոտ ստեղծված իրավիճակից։ Ընտանիքի անդամների հետ ամեն անգամ խոսելիս ամբողջ հոգով ու սրտով տան կենցաղի հետ էր, չէր կտրվում տան առօրյայից, խոսում էր իր հետագա անելիքներից, որոնք ավաղ կիսատ մնացին․․․

Ամուսինս ունի բարձր մարտական ոգի և հենց այդ ոգու շնորհիվ էլ հերոսի մահով ընկավ։

Իմ կարծիքով պատերազմում գտնվող յուրաքանչյուր մարտիկ կանխազգում է ինչ- որ բան։ Արթուրն էլ էր կանխազգացել, քանի որ գիտակցաբար էր գնացել այդ քայլին։ Նա այնպիսի քայլ է արել, որով փրկել  է իր ողջ անձնակազմի կյանքը, դա նրան հաջողվեց․զոհելով իր կյանքը՝ նա շատերին կյանք պարգևեց»։

Նրա մարտական ընկերը՝ Զավենն էլ  ասում է․ «Մարտական գործողությունների ընթացքում Արթուրը՝ որպես կապավոր, իրեն դրսևորել է բացարձակ գերազանց, իսկ մենք գիտենք, որ առանց կապի ոչ մի գործողություն չես կարող վարել։ Իհարկե, նա իր ուսերին ինքնակամ վերցրել էր նաև այլ պարտականություն ու պատասխանատվություն, քանի որ շատ լավ տեղյակ էր տարածքի ամեն ծակ ու ծուկին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031