«Մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին» պաստառներով եւ «Հայաստան», «Արցախ», «Հայեր, միացեք», «Հաղթելու ենք» վանկարկումներով այսօր Թբիլիսիում երթ եւ ավտոերթ է տեղի ունեցել: Երթի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի եւ Հունաստանի դրոշներով էին:
Երթը մեկնարկեր է Մեթրոշենի թաղամասից, ապա երթի մասնակիցները քայլել են Կախեթի մայրուղիով: Ցուցարարներին հաջողվել է փակել մայրուղու մի մասը, որը, ի դեպ Թբիլիսիի միջազգային օդանավակայան տանող ճանապարհն է: Ոստիկանները կոչ էին անում ազատել ճանապարհը, բայց ցուցարարներին ժամանակ առ ժամանակ հաջողվում էր դրա մի մասը փակ պահել:
Երթն ավարտվեց Հավլաբար թաղամասի Սբ. Էջմիածին եկեղեցում, որտեղ երթի մասնակիցները մասնակցեցին հանուն Արցախի աղոթքին:
Մինչ երթի մեկնարկը Մեթրոշենի թաղամասում նաեւ փոքր հանրահավաք է կայացել: Ելույթ ունեցողները վրացահայերին կոչ են արել՝ չտրվել սադրանքների, քանի որ պատերազմի առաջին օրերին շատ էր կեղծ տեղեկատվություն տարածվում, այդ թվում նաեւ սոցիալական ցանցերում, որը ըստ գնահատականների, ուղղված էր հատկապես ջավախահայերի դեմ: Որոշ գործիչներ պարզապես օգտագործել են նախընտրական շրջանը՝ ադրբեջանաբնակ շրջաններում իրենց համար ավելի մեծ թվով ձայներ ապահովելու համար: Այժմ, սակայն, ինչպես փաստեցին ելույթ ունեցողները, ինֆորմացիոն հոսքն ավելի «մաքուր» է:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ