Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույց կազմակերպեց Երուսաղեմի հայ համայնքը՝ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Հավաքվածները նախ երգեցին ՀՀ ազգային օրհներգը: Հայ երիտասարդաց միության ներկայացուցիչ Հակոբ Անդրեասյանը հայտարարեց. «Սեպտեմբերի 27-ից ահաբեկիչ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ եւ ռազմական օժանդակությամբ, Իսրայելի ռազմական օժանդակությամբ պատերազմ է հայտարարել հայոց աշխարհի դեմ: Պատերազմն անհավասար է ընթանում: Մենք կռվում ենք ինքնության ճանաչման եւ հայրենի հողը պաշտպանելու, իսկ Ադրբեջանը՝ մի թիզ ավել հող գրավելու, Թուրքիան՝ հայկական հարցը վերջնականապես լուծելու նպատակով:
Հսկայածավալ զենք-զինամթերք տրամադրելուց բացի, նա իսլամիստ ահաբեկիչների է փոխադրել Ադրբեջան: Կան պետություններ, որոնք պայքարում են տեռորիզմի դեմ, իսկ հիմա, երբ հայերը պայքարում են միջազգային տեռորիզմի դեմ, այդ պետությունները զենք են վաճառում Ադրբեջանին: Ահա՜ տեռորիզմի դեմ պայքարողները: Իսրայել, արթնացիր, վիճակը կարող է փոխվել, եւ զենքերը քո դուռը կարող են թակել: Արթնացիր, Եվրոպա, վաղն ահաբեկիչները քո դռներն են թակելու»:
Հակոբ Անդրեասյանը նշեց՝ Իսրայելի իշխանությունից պահանջում են ոչ միայն դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին, այլեւ ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը: Անդրեասյանը շեշտեց, որ Արցախի խաղաղ բնակչության դեմ հանցագործություններն Ադրբեջանի կողմից իրականացվում են թուրքական եւ իսրայելական զենքերով, որոնք արգելված են միջազգային մարդասիրական նորմերով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ